
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ գումարված Գերագույն Հոգեւոր Խորհրդի ժողովը, անդրադառնալով Արցախի քաղաքական ղեկավարության, զինվորականների եւ քաղաքացիական անձանց նկատմամբ Ադրբեջանում իրականացվող շինծու դատավարություններին, հանդես է եկել հայտարարությամբ։
«Գերագույն Հոգեւոր Խորհուրդը արձանագրում է, որ Ադրբեջանում անազատության մեջ ապօրինաբար պահվող հայ գերիների եւ պատանդների նկատմամբ արարքները հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ ադրբեջանական իշխանությունների շարունակվող թշնամանքի եւ ագրեսիայի հերթական դրսեւորումներն են։
Ակնհայտ է, որ Միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների բացահայտ խախտումներով ընթացող դատավարությունը ուղեկցվում է գերիների խոշտանգումով եւ անմարդկային վերաբերմունքով։ Անթաքույց նպատակ է հետապնդվում հիմնովին խեղաթյուրելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման պատմությունը՝ միտում ունենալով նվաստացնել մեր ժողովրդին ու հայոց պետությանը։ Անտեսելով միջազգային հանրության հորդորներն ու պահանջները՝ ադրբեջանական իշխանությունը փորձ է անում ոչ միայն քողարկելու, այլեւ արդարացնելու իր իսկ սանձազերծած ցեղասպանության եւ պատերազմական հանցագործության անհերքելի փաստերը, ինչպես նաեւ զոհերին ներկայացնելու իբրեւ ոճրագործներ։
Շինծու դատավարություններով եւ հայ գերիներից խոշտանգումներով կորզված կեղծ ցուցմունքների միջոցով ադրբեջանական իշխանությունները փորձ են անում հեռահար նենգ նկրտումներով դատավճիռներ ապահովել, նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նկատմամբ նոր պարտադրանքներ եւ ագրեսիա սանձազերծելու համար։ Սրան զուգահեռ, ամեն ինչ արվում է արգելափակելու համար միջազգային փաստաբանների եւ միջազգային կազմակերպությունների այցերը հայ գերիներին։ Նրանք զրկված են նաեւ հոգեւոր խնամքից օգտվելու տարրական հնարավորություններից։
Այս պայմաններում մեծապես կարեւորում ենք Հայաստանի պետական մարմինների եւ համահայկական կառույցների ջանքերի մեկտեղումը՝ հայ գերիների եւ պատանդների նկատմամբ բռնություններով ուղեկցվող ապօրինի գործողությունները դադարեցնելու եւ գերիների ազատ արձակմանը հասնելու համար։
Հորդորում ենք Հայաստանի իշխանություններին նախաձեռնել գործուն ու հնարավորինս տեսանելի քայլեր՝ այս նպատակի իրագործմանը ծառայեցնելու հայկական ու միջազգային շրջանակների բոլոր հնարավորություններն ու ամբողջ ներուժը։
Կոչ ենք ուղղում նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջնորդներին, մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին ու նրանց ղեկավարներին` առավել ազդու միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ՝ հայ գերիներին անհապաղ հայրենադարձնելու համար։ Տարածաշրջանում կայուն, երկարատեւ խաղաղություն եւ սերունդների համար արժանապատիվ գոյակցության պայմաններ կարելի է ապահովել միայն առկա հիմնախնդիրների արդար հանգուցալուծման եւ արցախահայության իրավունքների իրացման պարագայում։
Աղոթքով առ Բարձրյալը զորակցություն ենք հայտնում գերեվարված սիրելի մեր զավակներին՝ պատգամելով զերծ մնալ բողոքի այնպիսի գործողություններից, որոնք անմիջական սպառնալիքներ կարող են ստեղծել իրենց կյանքի եւ առողջության համար։ Մեր հորդորն է սիրելի Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը եւ ամուր հավատով շարունակել պայքարել հանուն ազատ ու արժանապատիվ կյանքի իրավունքի։
Մեր հայցն ենք վերառաքում առ Աստված բոլոր գերյալների, նեղյալների եւ նրանց ընտանիքների համար՝ խնդրելով Տիրոջ օրհնությունն ու օգնականությունն ամենքին»,- ասվում է հայտարարությունում։
Գերագույն հոգեւոր խորհրդի
հայտարարությունը
ԹՈՒՆԵԼԻ ՆՈՐՈԳՈՒՄԻՑ ՏԵՂՅԱԿ ՉԷ
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք, թե երբ է վերանորոգվելու Դիլիջան-Սեւան ավտոմոբիլային թունելը։ Մարզպետարանից պատասխանել են. «Լիազոր մարմնի՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության կողմից ձեռնարկված են Սեւան-Դիլիջան ավտոճանապարհային թունելի ուսումնասիրության աշխատանքներ, նախատեսվող աշխատանքների իրականացման ժամկետների վերաբերյալ մարզպետի աշխատակազմը համապատասխան տեղեկատվություն չունի»։
ՀԵՆԱԿԵՏԸ ՀԱՆՁՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
2024 թվականի գարնանը սահմանազատման անվան տակ Ադրբեջանին հանձնվեցին Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան, Բաղանիս գյուղերի սահմանամերձ տարածքներում գտնվող, 30 տարի ամրացված պաշտպանական դիրքերը, որոնք մարտավարական կարեւոր նշանակություն ունեին սահմանի այդ հատվածի պաշտպանության համար։ Սահմանազատման գործընթացով «Նոր տարի» հենակետը մնում էր Հայաստանի տարածքում, ծառայելու էր Հայաստանի պաշտպանությանը։ Սակայն, այդ հենակետում ծառայողներին սնունդ հասցնելու դժվարությունների պատրվակով, իրականում Հայաստանի իշխանության եւ զինվորական հրամանատարության անպատասխանատվության հետեւանքով այդ հենակետը հանձնվեց Ադրբեջանին, այդ մարտական դիրքում այժմ ծածանվում է Ադրբեջանի դրոշը։ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը սահմանազատման անվան տակ Տավուշից` մարտական դիրքեր, Կիրանց գյուղի հողերը հանձնելուց հետո ստացավ գեներալ-մայորի կոչում եւ պաշտպանության նախարարությունում այլ պաշտոն ստացավ։ Բարձր դիրք ունեցող «Նոր տարի» հենակետը վերահսկում է Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհով երթեւեկությունը:
ՃԱՆԱՊԱՐՀԸ ՄԻԱԿՈՂՄԱՆԻ Է
2024 թ. մայիսի 27-ի ջրհեղեղից Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի եզրին բազում հատվածներ վնասվեցին։ Սակայն միջպետական ավտոճանապարհի քանդված եզրերից միայն մի հատված է վերականգնվել՝ Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին, «Գետափ» ռեստորանային համալիրի մոտ ճանապարհի եզրի քանդվածը։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը հայտնել էր, որ այն կվերականգնվի մինչեւ 2024 թվականի ավարտ, սակայն դրա նորոգումն ավարտվեց 2025 թվականի սկզբին։ Սակայն մինչեւ հիմա վերականգնված չէ այդ հատվածի ասֆալտի ծածկը, որի պատճառով ճանապարհն այդտեղ միակողմանի է, տեղադրված են տրանսպորտային միջոցների արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ