
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Պարույր Ավագյանը, ներգրավվելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրականացմանը, 2024 թվականի հունիսի 6-ին «Watsapp» հավելվածի միջոցով կապ հաստատելով Արման Հակոբյանի հետ եւ ներկայանալով քրեական հեղինակություն հանդիսացող «Գրեցիայից Արամո»-ի անունից, Արման Հակոբյանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել Արմավիր քաղաքում հանդիպելու վերաբերյալ:
Նույն օրը՝ ժամը 22:00-ից 00:00-ի սահմաններում, Արմավիր քաղաքի Շահումյան փողոցի 3/7 հասցեում գտնվող «Մերսի» ռեստորանում, Արման Արմենի Հակոբյանը հանդիպել է քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակիցներ, խմբավորման մեջ եւ շրջապատում «Չերեմուշկեցի Պրո» մականունով հայտնի՝ Պարույր Ավագյանի, Բաբկեն Կարապետյանի եւ նույն խմբավորման անդամներ հանդիսացող, քննությամբ ինքնությունները չպարզված եւս 6-7 անձանց հետ, որի ընթացքում տեսակապի միջոցով հանդիպմանը մասնակցել է նաեւ արտերկրում բնակվող «Գրեցիայից Արամո» մականվամբ ներկայացած՝ շրջապատում «գող Նոդարի Արամո» մականունով հայտնի, քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ քրեական հեղինակության կարգավիճակ ունեցող՝ Արամ Կարապետյանը:
Հանդիպման ընթացքում մասնավոր հարցերին առնչվող վեճը լուծելու նպատակով խոսակցություն է ծավալվել Արման Հակոբյանի եւ ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի բնակիչ, ազգությամբ ադրբեջանցի ոմն Վախիդի միջեւ առկա գումարային հարցերի վերաբերյալ, որի ընթացքում հանդիպմանը մասնակցող վերը նշված անձանց կողմից Արման Հակոբյանի եւ վերջինիս ընտանիքի անդամների հասցեին հնչեցրած սպառնալիքների եւ ճնշումների ազդեցության տակ՝ իր եւ իր ընտանիքի անդամների անվտանգության վերաբերյալ առաջացած վախից դրդված, Արման Հակոբյանն ընդունել է ոմն Վախիդին իբրեւ թե 1.100.000 ՌԴ ռուբլի պարտք լինելու հանգամանքը եւ պարտավորվել է նշված գումարը փոխանցել «Գրեցիայից Արամո»-ին, նույն ինքը՝ Արամ Սամվելի Կարապետյանին: Գումարը փոխանցելու վերաբերյալ Արման Հակոբյանի համաձայնությունը ստանալով եւ չբավարարվելով ձեռք բերված պայմանավորվածությամբ, անօրինական օգուտ ստանալու նպատակով հանդիպման ընթացքում Պարույր Ավագյանը Արամ Կարապետյանի հրահանգով պահանջել եւ Արման Հակոբյանից իր կամքին հակառակ ստացել է վերջինիս պատկանող եւ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենայի բանալիները եւ տեխնիկական անձնագիրը, ինչի արդյունքում օրեր անց հիշյալ՝ 4.000.000 ՀՀ դրամ արժողությամբ ավտոմեքենան ՌԴ Նիժնի Նովգորոդ քաղաքի Լիտերատուրնայա 6Ա շենքի բակից քննությամբ դեռեւս չպարզված անձանց կողմից հափշտակվել է:
Այնուհետեւ, Արման Հակոբյանը, պարտավորությունից դրդված, հիշյալ՝ իբրեւ թե պարտք հանդիսացող 1.100.000 ՌԴ ռուբլի գումարը «Պրո»-ի միջոցով «Արամո»-ին փոխանցելու նպատակով 2024 թվականի հուլիսի 8-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, պայմանավորվածության համաձայն, Արմավիր քաղաքի Մյասնիկյան փողոցում հանդիպել է Էդուարդ Արթուրի Եղիազարյանին, սակայն հանդիպման ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների կողմից վերջինս ձերբակալվել է եւ գումարի փոխանցումը տեղի չի ունեցել: Այսինքն՝ Պարույր Մարատի Ավագյանին մեղսագրվում է հանցավոր արարքների կատարում, որոնք նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով եւ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 10-րդ կետերով: Գործը ուղարկվել է դատարան:
Ք. Մ.
10 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՀԱՓՇՏԱԿՈՒԹՅՈՒՆ
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների եւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերեւույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Դ.Գ.-ն եւ Վ.Ս.-ն «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով, ներկայանալով այդ անձանց ընկերներին եւ բարեկամներին, նրանց անունից խաբեությամբ ու վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր պատրվակներով պահանջել են գումար, որը ստանալու համար տրամադրել են այդ նպատակով իրենց կողմից նախապես ստեղծված հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակները կամ ՀՀ-ում կրիպտոակտիվների առուվաճառք իրականացնող տնտեսվարողների էլեկտրոնային դրամապանակների ու բանկային քարտերի տվյալները եւ հափշտակել են տուժողների կողմից փոխանցված գումարները: Այս մասին հայտնել են ՔԿ-ից:
Բացի այդ, Դ.Գ.-ն եւ Վ.Ս.-ն, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում:
Մասնավորապես՝ Դ.Գ.-ն եւ Վ.Ս.-ն անորոշ շրջանակի անձանցից գումարներ հափշտակելու նպատակով ստեղծված հեռախոսահամարներով նույնականացված էլեկտրոնային դրամապանակներին ստացված առանձնապես խոշոր չափերով գումարը փոխակերպել են կրիպտոակտիվի, որը հետագայում վաճառել են այլ փոխանակման կետում՝ այն վերածելով 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի: Այնուհետեւ, վերջիններս գումարը ստացել են Դ.Գ.-ի եւ Ա.Հ.-ի անվամբ հեռախոսահամարներով գրանցված էլեկտրոնային դրամապանակների հաշիվներին՝ կատարելով փողերի լվացում:
Դ. Գ.-ն եւ Վ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասիի 1-ին եւ 3-րդ կետերով, 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:
Դ.Գ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, գրավը եւ բացակայելու արգելքը, իսկ Վ.Ս.-ի նկատմամբ՝ կալանավորումը: Վերջինիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Պատճառված վնասից վերականգնվել է 686 հզր ՀՀ դրամը:
Դ.Գ.-ի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու եւ ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:
ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Նախօրեին առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկում երեխայի դի կա: Ոստիկանները նշված գյուղի տան տանիքում՝ առաստաղից կախված վիճակում հայտնաբերել են նույն տան բնակիչ 13-ամյա Սամվել Վ-ի դին: Դեպքի փաստով քննչական վարչությունում «ինքնասպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: