ԱՂԱԶԱՐՅԱՆԸ 23.000 $ Է ՎԵՐՑՐԵԼ ՀԱՐՑ ԼՈՒԾԵԼՈՒ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գլխավոր դատախազությունը միջնորդություն է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ Հովիկ Աղազարյանի նկատմամաբ քրեական հետապնդում հարուցելու մասին։ ԱԺ նախագահը համաձայնություն է տվել։ ArmLur.am-ը ներկայացնում է Հովիկ Աղազարյանի գործով հատվածական սղագրությունը, որը կցված է Աննա Վարդապետյանի կողմից ներկայացված միջնորդության փաստաթղթին։

 

Այսպիսով, վկա Հայկ Նազարյանը նախաքննության ընթացքում, ի թիվս այլնի, ցուցմունք է տվել այն մասին, որ 2023 թվականի ձմռանը իրեն է դիմել ֆեյսբուքյան ընկերներից Գոհարը եւ հայտնել, որ Հովիկ Աղազարյանն իր եղբորից՝ Արամից, շինթույլտվության համար տարբեր չափերի գումարներ է վերցրել։ Գայանեի եղբայր Արամն իրեն պատմել է, որ գումարները տվել է Հովիկ Աղազարյանին ինչ-որ մանկապարտեզ վերանորոգելու, դրա մոտ պետության կողմից իրեն հողատարածք տրամադրելու եւ դրա վրա էլիտար շենք կառուցելու համար։ Արամն իրեն հայտնել է նաեւ, որ դրանից առաջ Հովիկ Աղազարյանի հետ նույնաբովանդակ գործարքներ է կատարել նաեւ Դավթաշենում։

Հովիկ Աղազարյանին տրված գումարի մեջ ներառվել է նաեւ նրա ընկերուհու համար ընդհանուր 8000 ԱՄՆ դոլար արժողությամբ բջջային հեռախոս եւ մատանի գնելու գումարը, որը գնել է Արամը եւ նվիրել Հովիկ Աղազարյանի ընկերուհուն, երբ Հովիկ Աղազարյանը բացակայել է Հայաստանի Հանրապետությունից։ Հայտնել է նաեւ, որ Արամն իրեն տեսանյութ է ուղարկել, որտեղ պատմում է Հովիկ Աղազարյանին գումարները տալու մասին։

Բացի դրանից, Արամը հայտնել է նաեւ, որ Հովիկ Աղազարյանը հանդիսացել է իր քավորը։ Ինքն այդ հարցով հանդիպում է կազմակերպել Արամի, Գոհար Սարգսյանի եւ Հովիկ Աղազարյանի միջեւ։ Հանդիպմանը ներկա է եղել նաեւ եւս մեկ պաշտոնատար անձ։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հովիկ Աղազարյանի կողմից գումարները չվերադարձնելու հանգամանքները, որի ընթացքում խոսակցությանը ներկա պաշտոնատար անձը Արամին հորդորել է դիմել ոստիկանություն։ Նշել է նաեւ, որ Արամն իրեն հայտնել է, որ Հովիկ Աղազարյանին տված գումարները վերցրել է Ալիկ, Կարո անունով գործարարներից։

Գոհար Սարգսյանը ցուցմունք է տվել այն մասին, որ Արամը իր մոտ ընկերուհի Ռուզաննայի եղբայրն է։ Արամից տեղեկացել է, որ կան ներդրողներ եւ ցանկանում են կառուցել շենք։ Արամը ծանոթացել է Հովիկ Աղազարյանի հետ եւ այդ հարցով դիմել նրան, սակայն Հովիկ Աղազարյանը նրան խաբել է, վերցրել է 23 000 ԱՄՆ դոլար գումար շենքի կառուցման շինթույլտվություն տալու հարցը լուծելու համար, սակայն այդ գործընթացն էլ ձգձգել է, իսկ այն անձինք, ովքեր այդ գումարը տվել են Արամին, պահանջել են վերադարձնել։

Իր ներկայությամբ Արամը զանգել է Հովիկ Աղազարյանին եւ կայացած զրույցի ընթացքում վերջինս չի հերքել, որ գումարները վերցրել է, սակայն հայտնել է, որ գումար չունի որպեսզի վերադարձնի, կարող է ինքը խոսել այն մարդկանց հետ, ովքեր Արամին գումար են տվել։ Գոհար Սարգսյանը հայտնել է նաեւ, որ այդ մասին պատմել է իր ծանոթ Հայկ Նազարյանին եւ նրան ծանոթացրել Արամի հետ։

Դրանից հետո Հայկ Նազարյանի նախաձեռնությամբ ինքն ու Արամը հանդիպել են Հովիկ Աղազարյանին, հանդիպմանը ներկա են եղել նաեւ անծանոթ մարդիկ։ Հանդիպման ընթացքում Հովիկ Աղազարյանը վիճաբանել է, որպեսզի թույլ չտա՝ իրենց մոտ առկա ձայնագրությունները ներկայացնեն։

Դրանից հետո ինքը վիճել է Արամի եւ նրա քրոջ հետ ու այդ օրվանից Արամից ոչ մի տեղեկություն չունի։ Հավելել է, որ ըստ Արամի՝ Հովիկ Աղազարյանը հանդիպել է Արամին գումար տված անձանցից մեկի հետ եւ գրել ստացական այն մասին, որ վերցրել է 8 000 ԱՄՆ դոլար, որը պարտավորվում է վերադարձնել։ Նշել է նաեւ, որ Արամն իրեն ուղարկել է Հովիկ Աղազարյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունների ձայնագրությունները, որոնք ինքն ուղարկել է Հայկ Նազարյանին։

Հայտնաբերված ձայնագրություններից եզրակացնում ենք, որ Աղազարյանը խոստովանում է, որ գումար է վերցրել եւ հետ տալ չի պատրաստվում։ Նա համոզել է Արամ Մկրտչյանին Քաղաքաշինության կոմիտեի նամակը հետ վերցնել եւ պատճառաբանել է, որ «ֆինանսական բաների պատճառով հրաժարվում եմ պրոեկտից»։

Հարկ է նշել, որ Արամ Մկրտչյանը 2024 թվականի փետրվարի 15-ից լքել է երկիրը։

ԷՄՄԱ ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

 

 

ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԱԿՏԻՆ

Գլխավոր դատախազությունը դատական ակտը ստանալուց հետո կքննարկի Վճռաբեկ ներկայացնելու հարցը:

 

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է հեղինակություն Արա Բանդուրյանի որդու՝ Լյովա Բանդուրյանի տնային կալանքի դեմ Գլխավոր դատախազության կողմից ներկայացված բողոքը:

Ասել է թե՝ հեղինակության որդին կշարունակի մնալ տնային կալանքի տակ եւ բանտ չի գնա: 2024 թվականի հուլիսի 17-ին ողբերգական դեպք էր տեղի ունեցել Սեւանի Best Western Bohemian Resort հանգստյան գոտում: Մի անիմաստ վիճաբանության հետեւանքով հնչել էին կրակոցներ, եւ մահացել էր Սեւանի ավագանու անդամ, 37-ամյա Արսեն Աֆիյանը։

Վիճաբանության մյուս կողմում հայտնի հեղինակություններ Բանդուրյաններից մեկի` Արա Բանդուրյանի որդին էր` Լյովա Բանդուրյանը, եւ Միսաք Փաշիկյանը, որը մինչ այդ միջադեպը հետախուզման մեջ էր գտնվում։ Քրեական հեղինակություն Նորատուսցի Ալիկի՝ Արա Բանդուրյանի եղբոր որդին՝ Լյովա Բանդուրյանը կալանավորված էր, եւ ահա դեպքից 7 ամիս անց նրան կալանքից ազատում են եւ 100 միլիոն դրամի գրավ կիրառում: Այս որոշումը վրդովվեցրել է Արսեն Աֆիյանի հարազատներին։ Ավելին՝ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գլխավոր դատախազությունը Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր Կարեն Հակոբյանի որոշումը բողոքարկել է Վերաքննիչ դատարան։ Արդյունքում ՀՀ վերաքննիչ դատարանը անփոփոխ թողեց առաջին ատյանի դատարանի որոշումը եւ մերժեց Գլխավոր դատախազության բողոքը:

 

 

 

ՎՃԻՌԸ ՄՏԱՎ ՈՒԺԻ ՄԵՋ

Մայրաքաղաքի Գ. Հովսեփյան փողոցի՝ հեռուստաաշտարակին հարող տարածքում գտնվող շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարին համարժեք 360 միլիոն 690 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 9420 քմ մակերեսով հողամասը վերադարձվեց Հայաստանի Հանրապետությանը. հակակոռուպցիոն դատարանի վճիռը մտավ օրինական ուժի մեջ: Գլխավոր դատախազությունը 2025 թվականի փետրվարի 4-ին տեղեկացրել էր, որ հակակոռուպցիոն դատարանը 2025 թվականի փետրվարի 3-ին բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հերթական հայցը: Գլխավոր դատախազությունը հայցադիմումով դատարանից պահանջել էր անվավեր ճանաչել Երեւանի քաղաքապետի եւ Բավական Գեւորգյանի միջեւ 2005 թվականի մայիսի 2-ին կնքված առուվաճառքի պայմանագիրն ու կիրառել անվավերության հետեւանքներ:

 

 

 

ՎԵՃԸ ՎԵՐԱԾՎԵԼ Է ԾԵԾԿՌՏՈՒՔԻ

Մարտի 10-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարարտի մարզում։ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արտաշատի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արարատի մարզի բնակիչ 46-ամյա Հրանտ Թ.-ն եւ 25-ամյա Գեւորգ Մ.-ն գտնվում են Արտաշատ քաղաքի «Աուռա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ վիճաբանում են անվտանգության աշխատակից ոմն Հովոյի հետ եւ Հրանտ Թ.-ն իր մոտ ապօրինի պահում է հրազեն։

Ոոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները ստացված տեղեկություններով եւ ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 04։30-ի սահմաններում, Գեւորգ Մ.-ն եւ Հրանտ Թ.-ն գտնվել են Արտաշատ քաղաքում գտնվող «Աուռա» գիշերային ակումբի դիմաց, որտեղ կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, վիճաբանել են անվտանգության աշխատակից, Երեւանի բնակիչ 27-ամյա Հովհաննես Թ.-ի հետ, որի ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Գեւորգ Մ.-ն եւ Հրանտ Թ.-ն նշված վայրից ձերբակալվել եւ Chevrolet Volt մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բերվել են ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղ տարված բացատրական աշխատանքների արդյունքում վերջիններս խոստովանել են կատարվածը ու նրանցից Հրանտ Թ.-ն ոստիկաններին է ներկայացրել գազային ատրճանակ, իսկ ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք:

Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն:

 




Լրահոս