
ArmLur.am-ը Ֆրանսիայի հանրապետության մայրաքաղաք Փարիզի իր թղթակցի միջոցով տեղեկացավ, որ երեկ՝ երեկոյան, քննարկվել է հայ գերիների վերադարձի հարցը:
Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (Le Conseil de Coordination des Organisations Armeniennes de France/ CCAF) կազմակերպել է տարեկան ընթրիք, որին հրավիրված են եղել Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` նախարարներ, պատգամավորներ, Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը, Ֆրանսիայում Արցախի ներկայացուցիչը, Ֆրանսիայի հայ դատի նախագահը, ֆրանսիայում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարներ եւ այլ նշանավոր անձինք։ ArmLur.am-ի թղթակիցը հայտնում է, որ միջոցառումը մասնավորապես նվիրված էր Արցախին եւ Բաքվի բանտում գտնվող Արցախի բարձրաստիճան պաշտոնյաների ազատ արձակմանը։ Միջոցառմանը հրավիրված էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով վերջին պահին չկարողացավ ներկա գտնվել:
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
«ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱՆ» ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի կողմից 10/03/2025 թվականին տարածված հաղորդագրության (պաշտոնական կայքում https://investigative.am/news/gazalcakayanner հղմամբ) համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվում է մի շարք գազալցակայանների սեփականատերերի եւ մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու նպատակով ընկերության հարկային հաշվարկներում խեղաթյուրված տվյալներ մտցնելու եղանակով հարկման օբյեկտը թաքցնելու, մասնավորապես՝ մեկ միասնական դիտավորությամբ հիշյալ ընկերությունների կողմից մատակարարվող եւ իրացվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու, նախապես հարմարեցված բեռնատար մեքենաներով գազի ապօրինի տեղափոխում իրականացնելու, կեղծ հաշվետվություններ կազմելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթը:
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն, արձագանքելով նշված հաղորդագրության մեջ տեղ գտած հայտարարությանը եւ չխախտելով որեւիցէ մեկի անմեղության կանխավարկածը, հայտնում է, որ եթե ենթադրյալ հանցագործությունը կատարվել է այդ թվում «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից մատակարարվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները ծրագրային միջամտություններով խեղաթյուրելու միջոցով, ապա մատակարարվող բնական գազի հաշվառման սարքերի տվյալները, այդ թվում ծրագրային միջամտության միջոցով խեղաթյուրելը հանդիսանում է ինչպես առեւտրային հաշվառքի սարքի խախտում` համաձայն ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 8-ի N 95-Ն որոշմամբ հաստատված Բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների, այնպես էլ հաշվառման սարքերի բնականոն աշխատանքին ապօրինի միջամտություն, որն արգելված է օրենքով: Ընդ որում, չափման համար նախատեսված սարքերի ցուցմունքներն ապօրինի փոխելը կամ դրանց բնականոն աշխատանքը խաթարելը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածով նախատեսված քրեորեն պատժելի արարք։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հիշեցնում է, որ մշտապես իրականացնում է սպառողների կողմից բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների պահպանության նկատմամբ հսկողություն, եւ պարբերաբար բացահայտում է բնական գազի օգտագործման կանոնների խախտումներ: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն հորդորում է իր բաժանորդներին հետամուտ լինել բնական գազի մատակարարման եւ օգտագործման կանոնների դրույթների պահպանմանը եւ զերծ մնալ առեւտրային հաշվառքի սարքերի նկատմամբ որեւէ ներգործությունից կամ շրջանցումից։
Միաժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հայտնում է, որ բաժանորդներին մատակարարված բնական գազի հնարավոր գողության դեպքում հանդիսանում է տուժող կողմ, եւ վերը նշված՝ 10/03/2025 թվականին տարածված հաղորդագրությամբ ներկայացված քննության ընթացքում բնական գազի հնարավոր օրինախախտումների դեպքում իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցելու ՀՀ քննչական կոմիտեի եւ այլ իրավապահ մարմինների հետ՝ ցուցաբերելով անհրաժեշտ մասնագիտական աջակցություն։