
Թեհրանն ու Վաշինգտոնը կապեր են պահպանում և միջնորդների միջոցով արդեն խորհրդակցություններ են անցկացնում Իրանի միջուկային ծրագրի շուրջ։ Այս մասին հայտնել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Iran թերթին տված հարցազրույցում։
Իրանցի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատել է «պատվի, իմաստության և նպատակահարմարության» սկզբունքներով բանակցություններ վարելու Թեհրանի կամքը։ Նախարարը շեշտել է, որ Թեհրանն ուղիղ բանակցությունների մեջ կմտնի ԱՄՆ-ի հետ, եթե Վաշինգտոնը երաշխավորի սպառնալիքներից զերծ բանակցությունները։
«Եթե մենք բանակցություններ սկսենք (ԱՄՆ-ի հետ) այնպիսի պայմաններում, երբ մյուս կողմն առավելագույն ճնշման քաղաքականություն է պարտադրում, ապա ակնհայտ թույլ դիրքերից կմտնենք դրանց մեջ ու ոչ մի արդյունքի չենք հասնի։ Խոսքը համառության կամ իդեալիստական սկզբունքների մասին չէ, այլ մասնագիտական մոտեցման: Պետք է մյուս կողմին ապացուցել, որ ճնշման ռազմավարությունն անարդյունավետ է, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի հավասար պայմաններով նստել բանակցությունների սեղանի շուրջ»,- հավելել է Իրանի արտգործնախարարը։
Ինչ վերաբերում է միջուկային հարցերի շուրջ հնարավոր բանակցություններին, նախարարը նշել է, որ իրենք ունեն ծրագիր և լավ մտածված ռազմավարություն։ Արաղչիի խոսքով՝ նոր գաղափար է առաջ քաշվել Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ առկա խնդիրները լուծելու համար։
«Բանակցություններն ընթանում են անուղղակիորեն՝ միջնորդների միջոցով, ստեղծվել են փոխգործակցության ուղիներ եվրոպական երեք երկրների հետ (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա), մենք համագործակցում ենք ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի և ԱԷՄԳ-ի հետ, և կա նոր նախաձեռնություն՝ լուծելու այն խնդիրները, որոնց շուրջ մենք մտածում ենք», – նշել է նա։
Արաղչիի այս հայտարարությունից առաջ ԱՄԷ-ի պատվիրակությունը նրան էր փոխանցել կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակն՝ ուղղված Այաթոլլա Ալի Խամենեիին։