«Իմ սուրբ հայրենիք, դու սրտիս մեջ ես,
Դու սրտիս մեջ ես, ոչ լեզվիս վրա,
Իմ սրտի միջից, թե սիրտս ճեղքես՝
Դրոշիդ բոցը պիտի հուրհրա»,- Հովհաննես Շիրազ
Ահա այսպես է գրողը հայրենիքի հանդեպ ունեցած իր անսահման սիրո մասին գրել։
Այսօր Հովհաննես Շիրազի հիշատակի օրն է։ Նա գրող էր, որը հայրենիքը մեծագույն սիրով էր սիրում։
Օնիկը՝ Հովհաննես Շիրազը, որբանոցից փախած փոքր երեխա էր, որը շատ ժամանակ տղաների հետ պտտվում էր շուկայում՝ ուտելիք գտնելու հույսով։
Գյումրեցի հայտնի զվարճաբան Պոլոզ Մուկուչն էլ մի վաճառասեղան ուներ, որի վրա շողշողում էին ամենահամեղ տանձերն ու խաղողները։
Մի անգամ տղաների սովահար հայացքները տեսնելով՝ Մուկուչը բարկանում է ու քշում նրանց, բայց երբ իմանում է, որ Օնիկը բանաստեղծություններ է գրում, տալիս է առաջադրանք՝ հորինել բանաստեղծություն իր տանձերի մասին:
Փոքրիկ Օնիկն էլ հորինում է բանաստեղծությունը, որը ներկայացնում ենք ստորև․
«Տանձը, քեռի, ծառից կեղնի,
Թե որ հասավ, անուշ կեղնի:
Ընկավ գետնին՝ մաս-մաս կեղնի,
Օրենքն է սա ժամանակի…»։
Պոլոզ Մուկուչը նայում է մի ոտքին հին կոշիկ հագած, մյուսին՝ կտորներ փաթաթած պայծառ պատանուն և բոլորին հրավիրում համտեսի:
Իսկ երեկոյան տղաների պատվին հյուրասիրություն է կազմակերպում իր տանը:
ArmLur.am-ը ներկայացնում է Հովհաննես Շիրազի կյանքից հետաքրքիր դրվագներ։
Ինչպես արդեն նշեցինք, Հովհաննես Շիրազը որբանոցում է եղել։ Շիրազի հորը թուրքերը սպանել են, երբ գրողը եղել է ընդամենը 5 տարեկան, իսկ մայրը, աշխատանք չունենալով ու չկարողանալով կերակրել երեխաներին, սովից փրկելու համար ստիպված որբանոց է տարել։
5-7 տարեկաններում Շիրազն ապրել է Գյումրիում բացված ամերիկյան որբանոցում։ Շիրազը ոչ միայն տաղանդավոր էր գրելու առումով, այլև ուներ ձեռքի յուրահատուկ շնորհք։ Շիրազի` որբանոցից փախնելուն օգնել է հենց այդ շնորհքը․ Շիրազը խմորից արձանիկներ է պատրաստել, որով կաշառել է որբանոցի պահակին և փախել։ Փախուստից հետո փոքրիկ Օնիկի տունը փողոցն է եղել։ Վերջինս քնում էր եկեղեցու բակում կամ ծառերի տակ, իսկ երբեմն էլ՝ շան բնում։
Շիրազի մայրը՝ Աստղիկը, Կարսից է եղել, իսկ հայրը՝ Թադևոսը՝ Գյումրիից։ Մանկության օրերը հիշելիս Շիրազն ասել է. «Մորս տունն օր սոված կքնեինք, կթվար, թե էս աշխարհը դժոխք է։ Մերս օր տարավ ամերիկացու լոբին կերանք՝ կթվար, թե աշխարհը դրախտ է, կուշտ քնելն էլ է լավ բան։ Բայց օր ճաղերից կնայեինք մարդկանց տարած մրգերի գույնին, կմտածեինք մրգի գույնը համ ունի՞»։
Ապրելու, գոյատևելու համար Հովհաննեսը գողություն էր անում և գողության միջոցով էլ մի օր գտավ մորը։ Գողության թիրախն իր կամքից անկախ այդ անգամ եղել է մայրը, ում համար հետագայում պետք է գրեր իր առաջին գիրքը՝ «Հուշարձան մայրիկիս»-ը։
Շիրազը «Հայոց անունները» պոեմ ունի, որտեղ ծաղրում է օտարամոլությունը․
Մարդ չգիտի խնդա՞, թե լա.
Մի՞թե չկար, որ չեն դրել,
Հայ մի անուն մարդավայել,
Որ կնքել են Արգենտինա,
Կարծես երկրի քարտեզ է նա.
Մեկն էլ մի ջուխտ աղջիկ բերել,
Գիտե՞ք անունն ինչ է դրել ․
Մեծ աղջկան՝ Գալանտերիա,
Իսկ փոքրինը՝ Դիզինտերիա․․․
Համո Սահյանն էլ պատասխան է գրում․ «Օտար անունն առել վրան, ծաղր է անում սրան-նրան։
Շիրազի բանաստեղծական անունը կնքել էր Ատրպետը՝ նկատի ունենալով, որ նրա երգերը վարդաբույր են, թարմ ու ցողապատ, ինչպես Իրանի Շիրազ քաղաքի հայտնի վարդերը։ Բայց Շիրազն այլ կերպ էր բացատրում իր գրական անունը՝ Շիր-ազն՝ Շիրակի որդի։ Մտածել էր նաև իրեն Շիրակ, Շիրակացի անվանելու մասին, բայց ժողովրդի մեջ արդեն արմատացել էր Շիրազ անունը։
Շիրազը հայտնի էր իր լավ հումորի զգացումով։ 1960-ականների սկզբներին Ջոն Ստեյնբեկը այցելում է Երևանում պոետի բնակարան, ավելի ուշ Շիրազին ուղղված իր նամակում գրում է․ «Մարդիկ հարազատ են զգում միասին, երբ նրանք միասին ծիծաղում են։ Եվ ես հիշում եմ, որ Երևանում մենք մի լավ ծիծաղեցինք»։ Եվգենի Եվտուշենկոն և Ալեքսանդր Գիտովիչը պոեմներ են նվիրել Շիրազին։
Շիրազը հանրահայտ և սիրելի պոետ էր Սովետական Հայաստանի ժողովրդի կողմից։ 1974 թվականին, երբ հայտնի քննադատ Սուրեն Աղաբաբյանը Շիրազին հայտնեց նրան Լենինի շքանշանով պարգևատրելու մասին, պատասխանը հետևեց. «Եվ փոխարենը ի՞նչ են նրանք [Սովետական կառավարությունը] ուզում։ Իմ լռությունը գնե՞լ»։
Շիրազի առաջին կինը ևս բանաստեղծուհի է եղել։ Վերջինիս առաջին կինը հանրահայտ Սիլվա Կապուտիկյանն էր, ումից Շիրազն ունեցավ մեկ երեխա՝ Արա Շիրազը, ով քանդակագործ էր։ Իր երկրորդ կնոջից՝ Շուշանից յոթ երեխա ունեցավ։ Նրանց որդին՝ Սիփան Շիրազը պոետ էր։
Շիրազի գրչին են պատկանում նաև «Սիրուց քաղցր էլ ի՞նչ կա որ», «Սիրո հիասթափություն», «Աստղերը մի օր լուսնյակին ասին» և այլ հանրահայտ բանաստեղծություններ։
Շիրազը Հայկական ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, ԽՍՀՄ գրողների միության անդամ է եղել։
Թաղված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում՝ այլ հանրահայտ հայերի կողքին։ Մահվանից 20 տարի անց, համաձայն Շիրազի կտակի (նշված Շիրազի բանաստեղծություններից մեկում), մի քանի հայրենասեր հայերի շնորհիվ նրա սիրտը թաղվել է Արարատ լեռան բարձունքներում՝ սառույցի մեջ։
Հովհաննես Շիրազի անվամբ են կոչվում Երևանի թիվ 169 դպրոցը և Սպահանի մարզի Ջուղայի մի փողոց։ Գյումրիի 19-րդ դարի կառույցում բացվել է Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանը։
Աննա Սրապիոնյան





























