ԲՀԿ-Ն ԽՈՒՍԱՓՈՒՄ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԻՑ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթը հասցրել է շախմատային անվանում ստանալ. ներքաղաքական այս մեծ պարտիայում այն համեմատում են «պատառաքաղ» տերմինի հետ: Ու ամենեւին չափազանցրած չենք լինի, եթե ասենք, որ  ԲՀԿ-ի հետ հնարավոր համագործակցության մասին ակնարկները լուրջ աժիոտաժ են առաջացրել իշխանական դաշտում: Ավելին, անգամ իշխանական ճամբարի ներկայացուցիչներն են մասնավոր զրույցներում խոստովանում, որ Տեր-Պետրոսյանը ծանր կացության մեջ է դրել ե՛ւ ՀՀԿ-ին, ե՛ւ ԲՀԿ-ին:
Միայն թե ԲՀԿ-ն չի շտապում պաշտոնապես պատասխանել Տեր-Պետրոսյանի հայտարարություններին. ԲՀԿ առաջնորդն այս օրերին գտնվում է Դուբայում եւ մեծ շուքով նշում իր ծննդյան 55-ամյակը: Եւ սա այն դեպքում, երբ քաղաքական դաշտում իրադարձություններն անակնկալ կերպով սկսել են ընթանալ չնախատեսված հունով՝ իրենց առանցքում ունենալով հենց նույն Ծառուկյանի ղեկավարած կուսակցությունը: Ու մինչ քաղաքական դաշտն ինչ-որ տեղ սպասում է ԲՀԿ արձագանքին, վերջինիս առաջնորդը պարզապես զվարճանում է արտերկրում՝ հավանաբար չգիտակցելով, որ տվյալ իրավիճակում նման պահվածքը պարզապես անլրջացնում է այս կուսակցությանը: Դժվար է հավատալ, որ ԲՀԿ-ն հիմա, հրճված իր հետ համագործակցելու մասին ակնարկներից, պարզապես պչրուհու պես սեթեւեթում է: Տեսակետ կա, որ մի կողմից սեփական հաճույքները վեր դասելով ամեն ինչից, մնալով Դուբայում` Ծառուկյանը մյուս կողմից փորձում է ժամանակ շահել ու հարմար պատասխան գտնել: Ի վերջո, նրան էլ հեշտ չէ միանգամից արձագանքել ընդդիմության առաջնորդի ելույթին, մանավանդ, երբ խոսքը Քոչարյանի հետ կապերը խզելու մասին է:
Ծառուկյանի մամուլի խոսնակ Խաչիկ Գալստյանն ասաց, որ քանի դեռ Ծառուկյանը ՀՀ-ում չէ, իրենք պաշտոնապես չեն կարող արձագանքել Տեր-Պետրոսյանի ելույթին: Այս օրերին ընդդիմության առաջնորդի հայտարարությունների վերաբերյալ ԲՀԿ-ից հնչած մեկնաբանությունները լավագույն դեպքում կարելի է համարել այդ կուսակցության անդամ պատգամավորների անձնական տեսակետ: Իսկ հնչեցրած մեկնաբանություններն էլ ընդամենը հերթապահ արտահայտություններ են. ԲՀԿ-ն պատրաստ է առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրություններն ազատ եւ արդար անցկացնելու համար համագործակցել բոլոր քաղաքական ուժերի հետ, ու որ այլոք համագործակցել ցանկանում են, քանի որ գիտեն՝ ԲՀԿ-ն ազդեցիկ, մեծ քաղաքական ուժ է:
Մինչ այդ, ուշագրավ է ՀՀԿ պահվածքը: Այստեղ արտաքուստ փորձում են չեզոքություն պահպանել՝ ձեւացնելով, թե Տեր-Պետրոսյանի հայտարարություններն իրենց չեն վերաբերում, հետեւաբար նաեւ՝ չեն հետաքրքրում, ու որ թող այդ խոսքերը մեկնաբանեն նրանք, ում ուղղված է:
Ինչեւէ, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական թիմ ինքն է իր ռազմավարությունը մշակում: «Մենք այդտեղ խորհելու խնդիր չունենք»,-ասաց նա՝ հավելելով, թե այնտեղ չկան սենսացիաներ: Մեր հարցին՝ տեսակետ կա, որ ՀՀԿ-ում բացասաբար են ընդունել ԲՀԿ հասցեին հաճոյախոսությունը, Սահակյանը նշեց. «Դա կասկածամտություն է, այլ ոչ թե տեսակետ է: Նման տեսակետ չէր կարող լինել, որովհետեւ համագործակցության հիմքեր չենք տեսնում: Դրա համար չկան քաղաքական պայմաններ»: Իսկ թե Կոնգրեսի հետ կոալիցիոն ԲՀԿ-ի համագործակցության հավանականությունը որքանով է ձեռնտու ՀՀԿ-ին, Գալուստ Սահակյանը հստակ պատասխան չտվեց. «ՀՀԿ-ին ձեռք է տալիս, որ ցանկացած կուսակցություն իր ռազմավարությունը մշակի ոչ թե այս կամ այն կուսակցության հաշվին, այլ ներկայանալի դառնա հասարակությանը: Ամեն դեպքում, ցանկացած քաղաքական ուժ ինքն է որոշում, թե ում հետ համագործակցի»:
Հ.Գ. «Ժողովուրդ»-ի հարցին, թե Դուբայում գտնվող  Գագիկ Ծառուկյանը տեղյակ է ՀԱԿ առաջնորդի քաղաքագիտական վերլուծությունից եւ ըստ էության` առաջարկից, ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը պատասխանեց, որ իրենք չեն տեղեկացրել, հնարավոր է, որ համացանցով կարդացած լինի կամ իրեն ասած լինեն:  

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս