
Մարտի 17-ը անվանի հայագետ, հասարակական գործիչ, գրականագետ, լեզվաբան, բառարանագիր, բանահավաք, պրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ, արևելահայերենի արդի ուղղագրության հեղինակ Մանուկ Աբեղյանի ծննդյան օրն է։
ArmLur.am-ը ներկայացնում է Մանուկ Աբեղյանի կյանքը։
Աբեղյանը ծնվել է Նախիջևանի Աստապատ գյուղի մոտ գտնվող Թազաքենդ գյուղում, որը ժողովրդի կողմից շարունակվում էր կոչվել կողքի ավերված գյուղի անունով՝ Աստապատ։
Նշենք, որ Աստապատում էր գտնվում նաև սուրբ Ստեփանոսի վանքը, որն իր կարմիր տուֆից և աղյուսից կառուցված լինելու պատճառով կոչվել է նաև Կարմիր վանք։
Դեռ փոքր տարիքից Մանուկ Աբեղյանն աչքի է ընկել սովորելու, կրթվելու իր առաջադիմությամբ։ Երբ լրացել է Աբեղյանի 7 տարեկանը, նա իր հորից այբբենարան է նվեր խնդրել։ Հայրը, չմերժելով փոքրիկ տղային, գնել է այբբենարնը և Աբեղյանն սկսել է սովորել այդ այբբենարանով, միաժամանակ գրաճանաչության դասեր առնել գյուղի խալֆաներից՝ գրագիրներից և խորամուխ լինում գրաբար գրքերի ընթերցանության մեջ։ Այդ տարիներին Հովակիմ Տեր-Գրիգորյանը (Էմին Տեր-Գրիգորյանի հայրը) հիմնում է Կարմիր վանքի դպրոցը, որի անդրանիկ սաներից է դառնում հենց Մանուկ Աբեղյանը։ Սովորելով 5-6 ամիս՝ Մանուկ Աբեղյանն աչքի է ընկել իր առաջադիմությամբ և ապա դարձել Էջմիածնի Գևորգյան ճեմարանի սան։
Ճեմարանում ևս Աբեղյանն ուշադրության է արժանացել իր իսկ ունակություններով։ Աբեղյանը Գևորգյան ճեմարանում արժանացել է ճեմարանի տեսուչ Գաբրիել եպիսկոպոս Այվազովսկու համակրանքին։
1882 թվականին Աբեղյանը բարձր գնահատականներով ավարտում է ճեմարանի դպրոցական հանրակրթական բաժինը և փոխադրվում է լսարանական մասնագիտական բաժին։ 1885 թվականին բոլոր քննությունները հանձնում է գերազանց գնահատականներով՝ ավարտելով ճեմարանի նաև լսարանական բաժինը և արժանանալով առաջնակարգ մրցանակագրի (դիպլոմ)։
Արդեն ավելի ուշ Աբեղյանը վերադարձել է հարազատ ճեմարան որպես ուսուցիչ։ Աբեղյանը դասախոսել է հայոց լեզու, գրականություն, պատմություն, աշխարհագրություն և գերմաներեն լեզու։ Ստանձնելով ուսուցչի պաշտոնը Աբեղյանը դասախոսել է թե՛ դպրոցական և թե՛ լսարանական բաժիններում։
Գևորգյան ճեմարանում Աբեղյանը դասավանդել է շուրջ 16 տարի և 16 տարիների ընթացքում առավել հստակվում են նրա նպատակները, վերջնականապես ճշգրտվում գիտական հետազոտությունների նրա նախասիրած բնագավառները։ «Հայ ժողովրդական առասպելները Մովսես Խորենացու Հայոց պատմության մեջ» բանավիճային ստվար աշխատությունն ուղղված էր 1896 թվականին Մոսկվայում հրատարակված Լազարյան ճեմարանի պրոֆեսոր Գրիգոր Խալաթյանցի «Армянский эпос в Истории Армении Моисея Хоренского» ծավալուն ուսումնասիրության դեմ։ Սա Աբեղյանի խոշոր ծառայությունն էր հայագիտությանը։ Տարիներ անց, Թիֆլիսում Աբեղյանի հիշյալ աշխատությունն արժանանում է Ղուկասյան մրցանակին։
Աբեղյանը 1900-ականներին իր գիտական մտքի արդյունքներով աստիճանաբար սկսում է գերիշխող դառնալ հայագիտության մեջ։ Այս շրջանում Աբեղյանի բանագիտական խոշորագույն հետազոտությունն է դառնում «Հայ ժողովրդական վեպը», որը 1906 թվականից սկսում է շարունակաբար լույս տեսնել «Ազգագրական հանդես»-ում։ «Սասնա ծռեր»-ի 15 պատումների հիման վրա Աբեղյանը համակողմանի հետազոտում է վեպը՝ մասնավորապես վիպասացների արվեստն ու սոցիալական պատկանելությունը, վեպի տարածման աշխարհագրական միջավայրը, նրա ծագման ու վերջնական ձևավորման ժամանակաշրջանը, առասպելադիցաբանական հատկանիշներն ու հին առասպելների և վեպերի հետ ունեցած կապը, գաղափարական ու սոցիալ-կենցաղային բովանդակությունը և այլ հարցեր։
1918 թվականին Թիֆլիսում սկիզբ է դրվում Երևանի համալսարանի կազմակերպման աշխատանքներին։ Աբեղյանը նշանակվում է կազմակերպիչ հանձնաժողովի անդամ և հաջորդ տարի հրավիրվում Երևան՝ նորաբաց համալսարանի գործերով զբաղվելու։ 1919 թվականի օգոստոսի 1-ին նա նշանակվում է Երևանի համալսարանի դասախոս և պատմաբանասիրական ֆակուլտետի դեկան։
Սակայն Երևանում հարմար շենք չլինելու պատճառով համալսարանի բացումը կատարվում է հաջորդ տարվա հունվարին՝ Ալեքսանդրապոլում։ Աբեղյանը, որ 1919 թվականի կեսերին ընտանիքով արդեն փոխադրվել էր Երևան, ընտանեկան որոշ հանգամանքների պատճառով չի կարողանում մեկնել Ալեքսանդրապոլ դասախոսելու։ Նա վեց ամսով արձակուրդ է վերցնում և մեկնում Երևանից։ 1920 թվականի հունիսին, արձակուրդից վերադառնալիս, Աբեղյանին առաջարկում են զինվորական ծառայողների ուսումնական դասընթացների վարիչի պաշտոնը։ Նա ստանձնում է այդ պաշտոնը, որը շուտով դառնալու էր մի շատ կարևոր գործի սկիզբ։
Նույն տարվա հոկտեմբերին Հայաստանի ռազմական նախարարությունը, ի թիվս ռազմական գործի մասնագետների, Աբեղյանին հանձնարարում է կազմել հայերեն լեզվով ռազմական հրամաններ ու հրահանգներ։ Աբեղյանը ձեռնամուխ է լինում հայոց լեզվի ռազմական տերմինաշինության գործի իրականացմանը։ Աշխատանքը տևում է մի քանի տարի։
Աբեղյանի գիտա-հասարակական գործունեությունը նոր թափ ու ծավալ է ստանում Հայաստանի խորհրդայնացման շրջանում։
Դրան կից առաջնահերթն ու անհետաձգելին անգրագիտության վերացումն էր՝ կրթական հեղափոխության ծրագրի կենտրոնական հարցը, որի կենսագործման համար Հայաստանի կառավարությունը հարմար ձևեր է որոնում։ Հայոց լեզուն, չնայած իր նոր բնույթին, դեռևս շարունակում էր օգտվել հին հայերենի՝ գրաբարի ուղղագրությունից և ենթարկվում ուղղագրական հին կանոններին ու օրենքներին։ Այդ հանգամանքը զգալիորեն դժվարացրել էր հայոց լեզվի ուսուցումը։ Վերջինս լուրջ խոչընդոտ էր մասսայական անգրագիտությունը կարճ ժամանակում արմատախիլ անելու, և առաջին հերթին ձեռնամուխ են լինում ուղղագրության բարեփոխության կարևոր խնդրին։
Աբեղյանն ապացուցում է, որ այն պատմական մի անխուսափելի անհրաժեշտություն է, «իսկապես շարունակությունն ու մնացորդը» «գրաբարի և աշխարհաբարի մեծ վեճի, որ դեռ վերջնական բավարար լուծում չի ստացել մտքերի մեջ ընդհանրապես»։
Հայաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատը ուղղագրության բարեփոխման գործը հանձնարարում է Մանուկ Աբեղյանին։
Ակադեմիկոս դառնալուց հետո Աբեղյանը շարունակում է աշխատել «Հայոց հին գրականության պատմության» երկրորդ հատորի վրա։ Սակայն պատերազմական ծանր օրերը, ռազմաճակատում անհետ կորած որդու վիշտը, օրըստօրե վատթարացնում են նրա առողջությունը 1944 թվականի սեպտեմբերի լույս 25-ի գիշերը Աբեղյանը մահանում է։
Գիտնականի հիշատակը հավերժացնելու համար Հայաստանի ժողկոմսովետը որոշում է ՀԽՍՀ գիտությունների ակադեմիայի գրականության ինստիտուտը և Երևանի 3-րդ միջնակարգ դպրոցը կոչել Մանուկ Աբեղյանի անունով։ Այնուհետև սահմանվել է Աբեղյանի անվան վեց կրթաթոշակ՝ Երևանի պետական համալսարանում, մանկավարժական ինստիտուտում և ակադեմիայի գրականության ինստիտուտում։
Միևնույն ժամանակ ժողկոմսովետը որոշում է նախապատրաստել և հրատարակել Աբեղյանի գիտական աշխատությունները, որին Մանուկ Աբեղյանի գրականության ինստիտուտը ձեռնամուխ է լինում անցյալ դարի 60-ական թվականներից։
Աննա Սրապիոնյան