ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համար նախատեսված գումարնե՞րն էլ «ուիգմորականներին»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բազմիցս անդրադարձել ենք, առողջապահության ոլորտի տարբեր ներկայացուցիչների, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի կողմից «Ուիգմոր» ԲԿ-ի նկատմամբ դրսևորվող տարօրինակ համակրանքի և հնարավոր փոխկապակցվածության մասին։
Տարօրինակ համակրանքի և հնարավոր փոխկապակցվածության մասին էր խոսում այն փաստը, որ, Ավանեսյանի նախարար նշանակվելուց հետո Պուշկինի 56 հասցեում տեղակայված «Ուիգմոր քլինիք» բժշկական կենտրոնի պետական ֆինանսավորումը բավականին մեծ տեմպերով աճել է։ Բացի այդ, ArmLur.am-ը գրել էր, որ մեկ այլ «ուիգմորի» 2022 թվականին հիմնադրված «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց» բժշկական կենտրոնին Առողջապահության նախարարությունը տրամադրել էր նորաբաց բուժհաստատության համար աննախադեպ չափի՝ ավելի քան 600 միլիոն դրամի պետական պատվեր։
Դեռևս 2023 թվականին հայտնի դարձավ, որ Գլոբալ հիմնադրամից են վարձատրվել Պետական առողջապահական գործակալությունում քաղաքացիաիրավական պայմանագրերով փորձագետներ գրանցված բժիշկներ։
ՁԻԱՀ-ի, մալարիայի և տուբերկուլյոզի դեմ պայքարի գլոբալ հիմնադրամը ստեղծվել է 2000-ականների սկզբին մեծ ութնյակի երկրների ղեկավարների նախաձեռնությամբ կարևոր սոցիալական նշանակություն ունեցող երեք ինֆեկցիոն հիվանդությունների՝ ՁԻԱՀ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի համար։
Եթե կարճ ու կոնկրետ լինենք, ապա Գլոբալ հիմնադրամը մի հիմնադրամ է, որի գերագույն նպատակն է աղքատ և զարգացող երկրներում մոլեգնող այս երեք ինֆեկցիոն հիվանդությունների կանխարգելումը, այս հիվանդություններն ունեցող բուժառուներին բուժելը, դեղորայքով ապահովելը և այլ ծառայություններ մատուցելը։
Գլոբալ հիմնադրամը արդեն շուրջ երկու տասնամյակ Հայաստանում ֆինանսավորում է ՄԻԱՎ-ի, տուբերկուլյոզի և մալարիայի դեմ պայքարի կարևոր ծրագրեր՝ պետական բժշկական հաստատությունների և հասարակական կազմակերպությունների միջոցով։
Եվ այսպես, ArmLur.am-ը տեղեկացավ, որ 2023 թվականի ընթացքում ՊԱԳ-ում փորձագետներ գրանցված Ուիգմորում աշխատող բժիշկները Անահիտ Ավանեսյանի որոշմամբ վարձատրվել են Գլոբալ հիմնադրամի միջոցներից։
Ընդ որում, Ավանեսյանն ապահովել է, որ ՊԱԳ-ում քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող՝ բժիշկ-փորձագետների աշխատավարձերը շատ ավելի բարձր լինեն, քան ՊԱԳ-ում աշխատող հաստիքային փորձագետների աշխատավարձերը՝ հավանաբար առաջնորդվելով Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակի «Բոլոր անասունները հավասար են, սակայն որոշ անասուններ ավելի հավասար են, քան մյուսները» սկզբունքով։

Նախարարությունում վստահ են, որ այս չլսված ու չտեսնված ավանտյուրան եղել է նախարարի, «ուիգմորների» Զավեն Քոլոյանի և «ուիգմորների» ու Ավանեսյանի մայրիկին պատկանող «Արֆարմացիա» դեղ ներկրող ընկերության նախկին ֆինանսիստ, ոչ վաղ անցյալում ՊԱԳ-ի պետ Ահարոն Բարսեղյանի մտահղացումը։ Առողջապահության նախարարությունը «ուիգմորների» բժիշկների հետ այս արկածախնդիր համագործակցությունը դադարեցրեց 2024 թվականի տարեսկզբին։ Իսկ կարճ ժամանակ անց Ահարոն Բարսեղյանը լքեց ՊԱԳ-ի պետի պաշտոնը, ապա նաև արդեն ապրիլին մամուլից տեղեկացանք, որ Զավեն Քոլոյանն ու Ահարոն Բարսեղյանն անցնում են քրեական գործով։
Սակայն պարզվում է՝ ՁԻԱՀ-ով, տուբերկուլոզով և մալարիայով հիվանդների համար նախատեսված ֆինանսական միջոցներից սնվելն այսքանով չի ավարտվել։
Հետաքրքիր զուգադիպությամբ Գլոբալ հիմնադրամից մի քանի տասնյակ միլիոն դրամի ֆինանսավորում է ստացել նաև Զավեն Քոլոյանի կողմից 2021 թվականի մայիսին հիմնադրված մեկ այլ կազմակերպություն՝ «Շարունակական մասնագիտական զարգացում» փակ բաժնետիրական ընկերությունը։ Ընդ որում՝ այս կազմակերպությունը տեղակայված է Պուշկինի 56 հասցեում։ Այս հասցեում են տեղակայված նաև Ուիգմոր քլինիքը և Արֆարմացիան։
Հիրավի անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ականատես ենք, թե ինչպես են կարևորագույն առողջապահական նպատակների՝ ՁԻԱՀ-ի հակազդման համար նախատեսված տասնյակ միլիոնների հասնող ֆինանսական միջոցները կասկածելի եղանակներով մսխվել։
Ի դեպ, մեր տեղեկություններով Գլոբալ հիմնադրամից ստացված գումարներով իրականացված դասընթացների դասախոսներից են եղել նաև Զավեն Քոլոյանի ընկերները՝ նույն ինքը Ահարոն Բարսեղյանն ու Ստեփան Աթոյանը։ Վերջինս ներկայումս Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենն է։




Լրահոս