Չնայած նոր կառավարությունը դեռևս չի ձևավորվել, բայց գործադիրի այսօրվա նիստում արդեն ընդունվել է «հանրային կառավարման համակարգում կոռուպցիայի դեմ պայքարի» հայեցակարգը:
Առաջին հայացքից հերթապահ այս հայեցակարգով իշխանությունը փաստորեն հայտարարում է, թե պայքարում է կոռուպցիայի դեմ ու մինչև անգամ շահագրգռված է դրա շարունակականության ապահովման հարցում:
Այսօր նոր հայեցակարգն է ներկայացվել, որով նախատեսվում է միջազգային չափանիշներին համապատասխան փոփոխել պայքարի գործող մեխանիզմները: Որևէ մեկը չի ժխտի, որ կոռուպցիա դեմ պայքարը նոր չէ, որ պետական քաղաքականության առանցքային հարցերից է դառնում:
Փաստորեն եկել է ժամանակը թեման թարմացնելու ու հասարակությանը հիշեցնելու, որ կաշառակերության դեմ պայքարելու ցանկություն այնուամենայնիվ կա:
Այլ հարց է, թե ինչ կտա մեր երկրին չափանիշների միջազգայնացումը և այդ ուղղությամբ գործադրվելիք ջանքերը: Ամեն դեպքում միջազգային կառույցները նույնպես մեր երկիրը մշտապես գերկոռումպացված են համարել, ինչը միայն առիթից առիթ է հետաքրքրել հայրենի պաշտոնյաներին: Ավելացնենք, որ այսօրվա նիստում հակակոռուպցիոն նոր հայեցակարգ ընդունելով՝ գործագիրը խոստովանել էր, որ այս պահին կոռուպցիայից ազատագրվելու առաջնահերթություն ունեն հատկապես կրթության, առողջապահության, պետեկամուտների, ոստիկանության համակարգերը: