Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը մտահոգություն է հայտնել Հայաստանում Եվրամիության առաքելության վերաբերյալ՝ զգուշացնելով, որ նրա ներկայությունը ադրբեջանա-հայկական սահմանի երկայնքով կարող է վտանգել Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունը։
Բաքվի 12-րդ Գլոբալ ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում Մամեդովը քննադատել է ԵՄ առաքելությանը, որն արդեն երկու տարի գործում է քաղաքացիական նախաձեռնության քողի ներքո։ Նա հայտարարել է, որ իրականում առաքելությունը ներգրավված է հետախուզական գործունեության մեջ՝ լուրջ վտանգներ ստեղծելով տարածաշրջանային կայունության համար։
Փոխնախարարի խոսքով, թեև Բաքուն և Երևանն արդեն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության համար կան մի շարք կրիտիկական նախապայմաններ, այդ թվում՝ Հայաստանի ռազմականացման դադարեցումը և երրորդ երկրների՝ տարածաշրջանում չմիջամտելը։
Խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետի և վայրի մասին հարցին ի պատասխան փոխնախարարը նշեց, որ դեռ վաղ է այդ մասին խոսել։
























