
Իրավապաշտպան կազմակերպությունները, ակտիվիստները եւ մտահոգ քաղաքացիները Բրանդենբուրգի դարպասների մոտ բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Այս մասին հաղորդագրություն է տարածել FreeArmenianHostages նախաձեռնությունը:
Բողոքի ակցիայի ժամանակ կոչ է արվել հրատապ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների շարունակական խախտումների դեմ։
Նշանավոր իրավապաշտպաններ, այդ թվում՝ Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի (ZAD) նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը, ելույթով են հանդես եկել՝ ընդգծելով հայերի համակարգված հալածանքները եւ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալներին որպես սակարկության միջոց օգտագործելը բանակցություններում:
«Ձերբակալվածները, այդ թվում՝ Ռուբեն Վարդանյանը, ապրում են անմարդկային պայմաններում, հաղորդվում է խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մասին։ Վարդանյանն այս պահին հացադուլի մեջ է, եւ նրա կյանքը մեծ վտանգի տակ է։ Մենք չենք կարող լռել»,- հայտարարել է Սպանգենբերգը։
Ցուցարարներն ընդգծել են, որ Ադրբեջանի գործողությունները խախտում են միջազգային իրավունքը, այդ թվում՝ ՄԱԿ-ի ցեղասպանության կանխարգելման մասին կոնվենցիան եւ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան։
Ցուցարարները կոչ են արել Եվրամիությանը, Գերմանիային եւ Ֆրանսիային իրականացնել հետեւյալ միջոցները.
Պատժամիջոցներ Ադրբեջանի պաշտոնյաների դեմ. նպատակաուղղված պատժամիջոցներ այն անձանց եւ հաստատությունների նկատմամբ, որոնք պատասխանատու են հայ բանտարկյալների ապօրինի կալանավորման եւ կտտանքների համար:
Բանտերի պայմանների միջազգային մոնիթորինգ. ճնշում Ադրբեջանի վրա՝ թույլ տալու ՄԱԿ-ի՝ Խոշտանգումների դեմ կոմիտեին եւ Միջազգային Կարմիր Խաչին գնահատել բանտարկյալների նկատմամբ վերաբերմունքը:
Անհապաղ ազատ արձակել բոլոր հայ գերիներին. Ադրբեջանից պահանջել կատարել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորությունները եւ ազատ արձակել գերիներին՝ առանց նախապայմանների:
Հայկական մշակութային ժառանգության պահպանում. հետաքննել եւ կանխել ԼՂ-ում հայկական մշակութային եւ կրոնական վայրերի հետագա ոչնչացումը:
Տեղահանված հայերի անվտանգ վերադարձի ապահովում. ապահովել միջազգային պաշտպանության մեխանիզմները, որոնք թույլ են տալիս հայերին վերադառնալ իրենց հայրենիք:
Բողոքի ակցիայի բանախոսները դատապարտել են Եվրոպայի անգործությունը, ընդ որում, Սպանգենբերգը հիշեցրել է ցեղասպանությունը կանխելու եւ խոցելի համայնքներին պաշտպանելու Գերմանիայի պատմական պատասխանատվությունը: Նա քննադատել է կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից վճռական քայլերի ձախողումը եւ կոչ է արել պաշտոնական միջնորդություն ներկայացնել Միջազգային քրեական դատարան՝ ընդդեմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի։
Ընդգծվում է, որ այս բողոքի ակցիան հետեւում է Եվրոպական հանձնաժողովին եւ Ֆրանսիայի կառավարությանը իրավապաշտպան կազմակերպությունների կողմից շարունակվող դիվանագիտական կոչերին: Չնայած ցեղասպանության վտանգի մասին ՄԱԿ-ի՝ բազմիցս նախազգուշացումներին, բովանդակալից միջազգային գործողությունները դեռեւս բացակայում են:
Իրավապաշտպան կազմակերպությունների կոալիցիան ծրագրում է հետագա ցույցեր ամբողջ Եվրոպայում: Այն պաշտոնական միջնորդություն կներկայացնի Եվրախորհրդարան՝ կոչ անելով անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ: Բողոքի ակցիայի կազմակերպիչները նաեւ կոչ են արել եվրոպական երկրների քաղաքացիներին բարձրացնել իրազեկությունը եւ ճնշում գործադրել իրենց կառավարությունների վրա՝ պայքարելու մարդու իրավունքների այս կոպիտ խախտումների դեմ:
«Աշխարհը չպետք է աչք փակի Ադրբեջանի հանցագործությունների վրա: Բառերի ժամանակն անցել է. մեզ հիմա պետք են գործողություններ»,- ասել է GfbV-ի մարդու իրավունքների ղեկավար Սառա Ռեյնկեն։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՏԱՐԱԿԱՐԳԻ ԳՈՒՄԱՐԻ ՄԻ ՄԱՍՆ Է ՏՐՎԵԼ
Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների այն ուսուցիչները, ովքեր տարակարգով որակավորում են ստացել, մեր թղթակցին բողոքել են, որ հունվար ամսվա համար նախատեսված տարակարգով տրվող գումարների մի մասն է իրենց փոխանցվել։ Տարակարգ ունեցող տարբեր դպրոցների ուսուցիչներին նրանց հասանելիք գումարի տարբեր չափը, հասանելիքի 35-60 տոկոսն է փոխանցվել, ուսուցիչները չգիտեն, թե դա ինչ տրամաբանությամբ է արվել։ Ուշագրավ է, որ ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ գործող մարզի ավագ դպրոցներում տարակարգով նախատեսված գումարները, ի տարբերություն Տավուշի մարզպետարանի ենթակայությամբ գործող դպրոցների, ամբողջությամբ փոխանցվել են։ Տավուշի ուսուցիչները դժգոհում են, որ Տավուշի մարզպետարանի պաշտոնյաներին պարգեւատրելու հսմար պետբյուջեում գումար կա, իսկ տարակարգով նախատեսվածը ուսուցիչներին վճարելու համար գումար չկա։
ՄԱՐԶՊԵՏԸ ՉԳԻՏԻ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե 2025 թ. փետրվարի 26-ի դրությամբ որքա՞ն է Տավուշի մարզում 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարային առանձնատների, բազմաբնակարան շենքերի թիվը, դրանք ո՞ր բնակավայրերում են։ Մարզպետարանից պատասխանել են. «Ձեր տեղեկատվության պահանջին կրկին անգամ տեղեկացնում եմ, որ 3-րդ, 4-րդ, 5-րդ կարգի վթարայնություն ունեցող տների մասին տեղեկատվությունը անհրաժեշտ է 5-10 տարին մեկ թարմացման, այն իրականում մեծածավալ աշխատանք է եւ ներկայումս թարմացված տեղեկատվություն չունեք, համայնքների ղեկավարները ստացել են համապատասխան առաջարկություն ցուցակները թարմացնելու վերաբերյալ մասնագիտական աշխատանք պատվիրելու համար, սակայն գործընթացը պահանջում է մեծ ֆինանսական ռեսուրսներ»։
ՓԱՇԻՆՅԱՆԻ ՀԵՏ ՄՏԵՐԻՄ Է
Իջեւանի Ենոքավան գյուղում գործող հայտնի «Ապագա տուր» հանգստի գոտու սեփականատեր Արտակ Չիբուխչյանը Երեւանում` Թումանյանի արձանի մոտ, հացադուլ էր հայտարարել՝ հաջակցություն իր ընկեր, Բաքվում հացադուլի մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի։
Արտակ Չիբուխչյանը մոտ հարաբերություններ ունի արմատներով ենոքավանցի Նիկոլ Փաշինյանի հետ. Նիկոլ Փաշինյանը, իր ընտանիքի անդամները շատ են այցելել Արտակ Չիբուխչյանին պատկանող հանգստի գոտի։
Տարիներ առաջ Չիբուխչյանն այդ հանգստի գոտում ծածանվող այլ երկրների դրոշների կողքին կանգնեցրել էր Ադրբեջանի դրոշը, ինչը մեծ աղմուկ ու դժգոհություն էր առաջացրել։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ