
Բաքվի ռազմական դատարանում երեկ նախատեսված էր Ռուբեն Վարդանյանի գործով հերթական լսումները: Վարդանյանը փետրվարի 18-ից հացադուլ է հայտարարել՝ ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի: Արդեն 23-րդ օրն է, ինչ նա գտնվում է հացադուլի մեջ: Անցած շաբաթ հրապարակված լուսանկարներում Վարդանյանը խիստ հյուծված տեսք ուներ:
Մարտի 5-ին նա ընտանիքի միջոցով ձայնային ուղերձ էր փոխանցել՝ ընդգծելով, որ իր պահանջները նույնն են.
«Եթե դատում եք՝ դատեք պրոֆեսիոնալ կերպով, բաց ու հրապարակային, Ադրբեջանի բոլոր օրենքների ու ընթացակարգերի համաձայն, մյուսների հետ միասին, միջազգային լրատվամիջոցների, դիտորդների ներկայությամբ, եթե այդքան վստահ եք ձեր արդարացիության մեջ: Իմ գործն արհեստականորեն մի՛ առանձնացրեք: Ինչու է իմ գործն առանձնացվում, երբ իմ բոլոր մեղադրանքները կառուցված են նրա վրա, որ ինչպես դուք եք կարծում, ես կազմակերպված հանցավոր խմբի անդամ եմ, որին անդամագրվել եմ 1987 թվականից: Իմ բոլոր հայրենակիցներին, սիրելի ու հարազատ մարդկանց ուզում եմ ասել հետեւյալը՝ դատում են ոչ թե ինձ ու մյուս 15 հոգուն, այլ բոլոր հայերին»,- նշել էր Վարդանյանը:
Դեռ փետրվարի 26-ին Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը հայտարարել էր, որ նրա առողջությունը վտանգված է: Գենսերի մուտքը Ադրբեջան արգելվել է, ուստի նա կոչ էր արել միջազգային բոլոր կազմակերպություններին, որոնք հասանելիություն ունեն Ադրբեջանի բանտարկյալներին, Վարդանյանին այցելելու թույլտվություն ստանալ:
Այս հայտարարությունից անցել է երկու շաբաթից ավելի: Հայտնի չէ՝ երեկվա նիստում Ռուբեն Վարդանյանը առողջական ինչ վիճակում է գտնվել: Չնայած ադրբեջանական դատարանի համար դա որեւէ նշանակություն չունի. նախորդ նիստերում, չնայած Վարդանյանի վատ ինքնազգացողությանը, նրանք շարունակել էին դատավարություն կոչվող իրենց ֆարսը:
Հավելենք, որ այս օրերին Երեւանում ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի նույնպես տեղի են ունենում հացադուլներ։ Ազատության հրապարակում արդեն 12-րդ օրն է, ինչ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը հացադուլ է իրականացնում։
Գրեթե ոչ մի իշխանական պատգամավոր չի այցելել Մանե Թանդիլյանին, իսկ ՄԻՊ Անահիտ Մանասյանին հենց Թանդիլյանը չի ցանկացել տեսնել։
Երեկ Ռուբեն ադրբեջանական ԶԼՄ-ները Վարդանյանի նոր լուսանկարը հրապարակեցին Բաքվի դատարանի դահլիճից։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ ինչ-որ «ականատեսի» տված ցուցմունքի մասին, ով պնդում է, որ Վարդանյանը Ղարաբաղում ստեղծել է «45-50 տարեկան մարդկանց վարձկան ստորաբաժանումներ»։ Արցախի նախկին պետնախարարը հրաժարվում է պատասխանել դատարանի հարցերին՝ դա համարելով շոու եւ իմիտացիա։ Ձայնային իր ուղերձում Վարդանյանն ասել էր, որ դատում են ոչ թե իրեն եւ եւս 15 մարդու, այլ ողջ հայությանը։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՔՆՆԱՐԿՈՒՄ՝ ՍՏՐԱՍԲՈՒՐԳՈՒՄ
Ստրասբուրգում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի շրջանակներում այսօր՝ մարտի 12-ին տեղի կունենա քննարկում Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։ Բրյուսելում թղթակցի փոխանցմամբ` ԵԽ լիագումար նիստում մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության խախտման դեպքերի վերաբերյալ դեբատների շրջանակում եվրախորհրդարանականների ուշադրության կենտրոնում կլինեն նաեւ Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիները՝ «Ադրբեջանի կողմից հայ պատանդների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի բարձրագույն քաղաքական ներկայացուցիչների անօրինական ձերբակալություններն ու կեղծ դատավարությունները» խորագրի ներքո։ Նույն հարցի առնչությամբ հրատապ բանաձեւը քվեարկության կդրվի մարտի 13-ին։
ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՎԵԼ Է
ՍԱՏՄ-ից հայտնում են, որ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչների կողմից «ՀՀ Լոռու մարզի Տաշիր համայնքի N3 նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ի խոհանոցում անցկացված վերահսկողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի ու պահանջների խախտումներ: Խոհանոցի հատակը, սպասքի լվացման տեղամասի պատերը, առաստաղը եղել են անհարթ մակերեսով՝ ոչ նորոգ վիճակում, չի բացառվել առաստաղից մասնիկների թափման հնարավորությունը, եղել են բորբոսի հետքեր։ Ոչ նորոգ վիճակում են եղել սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող աշխատանքային մակերեւույթները: Մասնավորապես՝ աշխատանքային սեղանները, սեղան-դարակաշարերը գտնվել են վատթար վիճակում, մակերեսներն անհարթ են, առկա են ճեղքեր, ինչի պատճառով հնարավոր չէ հեշտությամբ մաքրել եւ ախտահանել։ Չի եղել լվացարան ձեռքերի համար՝ ապահովված տաք եւ սառը ջրով, ձեռքերի լվացման ու ախտահանման միջոցներով եւ չորացման հիգիենիկ սարքերով։ Չի եղել հանդերձարան անձնակազմի համար։ Դպրոցի խոհանոցի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ՝ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։
ՂԵԿԱՎԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Նանե Ղազարյանին կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ նշանակելու մասին: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Նանե Ղազարյանին նշանակել կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ»,- նշված է որոշման մեջ:
ԽՈՍԵԼ ԵՆ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵԽ գործընկերությանը, կազմակերպության աջակցությամբ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին վերաբերող հարցեր: