
Հովիկ Աղազարյանի նկատմամբ ներկայացված միջնորդության եզրակացությունում ասվում է. «Գնահատելով քրեական վարույթով հավաքված ապացույցները վերաբերելիության, թույլատրելիության, հավաստիության, իսկ բոլոր ապացույցների համակցությունը՝ բավարարության տեսանկյունից՝ պետք է արձանագրել, որ առկա է բավարար փաստեր ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամաբ ՀՀ Քրեական օրեսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով եւ ՀՀ Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով հանրային քրեական հետապնդում հարուցելու համար, ուստի, հիմք ընդունելով ՀՀ ԱԺ 8-րդ գումարման պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու համար ՀՀ ԱԺ դիմելու վերաբերյալ հսկող դատախազի առաջարկությունը, եւ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածով, ՀՀ ԱԺ կանոնակարգ ՀՀ Սահմանադրական օրենքի 108-րդ հոդվածով, ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի առաջին մասի 9-րդ կետով տալ համաձայնություն՝ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն (պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը) կատարվել է սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով, պատժվում է ազատազրկմամբ՝ 5-10 տարի ժամկետով:
ՀՀ Քրեական օրենսգրքի 435 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (կաշառք ստանալը) ենթադրում է ազատազրկում 7-12 տարի ժամկետով։
ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ՀԱՐՑՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
«Ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնի հետ եք տեսնում Հայաստանի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները»՝ Գելլափի հարցմանը քաղաքացիների 27.8%-ը պատասխանել է՝ Ռուսաստանի հետ։ «GALLUP International Association»-ի տնօրեն Արամ Նավասարդյանը, ներկայացնելով հարցման արդյունքները, նշեց, որ հարցին ի պատասխան՝ 25.8%-ը նշել է՝ ԵՄ-ի հետ։ 15.5%-ը ԱՄՆ-ի հետ է տեսնում ՀՀ-ի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հեռանկարները, իսկ 13.3%-ը՝ Իրանի հետ։
ՈՎ Է ԴԵՄ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ
Ադրբեջանական լրատվամիջոցները նախօրեին ցիտում էին ոմն Մուշեղ Գրիգորյանի «ցուցմունքները»՝ ընդդեմ Արցախի նախկին պետնախարարՌուբեն Վարդանյանի, ըստ որի՝ նա մեղադրում էր գերության մեջ գտնվող մեր հայրենակցին Արցախում «ահաբեկչակական զինված խմբավորումներ ստեղծելու համար»։ Բազմաթիվ արցախցիներ հայտնել են, որ Ադրբեջանի քաղաքացիություն ստացած Մուշեղ Գրիգորյանը հայտնի է իբրեւ «Գիբսի Միշիկ», հարբեցող է, մնացել է Արցախում գաղթից հետո։ Նա արցախյան բլոկադայի ժամանակ զբաղված է եղել մի տուփ ծխախոտն արցախցիներին 5000 դրամով վաճառելով։ Ավելին՝ Արցախի ամբողջական օկուպացիայից հետո «Գիբսի Միշիկը» դարձել էր ադրբեջանական լրատվամիջոցների «հերոսը»՝ սիրով հարցազրույցներ էր բաժանում այնտեղ ժամանող լրագրողներին ու մեղադրում հայ ժողովրդին «ագրեսիա» իրականացնելու համար։
ԶԳՈՒՇԱՑԵՔ ԼԵՌՆԵՐ ՄԱԳԼՑԵԼՈՒՑ
Շրջակա միջավայրի նախարարությունից կոչ են անում խուսափել լեռներ այցելություններից։ «Հանրապետությունում դիտվող բարձր ջերմաստիճանի պայմաններում, արեւի ճառագայթների ազդեցությամբ ձյան զանգվածները լեռնային շրջաններում սկսում են ակտիվորեն հալվել, դրանց ջրապարունակությունը եւ զանգվածը մեծանում է, ինչը հանգեցնում է ձնահյուսերի վտանգի հավանականության բարձրացման: Մարտի 11-18-ը հանրապետությունում կանխատեսվում է օդի ջերմաստիճանի բարձրացում 6-10 աստիճանով, ինչով պայմանավորված հանրապետության լեռնային եւ բարձրալեռնային շրջաններում (2500 մետրից ավել բարձրություններում) մեծ թեքություն ունեցող լեռնալանջերում մեծանալու է ձնահյուսերի առաջացման հավանականությունը։ Անվտանգությունից ելնելով՝ կոչ ենք անում խուսափել լեռներ այցելություններից», – նշում են նախարարությունից։
ՀԵՏԱՁԳՎԵԼ Է
Արդեն 1 օր է՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում ավելի քան 200 ուղեւոր է մնացել։
Ինչպես հայտնում է Shot տելեգրամյան ալիքը, UTair ավիաընկերության դեպի Երեւան չվերթը հետաձգվել է ինքնաթիռի շարժիչի խափանման պատճառով։ Boeing 767-ը պետք է օդ բարձրանար երեկ՝ ժամը 21:40-ին, սակայն թռիչքը նախ հետաձգվել է 3 ժամով, իսկ հետո՝ 5 անգամ անընդմեջ։ Ուղեւորներին խոստացել էին, որ չվերթը կիրականացվեր երեկ, սակայն թռիչքը կրկին հետաձգվել է։
ԹՎԵՐ
2025 թվականի փետրվարին Հայաստան այցելել է 117.372 զբոսաշրջիկ. տեղեկացնում են զբոսաշրջության կոմիտեից։ Նախորդող տարում (2024թ.) զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է փետրվարին՝ 127.241։ 2025թ. փետրվար ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (39%), Վրաստանից (15%) եւ Իրանից (8%):