
Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններն անհնար են առանց երկու կողմերի զիջումների։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Նրա խոսքով, բանակցությունները պատերազմի ավարտի միակ միջոցն են, սակայն ցանկացած բանակցություն՝ լինի բիզնես, առևտուր, թե քաղաքական, ենթադրում է, որ կողմերն ինչ-որ բանից պետք է հրաժարվեն և գնան զիջումների։
Ռուբիոն չի հստակեցրել, թե կոնկրետ ինչից պետք է բաղկացած լինեն զիջումները, սակայն նշել է, որ դրանք պետք է դառնան բանակցությունների առարկա։
«Սա պետք է լինի բանակցությունների մի մասը, բայց այս բանակցությունների մեջ մտնելը, ընդհանուր հայտարարություններ անելը, որոնք կարող են այս կամ այն կողմին պատրվակ տալ՝ չմասնակցելու համար, ոչ մի օգուտ չի բերի», – ասաց նա:
Պետքարտուղարը հավելել է, որ պատերազմը ռազմական լուծում չունի, քանի որ ոչ Ռուսաստանը, ոչ Ուկրաինան չեն կարող հասնել իրենց «մաքսիմալիստական ռազմական նպատակներին»։