Առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետության Նախագահին առընթեր Սահմանադրական բարեփոխումների հանձաժողովն այսօր ժամը 12-ին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին է ներկայացնելու Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծը, որը քիչ առաջ հրապարակվել է Արդարադատության նախարարության կայքում:

Հայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին:

Հայեցակարգի նախագիծը 45 էջանոց փաստաթուղթ է, որով որպես կառավարման համակարգի հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգը՝ ելնելով հանրապետությունում առկա մի շարք իրողություններից:
Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով

1. Հանրապետության Նախագահն ընտրվում է Ազգային ժողովի կողմից` յոթ տարի ժամկետով, առանց վերընտրման իրավունքի, ընտրական իրավունք ունեցող ոչ կուսակցական թեկնածուներից:

Նման կարգով ընտրված Հանրապետության Նախագահը հնարավորություն կունենա լիարժեք կերպով ստանձնել վերկուսակցական նախագահին բնորոշ բոլոր գործառույթները։

Նրա հիմնական առաքելությունը կլինի Սահմանադրության պահպանմանը հետևելը, հակակշռող և զսպող լիազորությունների արդյունավետ գործադրումը, ինչը հնարավոր է միայն այն դեպքում, երբ նա
չունի ուղղակի ներգրավվածություն քաղաքական ընթացիկ խնդիրներում, վերկուսակցական է, անաչառ և կատարում է, առաջին հերթին, հաշտարարի ու միջնորդի դեր՝ ունենալով երկրի զարգացման դինամիկ հավասարակշռությունն ապահովելու կարևոր առաքելություն։

Դա համակարգային կայունության ապահովման ամենագործուն երաշխիքը կարող է դառնալ։

Վարչապետը

2. Վարչապետը պաշտոնն ստանձնում է խորհրդարանական ընտրությունների արդյունքով, կառավարությունը ձևավորվում է վարչապետի կողմից և պատասխա նատու է միայն Ազգային ժողովի առջև:

Սահմանադրական երեք մարմինների միջև իշխանությունների գործառութային բաժանումը տվյալ դեպքում կլինի առավել հստակ։ Ազգային ժողովը՝ որպես օրենսդիր իշխանություն, վերահսկողություն կիրականացնի գործադիր իշխանության
բարձրագույն մարմնի՝ կառավարության նկատմամբ, իսկ Հանրապետության Նախագահը կհետևի օրենսդրի և գործադրի կողմից Սահմանադրությամբ ամրագրված կանոնների պահպանմանը։

Նշվում է, որ վերոնշյալ խնդիրների արդյունավետ լուծման համար նման համակարգը պետք է ենթադրի գործադիր իշխանության ղեկավարի համար պառլամենտական կայուն մեծամասնության առկայություն:

Նման համակարգում.

ա) կլինի միասնական գործադիր իշխանություն՝ վարչապետի գլխավորությամբ, առանց դուալիստական գործադիր իշխանության վտանգի, հատկապես երկրի համար կենսական կարևորություն ունեցող այնպիսի ոլորտներում, ինչպիսիք
են արտաքին քաղաքականությունը, ազգային անվտանգությունը և պաշտպանությունը,

բ) չի կարող լինել խորհրդարանի և Հանրապետության Նախագահի միջև
առճակատում, քանի որ Հանրապետության Նախագահը կլինի վերկուսակցական
անաչառ արբիտր,

գ) «պատահական» անձանց իշխանության գալու վտանգը և իշխանության գերանձնավորումը խիստ կնվազի, քանի որ վարչապետ կարող է դառնալ միայն ամենաուժեղ և հանրորեն ընդունելի քաղաքական կուսակցության ղեկավարը.

դ) չի լինի իշխանության գերկենտրոնացում գործադիր իշխանության ղեկավարի ձեռքում՝ չունենալով համարժեք քաղաքական պատասխանատվություն խորհրդարանի առջև.

ե) կառավարության քաղաքական պատասխանատվությունը խորհրդարանի առջև կնպաստի կոլեգիալ կառավարմանը.

զ) կբարձրանա խորհրդարանի քաղաքական դերը՝ ինչպես օրենսդիր, այնպես էլ վերահսկողություն ունեցող մարմնի, որտեղ պետք է էականորեն ուժեղացվի ընդդիմության դերը.

է) խորհրդարանի քաղաքական դերի բարձրացումը կնպաստի կուսակցությունների կողմից իրենց բուն գործառույթների իրականացմանը և երկրում աստիճանաբար երկբևեռ դասական քաղաքական համակարգի ձևավորմանը.

ը) երկիրը կկարողանա ավելի ճկուն դիմագրավել արտաքին քաղաքականմարտահրավերներին, քանի որ քաղաքական որոշումների ընդունման ամբողջ գործընթացը կլինի ավելի կոլեգիալ և ավելի նվազ չափով անձնավորված։

Սահմնադրական փոփոխությունների այս նախագծով անդրադարձ կա նաև ընտրական իրավունքին և ընտրական համակարգին:

Ընտրական իրավունքին վերաբերող սահմանադրական դրույթներից վերանայման կարիք ունեն հետևյալ խնդիրները.

– ընտրական իրավունքի հնարավոր սահմանափակման շրջանակները:
– Ազգային ժողովի ընտրական համակարգի հիմնական գծերը:
-Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կարգավիճակի սահմանումը:

Ըստ Վենետիկի հանձնաժողովի «Ընտրությունների վերաբերյալ ուղեցույցի» (CDL-AD(2002)23 rev.)` դատապարտյալները կարող են զրկվել ընտրելու իրավունքից միայն ծանր հանցագործությունների դեպքում:«Սահմանադրությունում նման սահմա-
նափակում սահմանելն ավելի նպատակահարմար է, քան պատիժը կրող դատապարտյալներին ընտրելու իրավունքից ընդհանրապես զրկելը»,-նշվում է նախագծում:

Հավելվում է, որ գործող խառը ընտրական համակարգը չունի հստակ ուղղվածություն և քաղաքական փոխզիջումների արդյունք է, մի կողմից, մեծամասնական, մյուս կողմից՝ համամասնական ընտրակարգերի կողմնակից քաղաքական ուժերի միջև։

Կուսակցական կարծր ցուցակները կուսակցությունների ղեկավարներին փաստացի վերապահում են իրենց ցուցակի պատգամավորների ընտրության հարցը, իսկ ընտրողները որոշակի առումով օտարվում են նախընտրած թեկնածուների ընտրության հարցում վճռորոշ ազդեցություն ունենալուց։

Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Կայուն ընտրական համակարգ ապահովելու համար դրա հիմնական գծերը պետք է ամրագրվեն հենց Սահմանադրությամբ։

Դա, մասնավորապես, հնարավորություն կտա, որպեսզի ժամանակի ընթացքում ընտրական համակարգը լիովին դրսևորի երկբևեռ քաղաքական համակարգը խթանելու իր ներուժը։ Խորհրդարանի ընտրական համակարգի սահմանադրական ամրագրումը լայնորեն կիրառվում է Եվրոպական միության ինչպես հին (Բելգիա, Նիդեռլանդներ, Լյուքսեմբուրգ, Դանիա, Շվեդիա, Նորվեգիա, Իսլանդիա, Իռլանդիա, Ավստրիա, Շվեյցարիա, Իսպանիա, Պորտուգալիա), այնպես էլ նոր անդամ երկրներում (Էստոնիա, Լատվիա, Չեխիա)։




Լրահոս