Կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունը մարտի 13-ին բացասական եզրակացություն տվեց «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության առաջարկին՝ ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման համակարգը չեղարկելու վերաբերյալ։ Այս եզրակացությունը ներառվել է կառավարության՝ չզեկուցվող հարցերի շարքում։

Կառավարության գնահատմամբ՝ այս առաջարկը սկզբունքորեն անընդունելի է։

«Նախագիծը չի բխում կառավարության 2021-2026 թվականների ծրագրով սահմանված քաղաքականության ուղղություններից, որոնց շրջանակում նախատեսվում է ներդնել ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրման արդյունավետ համակարգ։ Այս փոփոխությունը կնպաստի նաև միջազգային փորձում լայնորեն կիրառվող սոցիալական կրեդիտների համակարգի ներդրմանը»,- նշված է կառավարության որոշման մեջ։

Ընդդիմադիրների կարծիքով՝ ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը ժամանակավրեպ է, իր նպատակին հասնելու տեսանկյունից՝ ոչ լիարժեք և ոչ համարժեք։ Բացի այդ, ըստ ընդդիմության, այն քաղաքացիների համար վերածվելու է նոր ու ավելորդ վարչարարության, անիմաստ պարտավորության և տուգանքների աղբյուրի։

«Հայաստան» խմբակցությունը նաև պնդում է, որ այս համակարգը պետության համար կդառնա արդեն իսկ առկա տեղեկատվության կրկնակի կամ եռակի հավաքագրման անիմաստ և անարդյունավետ գործընթաց։ Բացի այդ, ընդգծվում է, որ առկա են մի շարք տեխնիկական և բովանդակային չլուծված խնդիրներ, որոնք վկայում են, որ հարկային մարմինները ևս պատրաստ չեն հայտարարագրերը ընդունելու և մշակելու։




Լրահոս