
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը մարտի 12-ին այցելել է Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքի Լուսաշող, Լանջանիստ, Շաղափ եւ Ուրցաձոր բնակավայրեր: Նրան ուղեկցել են Արարատի մարզպետ Սեդրակ Թեւոնյանը եւ Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը:
Համայնքում խնդիրները շատ են` գազաֆիկացման հարց, խմելու ու ոռոգման ջրի վատ որակ, իսկ որոշ տեղերում էլ` բացակայություն, գյուղական ճանապարհների ու էլեկտրաէներգիայի լարերի անմխիթար վիճակ: Ուրցաձորում բնակիչները բարձրաձայնել են խմելու ջրի վատ որակի, դրա եւ ոռոգման ջրի բացակայության հարցը: Նշվել է, որ բնակիչները ջուրը հաճախ դույլերով են տեղափոխում: Ընդգծվել է, որ ջրի բացակայության պատճառով բնակավայրեր են դատարկվում:
Լուսաշող բնակավայրում էլ մտահոգիչ է տրանսպորտի հարցը: Ուսուցիչները հաճախ այլ բնակավայրերի դպրոցներ հասնելու համար օգտվում են տաքսի ծառայություն մատուցող մեքենաներից` ավելի թանկ վճարելով:
Համայնքային հանդիպումների ընթացքում քննարկվել են նաեւ գյուղատնտեսությանն ու անասնապահությանն առնչվող խնդիրներ:
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը կարեւորել է բնակիչների անվտանգության եւ կյանքի բարեկեցիկ պայմանների ապահովումը: Խնդիրներին լուծումներ տալու նպատակով պատգամավորը պատրաստակամություն է հայտնել բարձրաձայնել դրանք պատկան մարմինների առջեւ: