Փաշինյանը ներկայացրել է խաղաղության պայմանագրի համաձայնեցված 2 դրույթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի՝ չհամաձայնեցված որ երկու դրույթների առնչությամբ է հայկական կողմը համաձայնություն տվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը թեմային անդրադարձել է լրագրողների հետ զրույցում:

«Արձանագրենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի տեքստի վերաբերյալ բանակցություններն ավարտված են տեքստի համաձայնեցմամբ, ինչը, կարծում եմ, կարևոր իրադարձություն է»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը վստահեցրել է, որ այդ տեքստում հանրությունից ոչ մի գաղտնիք չունեն: Ինչ վերաբերում է դրա հրապարակման վերաբերյալ հարցին՝ նա նկատել է.

«Հոդված-հոդված, առանձին, այսպես թե այնպես, հրապարակվել է: Չեմ կարծում, թե կարելի է ասել, որ հանրությունը բովանդակությանը ծանոթ չէ: Այո, հանրությունը տեքստը չի կարդացել, բայց չենք կարող ասել, որ բովանդակությանը ծանոթ չէ: 4 տարի է արդեն, որ բանակցում ենք տեքստի շուրջ, ըստ էության, հայտնի է»:

Նա վերահաստատել է՝ տեքստը պատրաստ է ստորագրման, հայկական կողմը պատրաստ է սկսել քննարկումները ստորագրման ժամկետների և տեղի մասին:

Անդրադառնալով Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությանը, որ պատրաստ են երկկողմ ֆորմատով բանակցություններ սկսելուն՝ Փաշինյանն ասել է.

«Իրենք իրենց պատկերացումներն ունեն, մենք մեր պատկերացումներն ունենք: Ենթադրվում է, որ այդ քննարկումների ժամանակ կփորձենք պատկերացումները մոտեցնել»:

Նա ընդգծել է, որ համաձայնեցված դրույթները վերաբերում են խաղաղության համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետոյին: Չնայած ընդհանուր տրամաբանությունն այն է, որ հիմա պետք է նաև այդ հարցերով որոշ նրբությունների հետ կապված էլ քննարկումներ ունենան:

«Երկու հոդվածներից մեկը վերաբերում էր սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժեր չտեղակայելու վերաբերյալ հարցին: Մյուսը՝ միջազգային ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ վերադարձնելուն և միմյանց նկատմամբ գործողությունների չիրականացնելուն»,–ասել է Փաշինյանը:

Նա հիշեցրել է՝ այդ երկու դրույթների վերաբերյալ բավականին երկար ժամանակ կողմերը առաջարկներ են արել:

«Եվ, ըստ էության, այդ դրույթներն էլ ոչ մեծ, բայց էվոլյուցիա են ապրել: Եվ այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում և, կարծես թե, չի հաջողվելու ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել ենք եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումային տարբերակը, որը կարող է ընդունելի լինել: Եվ այս հանգամանքներում ընդունելի է ՀՀ-ի համար»,–ասել է Փաշինյանը:

Նա հավելել է՝ եթե համաձայնություն է ձեռք բերվել, նշանակում է, որ ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն, և ՀՀ-ն էլ որոշել է, որ այս տեքստը նաև իրեն է ձեռնտու:

«Դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք: Դրույթ առ դրույթ ամեն ինչի մասին խոսել ենք: Մենք կայացրել ենք որոշում, որովհետև համարում ենք, որ սա կոմպրոմիսային տեքստ է, ինչպիսին և կարող է լինել խաղաղության համաձայնագիրը: Այլ ժանր, այլ բանաձև խաղաղության համաձայնագիրը չի նախատեսում»,-ընդգծել է վարչապետը:




Լրահոս