
Հացադուլը ոչ միայն բողոքի, այլ անարդար դատավարության ու իրավիճակի վրա ուշադրություն հրավիրելու միջոց էր. Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
Ռուբեն Վարդանյանը ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում երկու ձայնային ուղերձ է փոխանցել. մեկը հրապարակվում է այսօր, մյուսը նա խնդրել է հրապարակել կիրակի: Նա նաև հայտնել է, որ հաջորդ անգամ կխոսի միայն դատական եզրափակիչ նիստում, բայց միայն այն դեպքում, եթե այնտեղ լինեն միջազգային ներկայացուցիչներ:
Այսօրվա ձայնային ուղերձում նա մասնավորապես նշում է, որ իր հացադուլը ոչ միայն բողոքի, այլև անարդար դատավարության և ընդհանուր իրավիճակի վրա ուշադրության հրավիրելու միջոց էր:
«Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի.
Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ, ցույց տալ, որ այստեղ միայն ինձ չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը, ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել Արցախում, այլ չհեռանալ», – նշել է Ռուբեն Վարդանյանը:
——————————————————
Ռուբեն Վարդանյանի ուղերձը
Այսօր մարտի 12-ն է, իմ հացադուլի 23-րդ օրը: Ես գերազանց վիճակում եմ: Մի մտածեք, ամեն ինչ լավ է: Ես գիտակցում եմ ինչ եմ անում, ինչի համար, և շնորհակալ եմ բոլորին՝ ձեր աջակցության և ապրումների համար:
Ցանկանում եմ դիմել բոլորին և խնդրել (անկախ նրանից, թե ինչպես եք ինձ վերաբերվում) լսել իմ այս ուղերձը: Հուսով եմ՝ այն կլինի պարզ ու հստակ: Ես դիտմամբ ազգանուններ չեմ նշում՝ չցանկանալով ուշադրությունը շեղել անձանց վրա:
Հացադուլ հայտարարելու համար ես մի քանի նպատակ ունեի.
Ցույց տալ, որ չկա իրական դատավարություն, այլ իրականացվում է ձևական դատ,
Ցույց տալ, որ այստեղ ինձ միայն չեն դատում, դատում են բոլոր հայերին և հենց պետությանը,
Ցույց տալ, թե ինչ գին պետք է վճարեին նրանք, ովքեր կցանկանային մնալ ու ապրել այստեղ {Արցախում}, այլ չհեռանալ:
Ուզում եմ ևս մեկ անգամ հիշեցնել ռուսական հեքիաթից հայտնի ընտրության մասին. ընտրություն, որը պետք է կատարվի նժույգի՝ Հայրենիքի կորստի, սրի՝ պատվի կորստի և կյանքի կորստի միջև: Եվ հերոսը պետք է այդ ընտրությունը կատարի, քանի որ տեղում կանգնելը լիակատար ոչնչացում է: Այդ ընտրությունը հեշտ չէ, բայց այն պետք է արվի յուրաքանչյուրի կողմից, այդ թվում նրանց կողմից, ովքեր ապրել էին Արցախում, երբ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ այս ընթացքում և մինչև այդ՝ վերջին երեսուն տարիներին, և մինչ այդ՝ հազարամյակների ընթացքում:
Այս վերջին դատական նիստը վառ օրինակ էր այն բանի, թե ինչ տեղի կունենար, եթե արցախցիները մնային իրենց տանը և ինչ գին կվճարեին դրա համար: Այդ նիստում Ստեփանակերտում ապրող երկու արցախահայ իմ դեմ ցուցմունք տվեցին՝ այդ թվում պնդելով տարբեր անհավանական բաներ: Ընդ որում, նրանք կյանքում ինձ չեն էլ տեսել, բացի այդ, նրանք իրենք էին գտնվում սարսափելի վիճակում, բայց այդուհանդերձ, հանդես եկան դատարանում, և ես նրանց շատ խղճացի:
Մարդն ամեն ինչի համար ինչ-որ գին է վճարում. և այն հայի օրինակը, որին ձերբակալել-տարել էին հենց Կարմիր Խաչի ավտոմեքենայից ու դատապարտել տասնհինգ տարվա ազատազրկման, և այս երկու անձանց օրինակը պարզ զգուշացում է, որ ձեզ ձեր տներում հանգիստ թույլ չէին տա ապրել: Եվ յուրաքանչյուրը ցանկացած պահի կարող էր հայտնվել երեկվա երկու վկաների կամ՝ բոլոր սարսափելի հանցագործությունների մեջ մեղադրվողի տեղում: Ու բոլորովին կապ չունի՝ մեղավոր եք դուք, թե ոչ, կատարել եք այդ հանցագործությունները, թե ոչ:
Ցանկանում եմ առանձին նշել, որ այսօր այստեղ ցուցմունք է տալիս Արցախի նախկին նախագահը, իսկ Արցախի լեգիտիմ նախագահը գտնվում է Հայաստանում, և դա, հավատացեք, մեծապես փոխում է իրավիճակն ու այն խոսքերի կշիռը, որոնք այստեղ ասվում են նախկին նախագահի կողմից:
Զարմացած եմ Հայաստանի ներկայիս ղեկավարության՝ արցախցիների նկատմամբ ատելության խորությունից, և ուրախ եմ, որ խանգարեցի նրանց իրականացնել իրենց ծրագիրը, որը նրանք ամեն կերպ առաջ էին մղում և նպաստում էին, որպեսզի Արցախի որոշ լիդերներ՝ թե գործող, թե նախկին, իրականացնեն ուրիշի կողմից գրաված այդ սցենարը, որպեսզի հետո իրավունք ունենային ասել. «Տեսեք, իսկ նրանց պատճառով զոհվեցին ձեր որդիները: Եվ դուք դեռ մեզ ե՞ք ինչ-որ բանում մեղադրում, իսկ նրանք ծախվեցին ու հիմա ուրախ-զվարթ կարող են ապրել, մինչդեռ դուք այստեղ ողջ կյանքում սգալու եք ձեր հարազատների կորուստը»:
Ուզում եմ բարոյական բոլոր հաշմանդամներին ասել, որ իրենք տանուլ են տվել. նրանք, ովքեր ցանկանում էին դա, և թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում համապատասխան քայլեր էին արել, և բոլոր նրանք, ովքեր հիմա հայտարարում են, թե ինչու մինչև վերջ չկռվեցին, այլ դուրս եկան: Ձեզ չի հաջողվել ոչնչացնել սովորական հայերի պատիվն ու արժանապատվությունը: Ոչ միայն արացախահայության, այլև բոլոր հայերի:
Տեղեկատվության կարգով ասեմ հետևյալը: վերջին ռազմական գործողության ընթացքում մյուս կողմի կրած կորուստների պաշտոնապես ընդունված թիվը չորս անգամ գերազանցում է 44-օրյայի ժամանակ նրանց կորուստների թվին: Թող Հայրենիքի համար ընկածների հիշատակը միշտ վառ լինի:
Հացադուլիս 23-րդ օրը ես որոշել եմ այն դադարեցնել մի շարք պատճառներով և խնդրում եմ բոլոր նրանց, ովքեր միացել էին ինձ, նույնը անել: Համարում եմ, որ վերջին դատական նիստը պարզ ու հստակ ձեզ բոլորիդ ցույց տվեց, թե ինչ էր լինելու ձեզ հետ, եթե դուք մնայիք այստեղ {Արցախում}, և ինչ գին էիք ստիպված լինելու վճարել ձեր տանը, ձեր հայրենիքում ապրելու համար: Երկրորդը՝ ցույց տալ, որ սա ոչ թե դատավարություն է, այլ ձևական դատ, և իմ պահանջները, իմ միջնորդությունները քննարկելու իմ օրինական իրավունքի հերթական մերժումը ցույց է տալիս, որ այստեղ դատավարություն չի լինելու, այս շոուն շարունակվելու է՝ անկախ ամեն ինչից:
Մի քանի օր առաջ իշխանության պաշտոնական ներկայացուցչի ելույթը ցույց տվեց այն ակնհայտ նպատակը, որ դատն իրականացվում է ոչ թե 15 գումարած մեկի, այլ Հայաստանի ղեկավարության ու Հայաստանի դեմ՝ որպես պետության ընդհանրապես, ցանկացած հայի դեմ՝ կապ չունի, որտեղից է նա, եթե անգամ նա Հայաստանից չէ:
Եվ վերջինը: Ով որ ձեզ վախեցնում է հերթական ռազմական պատերազմով՝ նորից մոլորեցնում է ձեզ: Այսօրվա աշխարհում սեփական պետությունն ունենալու իրավունքը տանուլ տալու շատ այլ միջոցներ կան: Արդեն պարտադիր չէ նվաճել ռազմական ճանապարհով, հիմա պատերազմը նորից է շարունակվում, պարզապես հնարավոր է առանց անգամ մեկ կրակոցի նվաճել տեխնոլոգիաների, ֆինանսների, տնտեսական կախվածության, ենթակառուցվածքների, ինֆորմացիայի, քաղաքական պատերազմների միջոցով: Եթե դուք այդպես էլ ապրեք պատրանքներում, թե ամեն ինչ վերջանալու է, և դուք հանգիստ կարող եք ապրել ու վաստակել, ապա դա ինքնախաբեություն է:
Արցախը կորցնելով՝ առաջիկա տարիներին մենք կկորցնենք նաև Հայաստանը, եթե արմատապես չփոխենք մեր վերաբերմունքն այնպիսի հասկացությունների նկատմամբ, թե ինչ է էլիտան, իշխանությունը, պետությունը և թե ով պետք է մեզ ղեկավարի: Լսեք ինձ և մտածեք այդ մասին, քանի դեռ ուշ չէ: Եվ հիշեք, միշտ, ինչպես հայկական հայտնի հեքիաթում, Քաջ Նազարին թագավոր է ընտրում ժողովուրդը, և դա մեր բոլորիս որոշման արդյունքն է, ոչ թե նրա:
Վստահ եմ, որ մեր ժողովրդի մեջ մենք ունենք առողջ ուժեր և որ այս ծանր ճգնաժամը մենք հաղթահարելու ենք, ինչպես որ արել ենք բազմաթիվ անգամներ մեր պատմության ընթացքում և կարողանալու ենք ոչ միայն պարզապես ապրել, այլ՝ արժանապատվ ապրել մեր հայրենիքում: Հիշեք, որ միայն ողջ մարդը կարող է լողալ հոսանքին հակառակ: Բոլորիդ գրկում եմ:
Ձեզ հետ միասին ձեր շարքային հայերից մեկը՝ Ռուբեն:
Մանրամասները՝ տեսանյութում․