
«Սինե-ակումբ»-ը Հայաստանի ազգային գրադարանում «Մուշետ» ֆիլմի ցուցադրությամբ մեկնարկել է կինոյի պատմության մեծագույն վարպետներից մեկի՝ Տարկովսկու, Գոդարի, Դյուրասի եւ շատ ուրիշների սիրելի ռեժիսոր Ռոբեր Բրեսոնի կինոնկարների ռետրոսպեկտիվ ծրագիրը։
Ֆիլմը, որն էկրանին էր գամել բոլոր ներկաներին, ցուցադրվեց ֆրանսերեն՝ հայերեն եւ անգլերեն ենթագրերով։ Ցուցադրությունները, որ իրականացվում են չորս տարի շարունակ, կազմակերպվում են Ֆրանսիայի դեսպանության, Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի եւ «Ֆիլմադարան» ՀԿ-ի ջանքերով։ Կինոռեժիսոր, կինոգետ, «Ֆիլմադարան»-ի հիմնադիր նախագահ Գարեգին Զաքոյանի խոսքով՝ ֆրանսիական կինոն շատ հարուստ է մեծանուն տաղանդներով, սակայն Բրեսոնն առանձնահատուկ գանձ է։ «Նա համաշխարհային կինոյի ամենանշանավոր դեմքերից է։ Միայն ես չեմ այդպես կարծում։ Տարկովսկին նրան համարում էր լավագույն կինոռեժիսոր, «Մուշետը»՝ բոլոր ժամանակների լավագույն ֆիլմ, Ժան Լյուկ Գոդարը կարծում էր, որ Բրեսոնը ֆրանսիական կինոյի հայրն է։ Եթե հաշվի առնենք նաեւ ամենահեղինակավոր, պատվավոր փառատոներում ստացած մրցանակները, կարող ենք եւս մեկ անգամ հավաստիանալ մեծերի խոսքի ճշմարտացիությանը, եւ ես բնավ Ամերիկա չեմ հայտնագործում», – ասել է Զաքոյանը։
Հանրության լայն շրջանակը քաջածանոթ չէ Բրեսոնի ֆիլմերին, ուստի որոշել են հենց նրա կինոնկարները ցուցադրել։ Զաքոյանը զգուշացրել է, որ Բրեսոնը բարդ լեզու ունի, դյուրամարս ռեժիսոր չէ, ժամանցի ռեժիսոր չէ, նա լուրջ կինո է ստեղծում՝ առանց ֆոկուսների, թռվռոցների։ «Նա ասկետիկ ստեղծագործող է, մինիմալիստ է, շատ կարճ, բայց հետաքրքիր լուծումներով է ֆիլմը կառուցում ու կարողանում է հասնել գաղափարի, մտքի, իմաստի ամենախորքերին», – շեշտել է Գարեգին Զաքոյանը։
Ռոբեր Բրեսոնը, որը հեղինակային կինոյի ներկայացուցիչ է, իր ստեղծագործական կյանքի հիսուն տարվա ընթացքում նկարահանել է 13 ֆիլմ։ Այդ ֆիլմերից յուրաքանչյուրը կներկայացվի Հայաստանի հանդիսատեսին։ Անդրադառնալով հեղինակային եւ կոմերցիոն ֆիլմերի յուրահատկություններին՝ Գարեգին Զաքոյանն ասաց՝ իր համար գոյություն ունեն կոմերցիոն կինո եւ կինոարվեստ։ «Մեծ ռեժիսորը կարող է կախյալ լինել, պատվերով կինո նկարահանել, բայց արվեստի գործ ստեղծել, եւ հնարավոր է, որ շատ տաղանդավոր մարդը կոմերցիոն ֆիլմ ստեղծի, որն արվեստի գործ դառնա», – ընդգծել է նա եւ հավելել՝ Բրեսոնն ասել է՝ միշտ գիտակցել է, որ մարդը հոգի ունի, որը փնտրում է իր կապն Աստծո հետ։ Ռեժիսորն իր ֆիլմերում հենց դա է ցանկանում փոխանցել։ Զաքոյանը հորդորել է Բրեսոնի այդ խոսքերը մտքում պահել նրա ֆիլմերը դիտելիս։
«Ֆիլմադարան»-ի առաքելությունն է նպաստել կինոարվեստի տարածմանը, զարգացմանը։ Մինչ ֆրանսիական ծրագրին անցնելը կազմակերպությունը համագործակցել է Գյոթեի անվան ինստիտուտի հետ ու գերմանական ավելի քան վաթսուն ֆիլմ ցուցադրել։ Հայաստանի ֆրանսիական ինստիտուտի գործադիր տնօրեն Դավիդ Տյուրսը շնորհակալություն հայտնեց Գարեգին Զաքոյանին եւ մյուս աջակիցներին, որոնց ջանքերով հանդիսատեսը ծանոթանում է ֆրանսիական դասական կինոարվեստին։ «Բրեսոնը ֆրանսիական կինոյի պատմության մեծագույն ռեժիսորներից է։ Մենք նաեւ ժամանակակից ֆիլմերն ենք փորձում ներկայացնել հանդիսատեսին եւ համագործակցում ենք «Ոսկե ծիրան», «ՌեԱ» փառատոների հետ։ Կազմակերպում ենք ֆրանկոֆոն կինոյի փառատոնը, որը կմեկնարկի մարտի 15-ին եւ կտեւի մեկ շաբաթ։ Յուրաքանչյուր օր կցուցադրվի մեկ ֆիլմ։ Ցուցադրվող կինոնկարները նկարահանվել են վերջին տարիներին, իսկ մուտքն ազատ է բոլորի համար», – տեղեկացրեց Տյուրսը։ Ռոբեր Բրեսոնը «Մուշետ»-ը նկարահանել է 1967թ.։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Մուշետը, ապրում է հեռավոր գյուղում հիվանդ մոր եւ անտարբեր հոր հետ, միայնակ ու մերժված՝ նա աշխարհին նայում է անտրտունջ հնազանդությամբ։ Մի մթամած երեկո՝ դպրոցից վերադառնալիս, Մուշետը մոլորվում է անտառում ու հանդիպում որսագողի։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ՈՎՔԵՐ ԵՎ ԻՆՉՈՒ ԵՆ ՓՈՐՁԵԼ ԿՈՏՐԵԼ X-Ը
Օրերս Իլոն Մասկը հայտարարել է, որ X-ը՝ նախկին Twitter-ը ենթարկվել է «մասշտաբային կիբեռհարձակման», որը հանգեցրել է լայնածավալ խափանումների եւ թույլ չի տվել օգտատերերին մուտք գործել հարթակ։
X-ի դեմ կիբեռհարձակումը զարգացել է մի քանի ալիքներով՝ լուրջ խոչընդոտներ առաջացնելով հարթակի աշխատանքի համար։ Արեւելյան ժամանակով առավոտյան՝ 4:30-ին, գրանցվել է առաջին խոշոր խափանումը Հնդկաստանի օգտատերերից՝ մոտ 2200 հաղորդմամբ։ Մեկ ժամ անց ստացվել են նաեւ ԱՄՆ-ից առաջին բողոքները։ Առավոտյան՝ 5:30-ին, արդեն բազմաթիվ օգտատերեր հաղորդում էին խափանումների մասին, իսկ 9:42-ի դրությամբ Downdetector հարթակում արձանագրվել էր ավելի քան 40,000 հաղորդում։
Չնայած ժամանակավոր վերականգնմանը՝ հարթակը շարունակեց պարբերաբար խափանվել օրվա ընթացքում, ինչը ցույց տվեց հարձակման շարունակական բնույթը։
Իլոն Մասկը նշել է, որ X-ի դեմ իրականացված կիբեռհարձակումը պահանջել է «մեծաքանակ ռեսուրսներ», ինչը հանգեցրել է ենթադրությունների, որ դրա հետեւում կարող է կանգնած լինել որեւէ պետություն։ Նա հայտարարեց, որ «կա՛մ խոշոր, կոորդինացված խումբ, կա՛մ պետություն» է ներգրավված հարձակման մեջ։
Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում Մասկը նշել է, որ հաքերների IP-հասցեներն ակնարկում են Ուկրաինայի մասնակցությունը։
X-ի դեմ իրականացված վերջին հարձակումը միակը չէ, որ տեղի է ունեցել Իլոն Մասկի ղեկավարության ներքո։ 2022-ին 44 միլիարդ դոլարով հարթակը ձեռք բերելուց ի վեր այն բախվել է մի քանի խոշոր խափանումների։
Մանրամասները՝ ArmLur.am կայքի համանուն հրապարակման տեսանյութում։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ