«Հայաստանն իր արտաքին շահը դեռ վաղուց է վտանգել, իսկ Ղրիմում Ռուսաստանի գործողությունները դատապարտող ԵԽԽՎ բանաձևին դեմ քվեարկելով` ավելի շատ է վտանգում»,- Armlur.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Երկրի վարած արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է, ուստիև ինչպիսին ներքին վիճակն է, այդպիսին էլ պետք է լինի արտաքին վիճակը:
ԵԽԽՎ-ում և ՄԱԿ-ում կայացած քվերակություններին Հայաստանի արտահայտած դիրքորոշումից և ՄՄ անդամության մասին հայտարարությունից հետո մեր երկրի արտաքին շահերն ավելի են վտանգվել:
Ցավոք սրտի, Հայաստանն օր օրի միջազգային գործընթացներում սուբյեկտայնությունից վերածվում է օբյեկտայնության, իսկ չկանխամտածված պահվածքն ավելի խոցելի է դարձնում մեզ»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը:
«Ժառանգության» գործչի խոսքով, թվում էր, թե Հայաստանի նվիրվածության համար Ռուսաստանը պետք է ավելի սերտ համագործակցեր Հայաստանի հետ, հաշվի առներ ՀՀ անվտանգության հարցերը ՝ մինչդեռ օրերս այդ երկրի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի այցը Բաքու և ռազմական ծրագրերի վերաբերյալ երկկողմ պայմանավորվածությունները հակառակն են ապացուցում:
«Մենք որևէ կողմից այլևս պաշտպանված չենք, ավելին, մեր բոլոր խաղաքարտերը տվել ենք պուտինյան իշխանությանը»,- ասաց Մարտիրոսյանը:
Անի Ղազարյան