
Լուսանկարն արվել է Երեւանում
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր տանող ստորգետնյա անցումը, ինչպես տեսնում ենք լուսանկարից, անմխիթար վիճակում է։
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Հետաքրքիր է իմանալ, լինո՞ւմ են դեպքեր, երբ հոգեւորականը սխալ խորհուրդ է տալիս:
Հռիփսիմե Մարտիրոսյան (43 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հոգեւորականը մարդ է եւ կարող է երբեմն սխալվել: Սակայն մենք ընդունում ենք, որ անհատական խոստովանության ժամանակ երկու անձ չէ, որ ներկա են: Զրույցի ընթացքում Աստծո ներկայությունը կա: Աստծո ներգործությունը հոգեւորականի միջոցով փոխանցվում է ապաշխարողին: Խոստովանողի առաքինությունը ապաշխարության մեջ է, եւ եթե նա պարզամտությամբ կատարի խոստովանահոր խրատը, Աստված օգնական կլինի նրան, կլսի նրա աղոթքները եւ դա նրան արդարություն կհամարվի, ինչպես Աբրահամին, որ առանց երկմտության Աստծո հրամանին հնազանդվելով՝ կամենում էր զոհել իր զավակ Իսահակին:
Օրհնությամբ՝ Տ. Գարեգին աբեղա Հարությունյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Աստծո հետ զրույցում պետք է հնարավորինս անկեղծ, ազնիվ գտնվել, որպեսզի աղոթքներն եւ զրույցները տեղ հասնեն։
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ում եւ ինչ կարգով է վճարվում կենսաթոշակառուին հասանելիք եւ նրա մահվան պատճառով չստացված կենսաթոշակի գումարը:
Անի Հովհաննիսյան (37 տարեկան, դիզայներ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Ա. Հովհաննիսյանի հարցին ի պատասխան տեղեկացնում ենք, որ կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է մահացածի ամուսնուն կամ 14 տարեկան եւ դրանից բարձր տարիքի անչափահաս երեխային` անկախ կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ նույն վայրում (հասցեում) հաշվառված լինելու հանգամանքից, իսկ ընտանիքի այլ անդամին` եթե նա, ըստ Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրում առկա տվյալների, կենսաթոշակառուի մահվան օրվա դրությամբ նրա հետ համատեղ հաշվառված է եղել նույն վայրում (հասցեում): Անչափահաս կամ խնամակալության տակ գտնվող կենսաթոշակառուի մահվան դեպքում չվճարված կենսաթոշակի գումարը վճարվում է նաեւ նրա օրինական ներկայացուցչին` ծնողին, որդեգրողին կամ խնամակալին:
Այդ գումարը վճարվում է, եթե դիմումը եւ անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում են ներկայացվում կենսաթոշակառուի մահվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Վեցամսյա ժամկետում չդիմելու դեպքում կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի գումարը ենթակա է ժառանգման:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ թաղման նպաստ նշանակելու եւ վճարելու կարգը, վճարելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը եւ թաղման նպաստի չափը սահմանում է ՀՀ կառավարությունը: ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի թիվ 1734-Ն որոշմամբ՝ կենսաթոշակառուի մահվան դեպքում վճարվող թաղման նպաստի չափը սահմանվել է 200000 դրամ: