
Աշխարհի հայկական եկեղեցիների միացյալ ներկայացուցիչները միասնաբար դիմել են աշխարհի քրիստոնյաներին՝ Ադրբեջանում կալանքի տակ պահվող ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակելու հրատապ կոչով: Այն արտահայտում է խոր հավատարմությունը քրիստոնեական արժեքներին եւ մարդկային արժանապատվությանը, ընդգծում խաղաղության ու հաշտեցման հրատապ անհրաժեշտությունը։ Կոչն ընդգծում է բռնությունը եւ անմարդկային վերաբերմունքը դադարեցնելու կարեւորությունը, անկախ ազգությունից, բոլոր մարդկանց բնածին արժանապատվության հանդեպ հարգանքի դրսեւորումը:
Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ տեւական խաղաղության ճանապարհը կարող է հարթվել միայն մարդասիրական խնդիրների լուծման՝ ռազմագերիների եւ այնտեղ պահվող քաղաքացիական անձանց հայրենադարձման միջոցով։
Ստորեւ ներկայացված է նրանց նամակ-կոչը, որն ստորագրել են հարյուրից ավելի հոգեւորականներ.
Սիրելի՛ քույրեր եւ եղբայրներ ի Քրիստոս,
Մենք՝ աշխարհի հայկական եկեղեցիների ներկայացուցիչներս, միասնաբար դիմում ենք Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներին ու քաղաքացիական անձանց անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակելու այս խնդրանքով:
Սա պարզապես անմեղ մարդկանց ազատ արձակելու կոչ չէ, այլ արդարության, արժանապատվության եւ մարդկության վերականգնման խնդրանք։ Այս անձինք, որոնց ձերբակալել են հակամարտության ընթացքում, ենթարկվում են աներեւակայելի տառապանքների, եւ նրանց շարունակական կալանքը մարդկային պարկեշտության եւ քրիստոնեական կարեկցանքի բոլոր սկզբունքների ոտնահարում է։
Հանուն մեր ընդհանուր հավատքի՝ մենք այլեւս չենք կարող լռել: Հիմա գործելու ժամանակն է:
Գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը հակասում է մեր հավատքի բուն էությանը: Պետք է վերջ դնել նրանց հանդեպ բռնությանը, տառապանքին ու զրկանքներին: Աշխարհը չի կարող անտարբեր մնալ, քանի դեռ անմեղ մարդիկ գերեվարված են, զրկված արժանապատվությունից եւ մարդու հիմնարար իրավունքներից։ Այս իրավիճակի լրջությունը հասկանալը չափազանց կարեւոր է, քանի որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակն օրեցօր վատթարանում է։ Ռուբենն այս պահին շարունակում է հացադուլը՝ ի նշան բողոքի ադրբեջանական իշխանությունների կողմից բեմադրված թատերական «դատավարության»։ Ամեն հաջորդող օր չափազանց ծայրահեղ է դարձնում իրավիճակը:
Մենք չենք կարող ընդունել եւ չենք ընդունի այնպիսի ապագա, որտեղ նման անմարդկայնությունը տեղ ունի: Տարածաշրջանի բոլոր ժողովուրդները՝ հայերը, ադրբեջանցիներ, ցանկացած այլ ազգություն, արժանի են խաղաղության։ Այն կառուցվում է արդարության հենքի վրա. խաղաղություն, որտեղ պաշտպանված է յուրաքանչյուր մարդու արժանապատվությունը, որտեղ գոյություն չունեն տառապանքի շղթաներ, եւ որտեղ յուրաքանչյուր մարդկային հոգի ապրում է ազատության մեջ:
Մենք՝ աշխարհասփյուռ հայկական եկեղեցիներս, պահանջում ենք բոլոր ռազմագերիների եւ քաղաքացիական պահվող անձանց անհապաղ վերադարձն իրենց ընտանիքներ։ Սա զուտ մարդասիրական անհրաժեշտություն չէ, սա բարոյական հրամայական է: Հայ գերիների ազատ արձակումը կարող է բացել նոր էջ, որտեղ առողջացումը կփոխարինի ատելությանը, որտեղ հասկացողությունը կհաղթահարի բաժանարարությանը, որտեղ խաղաղությունը պարզապես երազանք չէ, այլ իրականություն:
Մենք կոչ ենք անում կառավարություններին, միջազգային կազմակերպություններին եւ բոլոր բարի կամքի տեր մարդկանց դատապարտել ցուցադրական այս դատավարությունը՝ որպես քաղաքական եւ ոչ լեգիտիմ, եւ ճնշում գործադրել դրանում ներգրավված իշխանությունների վրա՝ վերադարձնելու այս անմեղ մարդկանց իրենց հարազատ տները: Երես մի թեքե՛ք այլոց տառապանքներից: Կանգնե՛ք մեր կողքին: Կանգնե՛ք հանուն արդարության եւ խաղաղության»:
Ն. Պ.
ԲԱՆԿԸ ՍՏԱՑԵԼ Է ՈՍԿԵ ՄԱԿԱՐԴԱԿ
«Ակբա» բանկը միջազգային հեղինակավոր MFR գործակալության կողմից արժանացել է «Հաճախորդների պաշտպանության հավաստագրման» (Customer protection certification) ամենաբարձր՝ ոսկե մակարդակի։ MFR-ի կողմից «Ակբա» բանկի հավաստագրումը եւս մեկ անգամ արտացոլում է՝
բանկում հաճախորդների հետ գործարար հարաբերությունների համապատասխանությունը հաճախորդների սպասարկման միջազգային չափանիշներին,
բանկի՝ հաճախորդակենտրոն գործունեության ընկալման բարձր մակարդակը,
հաճախորդների սպասարկման մեծ փորձառությունը։
«Ակբա» բանկի մասին
«Ակբա» բանկը Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից է, երկրի գյուղոլորտի ֆինանսավորման բացարձակ առաջատարը: 2021 թվականին իրականացված բաժնետոմսերի առաջնային հրապարակային տեղաբաշխումից (IPO) հետո «Ակբա» բանկն ունի ավելի քան 5200 բաժնետեր: Թվային նորագույն լուծումների ներդրման, ինչպես նաեւ նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ բանկն անդադար զարգացնում է տրամադրվող ֆինանսական ծառայությունների քանակն ու որակը: «Ակբան» ներկայացված է Հայաստանի բոլոր մարզերում, ունի 65 մասնաճյուղ, համարվում է երկրի եւ ֆինանսական համակարգի խոշոր գործատուներից մեկը:
MFR-ի մասին
MFR-ը միջազգային վարկանիշային գործակալություն է, որն իրականացնում է գնահատումներ, տրամադրում տեխնիկական փորձագիտական աջակցություն ֆինանսական ոլորտին։
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։
ՌՈՆԱԼԴՈՒԻ ՑՈՒՑԱՆԻՇԸ
«Ալ-Նասրի» եւ Պորտուգալիայի հավաքականի 40-ամյա հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն իր 30-ամյակից ի վեր դարձել է 464 գոլի հեղինակ։ Նա ավելի շատ գոլ է խփել 30 տարեկանից հետո, քան մինչ այդ։ Ընդհանուր առմամբ Ռոնալդուն իր ամբողջ կարիերայի ընթացքում ունի 927 գոլ (որից 463-ը խփել է մինչեւ 30 տարեկանը): Կրիշտիանու Ռոնալդուն դարձավ պատմության մեջ առաջին ֆուտբոլիստը, ով պաշտոնական հանդիպումներում խփել է 927 գոլ։ Ռոնալդուն հինգ գոլ է խփել «Սպորտինգի», 145-ը՝ «Մանչեսթեր Յունայթեդի», 450-ը՝ «Ռեալի», 101-ը՝ «Յուվենտուսի», 92-ը՝ «Ալ-Նասրի» եւ 134-ը՝ Պորտուգալիայի հավաքականի կազմում:
«ԻՆՏԵՐԸ» ՀԵՏԱՔՐՔՐՎԱԾ Է
Միլանի «Ինտերը» հետաքրքրված է իտալական «Կոմոյի» կիսապաշտպան Նիկոլաս Պասով, ով նախկինում հանդես է եկել Մադրիդի «Ռեալում»։ Այս մասին հայտնում է լրագրող Նիկոլո Սկիրան։ Աղբյուրի համաձայն` մադրիդյան ակումբը մտադիր է տրանսֆերի առաջնահերթ գնման առաջարկ նախաձեռնել 9 միլիոն եվրոյով։ Դրանից հետո Միլանի «Ինտերը» բանակցություններ կսկսի «Ռեալի» հետ։ Նշենք, որ այս մրցաշրջանում Պասը դարձել է 6 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ։