«Թեև շատերը պնդում են, որ Հայաստանը պետք է ձեռնպահ քվեարկի Ղրիմում Ռուսաստանի գործողությունները դատապարտող բանաձևերի առնչությամբ, նման գործելաոճը, սակայն, անընդունելի է:
Երբ քո ռազմավարական դաշնակցի, բարեկամի դեմ որոշակի գործողություններ են ձեռնարկվում, դու պետք է ապացուցես, թե որ կողմում ես»,-Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով Ղրիմում ՌԴ գործողությունները դատապարտող ԵԽԽՎ ընդունած բանաձին:
«Բազմերանգ հարաբերություններ չկան, որպեսզի կարողանաս երանգների մեջ ընտրություն կատարել կամ խուսանավել: Դու պետք է շատ հստակ ու կոնկրետ դիրքորոշում արտահայտես, և Հայաստանը, ի պատիվ մեզ, արտահայտում է այդ դիրքորոշումը: Որքան էլ փորձեինք ասել՝ մենք կբացատրենք մեր գործողությունները, ճիշտ չէր լինի»,- ասաց պատգամավորը:
Արտակ Դավթյանի խոսքով, Հայաստանը ճիշտ է վարվում, երբ իր շատ կոնկրետ դիրքորոշումն է արտահայտում իր բարեկամ Ռուսաստանի դեմ ուղղված գործողությունների նկատմամբ:
Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն ընդունել է բանաձև, որում Ղրիմի բռնագրավման համար դատապարտել է Ռուսաստանին:
Փաստաթղթին կողմ են քվեարկել վեհաժողովի 154 պատգամավորներ, դեմ` 26-ը, որոնց թվում հիմնականում Ռուսաստանի, Սերբիայի և Հայաստանի ներկայացուցիչներն են:
Անի Ղազարյան