
Մարտի 13-ին ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը մասնակցել է ԵԽ երևանյան գրասենյակի կողմից իրականացվող «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հետագա ամրապնդումը» և «Աջակցություն Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը» ծրագրերի Համակարգող խորհրդի առաջին համատեղ հանդիպմանը։ Հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից:
Հանդիպմանը ներկա էին Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, ներկայացուցիչներ Ներքին գործերի նախարարությունից, շահագրգիռ այլ գերատեսչություններից և ԵԽ փորձագետներ։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանությանը, Հայաստանում պրոբացիայի ծառայության հետագա հզորացմանը, ծրագրի գործողություններին, արդյունավետ իրականացումն ապահովող կարգավորումներին վերաբերող և մի շարք այլ թեմաներ։
Արմեն Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի խորհրդին և ներպետական մարմիններին` ներդրած ջանքերի և համագործակցության ակտիվացման համար: «Ազատությունից զրկված անձանց իրավունքների պատշաճ ապահովումը ՆԳՆ առաջնահերթություններից է և, չնայած անելիքներին, պետք է արձանագրեմ, որ այս ոլորտում ունենք տեսանելի առաջընթաց, ինչը փաստում են նաև միջազգային հեղինակավոր կազմակերպությունների ուսումնասիրությունները և զեկույցները», – ընդգծել է ՆԳ նախարարի տեղակալը։
Արմեն Մկրտչյանը կարևորել է Ստամբուլյան արձանագրությամբ սահմանված նվազագույն չափանիշների ապահովման նպատակով իրականացվող այն աշխատանքները, որոնց արդյունքում պետությունը պետք է ապահովի ազատությունից զրկված անձանց հնարավոր խոշտանգման պատշաճ փաստագրումը և արդյունավետ քննությունը։
Նրա խոսքով՝ ՆԳ նախարարությունը ձեռք է բերել միջազգային ստանդարտներին համապատասխան հատուկ կահավորված մեքենաներ՝ ձերբակալվածներին տեղափոխելու համար, այդ թվում՝ հատուկ կարիքներ և հաշմանդամություն ունեցող անձանց համար։
ՆԳ նախարարի տեղակալն ընդգծել է նաև, որ Ներքին գործերի նախարարությունը հետևողական է Ոստիկանության բարեփոխումների ռազմավարական ծրագրով սահմանված նպատակների իրականացման, ինչպես նաև Ոստիկանության գործողություններն առավել իրավաչափ, թափանցիկ և վերահսկելի կազմակերպելու ուղղությամբ։
Միջոցառման ընթացքում քննարկվել են նաև ոլորտին առնչվող այլ հարցեր: