
Ապրիլի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանն ընդունեց ՌԴ ԶՈՒ օդատիեզերային պաշտպանության զորքերի շտաբի պետ-օդատիեզերային պաշտպանության զորքերի հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Պավել Կուրաչենկոյին, ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղար Ալեքսանդր Սինայսկուն և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Ստուդենիկինին, ովքեր Հայաստան էին ժամանել ԱՊՀ ՄՊ ՀՕՊ հարցերով համադրման կոմիտեի հերթական 40-րդ նիստին մասնակցելու նպատակով:
Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը և ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՕՊ միացյալ համակարգի հետագա զարգացմանն ուղղված հարցեր, ԱՊՀ մասնակից պետությունների ՀՕՊ բնագավառում երկկողմ և բազմակողմ ռազմական համագործակցության ամրապնդման, ինչպես նաև ԱՊՀ ՄՊ հակաօդային պաշտպանության ինտեգրման և կատարելագործման խնդիրները:
Քննարկումներից հետո Սեյրան Օհանյանը մասնակցեց համադրման կոմիտեի նիստի բացման արարողությանը` հանդես գալով ողջույնի խոսքով: