
Երևանի իշխանական ավագանին նախատեսել է տուգանել այն քաղաքացիներին, ովքեր կհրաժարվեն տրանսպորտի համար վճարել 150 դրամ: Ըստ նախագծի՝ տուգանքի չափը լինելու է 15.000 դրամ:
ArmLur.am-ը զրուցել է ԱԺ նախկին պատգամավոր, Երևանի ավագանու նախկին անդամ Անի Սամսոնյանի հետ՝ պարզելու նրա դիրքորոշումը այս որոշման հետ կապված։
«Եթե Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել, որ պետք է լինի 150 դրամ, ապա կանխատեսելի էր, որ պետք է լիներ տուգանքներ այդ դեպքերի համար, որ մարդիկ չեն վճարի: Երբ ես ավագանի էի, մենք միշտ խոսել ենք, քննարկել ենք տրանսպորտի բարեփոխումների մասին, որ պետք է լինեին համալիր, շարժակազմների փոփոխություն, գրաֆիկների հստակեցում, ավտոբուսային գծեր, նոր կանգառներ: Ընդհանուր տրանսպորտի կոնցեպտը պետք է փոխվեր: Եվ այդ շրջանում խոսում էինք նաև թանկացման մասին, որ պետք է 100-ից դառնա 150 դրամ: Այստեղ խնդիրը այն է, որ Երևանի քաղաքապետը այդ բարեփոխումները չարեց, փոխեց միայն շարժակազմները: Այս իմաստով այս փոփոխությունը անվանել հանրային տրանսպորտի բարեփոխում սխալ է, նաև գնի թանկացում չէր կարող լինել: Մենք կարող ենք թանկացման մասին խոսել այն դեպքում, երբ մարդիկ օրինակ կանգառներում երկար չսպասեին, երկար խցանումների մեջ չլինեին, հանրային տրանսպորտը աշխատեր գրաֆիկով, տրանսպորտում չկանգնեին: Քանի որ այդ փոփոխությունները տեղի չունեցան, ես կարծում եմ, որ թանկացումները վաղ էին: Իսկ ինչը վերաբերում է բոյկոտին, ես կարծում եմ՝ բոյկոտ կարող են անել այն դեպքում, երբ բոլոր քաղաքացիները համախմբված, համակարծիք կկարողանան ինչ-որ ակցիաներ անել, ես պոտենցիալ չեմ տեսնում: Մենք տեսանք, որ բոյկոտը ինչ-որ տեղ վերածվեց վեճի, այս պարագայում ես չեմ կարծում, որ դա արդյունավետ միջոց է»,-ArmLur.am-ի հետ զրույցում նշեց Սամսոնյանը:
Երևանում «Մայր Հայաստան» Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հայտարարեց․ «Ես շատ բացասական եմ վերաբերվում այս տուգանքին, քանի որ 2018 թվականին «կլոունադային» հրապարակում մարդիկ բղավում էին, որ քաղաքացիները դարձել են տուգանվելու մատերիալ, հիմա իրենք են քաղաքացիներին դիտում տուգանելու մատերիալ: Այս ամենը բոյկոտի արդյունքն է, որ քաղաքացիները մերժում են իրենց չբարեփոխված տրանսպորտի թանկացումը: Իրենք ոչ մի բան չեն կարողանում անել, սկզբում այնպես արեցին, որ քաղաքացիները վարորդների հետ ընդհարման գնան, չստացվեց, հետո փորձեցին քաղաքապետարանի աշխատողների ներգրավվեն ավտոբուսների մեջ, որ քաղաքացիների հետ վեճի բռնվեն, դա էլ չստացվեց: Հիմա, որ տեսան բոյկոտը ավելի մեծ մասշտաբների է, այսօր ասացին, որ օրենքը երկու շաբաթվա ընթացքում պատրաստ կլինի, որ Ազգային ժողովը ընդունի: Թող անեն, կտեսնենք, ցանկություն ունեն քաղաքացիներին տուգանքի մատերիալ դարձնել, բայց չի ստացվի: «Մայր Հայաստան»-ը վաղը ավագանու հերթական նիստի ժամանակ 17.000 ստորագրություններով հանդես է գալու նախագծով, որ տրանսպորտը դառնա 100 դրամ, տրոլեյբուսը՝ 50, մետրոն՝ 100 դրամ: Վաղը ամեն բան պարզ կլինի: Մենք պատրաստ ենք գնալ մինչև հանրաքվե»,-եզրափակեց Ստեփանյանը:
Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանն էլ ArmLur.am-ին ասաց․
«Նախ ես կարծում եմ, որ քաղաքապետարանը նման լիազորություն չունի, որովհետև վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը հստակ սահմանում է, թե որ դեպքում, և ով պետք է տուգանք սահմանի, այլ կերպ ասած մենք դրան համապատասխան իրավական բազա չունենք: Ինչը վերաբերում է տուգանքների մասով, ես կարծում եմ, որ դա արվում է քաղաքացիներին վախեցնելուն, հսկողություն սահմանելուն և չեմ կարծում, թե այն իր արդյունքը կարող է տալ: Ընդհանրապես պետք էր ընտրությունների միջոցով թույլ չտալ, որ այդ մարդիկ կարողանան իշխանություն պահպանել, և միշտ այդ կարծիքին եմ եղել, որ քանի այս մարդիկ իշխանության են, անընդհատ կարող ենք անհրաժեշտություն ունենալ փողոց դուրս գալու, սակայն դրա արդյունավետությունը ցածր է, իսկ բարձր արդյունավետություն է այս մարդկանց ընտրությունների միջոցով հեռացնելը իշխանական լծից»:
Շուշան Ղազարյան