
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ իրավապահ համակարգում բուռն քննարկումներ են, թե ով կամ ովքեր են լինելու հաջորդ պատգամավորները, որոնց հետեւից գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կգնա Ազգային ժողով ու կզրկի անձեռնմխելիությունից։ Իսկ որ բացի Տարոն Մարգարյանից եւ Հովիկ Աղազարյանից էլի օրենսդիրներ կան իրավապահ համակարգի թիրախում, մեր աղբյուրները չեն բացառում:
Խոսքը «Հայաստան» խմբակցության պատգամավորներից երկուսի մասին է, որոնց անունները առայժմ չենք հրապարակում:
Հիշեցնենք, որ «Ժողովուրդ» օրաթերթը դեռ 2025 թվականի հունվարի 11-ին գրել էր, որ «գարնանային սրացումներ» են սպասվում ինչպես կալանավորումների տեսքով, այնպես էլ այլ ձեւաչափով, նոր «մասկի շոուների» ականատես կլինենք:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Նիկոլ Փաշինյանը խստորեն հրահանգել է առաջիկայում գետնի տակից էլ լինի հիմքեր պեղել, եթե դրանք չկան էլ «ստեղծել» ու գործեր հարուցել, կալանավորել իր բոլոր ընդդիմախոսներին, ովքեր կփորձեն քննադատել կամ ինչ-որ քայլով դեմ գնալ իշխանությանը:
Կարելի է ասել՝ սա նախընտրական փաշինյանական հնարք է՝ ընտրություններից առաջ ընդդիմախոսներից ձերբազատվելու: Այլ կերպ ասած, Փաշինյանն ընտրություններից առաջ մաքրում է քաղաքական դաշտը, որպեսզի ասպարեզում մնան միայն իրեն հավատարիմ ու իր «սրտի ընդդիմությունը», որը ցանկացած դեպքում պատրաստ կլինի գործարքի գնալ ՔՊ-ի հետ, եւ մի երկու զազրախոսներ:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանի դեմ ցուցմունքներ են տվել ՊՆ նախկին եւ ներկա պաշտոնյաներ, որի արդյունքում գեներալը շուրջ 1,5 ամիս կալանավորվեց:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՊՆ-ում գործող պաշտոնյաներից մեկը, որ ցուցմունք է տվել Տիրան Խաչատրյանի դեմ, 2021 թվականի օգոստոսի 26-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Հատուկ բանակային կորպուսի հրամանատար նշանակված Արտակ Բուդաղյանն է։ Ինչպես հայտնի է, Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանում սկսվել է Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի դատավարությունը։ 53-ամյա Խաչատրյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի հարավային հատվածում իրեն վստահված Ալփաշայի բարձունքի, Սուլթանլիի եւ Արաքսավանի բնագծերի պաշտպանությունը ձախողելու համար: Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեղադրանքը նա չի ընդունում: «Այն, ինչի հիման վրա եզրահանգումներ են արվել, զինվորական մասնագիտական որակումներից դուրս են: Չի կարելի ոչ մասնագիտական՝ ես նկատի ունեմ պրոֆեսիոնալ, եզրահանգումներ անել եւ նմանատիպ եզրահանգումները դատարան ներկայացնել որպես մեղադրանք», – դատարանում հայտարարել էր Տիրան Խաչատրյանը:
Գեներալ-լեյտենանտի պաշտպանը պնդում է, որ Հարավային խմբավորման հրամանատարությունը ստանձնած Խաչատրյանը 2020-ի հոկտեմբերի 11-ին՝ ադրբեջանական զորքերի հարվածից հետո, Ալփաշայում կապի հնարավորություն չի ունեցել հատուկ նշանակության զորքերի հետ, որպեսզի նրանց հրահանգեր զբաղեցնել բաց մնացած հատվածը: Իսկ այդ օրը զոհվել էին հրամանատարն ու հրամանատարի տեղակալը:
Խաչատրյանը զեկուցել է, որ կապի հնարավորություն չունի, նրան հաղորդել են, որ կապ չեն կարող ապահովել, ինչից հետո գեներալ-լեյտենանտը դարձյալ փորձել է կապի դուրս գալ հատուկ նշանակության բրիգադի հետ, բայց էլի ապարդյուն։
Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանին Նիկոլ Փաշինյանը բանակային սխրագործությունների համար ազգային հերոսի կոչում տվեց եւ հիմա էլ դատապարտում է:
Բաքվի բանտերում պահվող եւ խոշտանգվող հայ գերիների վերադարձի հարցը օրեցօր թիվ մեկ օրակարգ է դառնում ե՛ւ Հայաստանում ե՛ւ դրա սահմաններից դուրս, ինչը ակնհայտորեն սկսել է անհանգստացնել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը: Տարբեր հարցումներով ամենամտահոգիչ թեման վերջին օրերին հայ գերիների վերադարձն է, որի մասին քննարկումներ են իրականացվում եվրոպական կառույցներում, Փարիզում է ընթրիք կազմակերպվել Ֆրանսիայի իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ, ԱՄՆ նախագահին նամակ է ուղարկվել` քրիստոնյա հայերին ազատ արձակելու խնդրանքով: Եվ այս ստվերում է հայտնվել Նիկոլ Փաշինյանն իր իշխանության հետ, որին բոլոր կողմերը, ներսում թե դրսում, համարում են անկարողների խումբ: Հիշեցնենք, որ 2020 եւ 2023 թվականներից տարբեր իրավիճակներում գերեվարված մի խումբ հայերի Բաքվի բանտերում մինչ օրս խոշտանգում են, որի մասին առաջին բարձրաձայնումը արեց Ռուբեն Վարդանյանը: Արդեն 24 օր նա կյանքն ու առողջությունը մաշեցնող հացադուլով շարունակում է պայքարել բոլոր գերիների ազատության եւ առողջության համար, ու նրա այդ քայլը ակնհայտորեն տվել է իր արդյունքը` համընդհանուր ուշադրության տեսանկյունից: Նիկոլ Փաշինյանն իր անկարողությունից մե’կ թուրք լրագրողների հետ է հանդիպում (եւ ոչ մի խոսք դեռ չկա՝ ինչ է նա ասել մեր գերիների մասին), մե՛կ հրահանգում է՝ իր ընդդիմախոսներին «փռեն ասֆալտին», մե՛կ էլ Սերժ Սարգսյանի նկատմամբ նոր մեղադրանք է առաջադրում: Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանն իր իշխանության անկարողությունը փորձում է կոմպենսացնել ներքին ճնշումներով:
Շաբաթ՝ մարտի 15-ին, մեկնարկելու է Արմավիրի եւ Շիրակի մարզերի ՏԻՄ ընտրություններին նախորդող նախընտրական քարոզարշավը, որը տեւելու է մինչեւ մարտի 28-ը` 24:00-ն։ Քվեարկության եւ դրա նախորդ օրը նախընտրական քարոզչություն իրականացնելն արգելված է։
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ամերձ աղբյուրներից տեղեկացավ, որ Նիկոլ Փաշինյանը բավականին խիստ հրահանգել է, որ «պարտվել չկա, պետք է ձգտել` հավաքելու 50 + ձայն» եւ քաղաքապետ դարձնելու իրենց թեկնածուներին: Սակայն այդ հավանականությունը բավականին փոքր է: Տեղեկացանք, որ այսօր՝ նախընտրական քարոզարշավից առաջ, տեղի է ունենալու ՔՊ վարչության հերթական նիստը, որի ընթացքում ակնկալվում է, որ հստակ գործողությունների պլանը կդրվի սեղանին՝ գովազդային վահանակներից ու պաստառներից մինչեւ քվեախցիկ ուղղորդելու գործողությունների շարքը։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է Գյումրի համայնքում գրանցված հետեւյալ կուսակցությունների ու դաշինքների շարքը
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ -1 Սարիկ Մինասյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» – 2 Վարդան Ղուկասյան
«ԱՊՐԵԼՈՒ ԵՐԿԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 3 Կարեն Մալխասյան
«ՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ – 4 Կարեն Սիմոնյան
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՇԽԱՏԱՎՈՐԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ» – 5 Արտյոմ Թումանյան
«ԵՎՐԱԴԱՇԻՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ – 6 Լեւոն Բարսեղյանի առաջնորդությամբ
«ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 7 Սուրեն Սուրենյանց
«ՄԵՐ ՔԱՂԱՔԸ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ-8 Մարտուն Գրիգորյանի առաջնորդությամբ
«ԻՄ ՀԶՈՐ ՀԱՄԱՅՆՔ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 9 Ռուբեն Մխիթարյան:
Իսկ Փարաքար համայնքում գրանցվել են հետեւյալ կուսակցություններն ու դաշինքը՝
«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 1 Լյուդվիգ Գյուլնազարյան
«ՄԻԱՍՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԱՇԻՆՔ – 2 Վալոդյա Գրիգորյան
«ԱԶԳԱՅԻՆ ԱՌԱՋԸՆԹԱՑ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 3 Դավիթ Մինասյան
«ԿԱՅՈՒՆՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ – 4 Գոռ Սարիբեկյան
Այսպիսով, առաջիկա շաբաթները Գյումրիում եւ Փարաքարում թեժ են լինելու։