«Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ում նոր սկանդալ է՝ Գյումրիի և Վանաձորի երկաթուղիները գործադուլի են պատրաստվում…
Բազմիցս ահազանգվել է, որ ՀԿԵ ղեկավարության ապաշնորհ տնտեսական ու կադրային քաղաքականության պատճառով հայկական երկաթուղին աստիճանաբար քայքայվում ու սնանկանում է՝ կորցնելով տարածաշրջանային նշանակության ռազմավարական հաղթաթուղթ մնալու իր պոտենցիալը:
Բազմաթիվ պատճառներին վերջին շրջանում ավելացել է նաև ընկերության վարած աշխատավարձային քաղաքականությունը, որն առանց երկմտելու կարելի է սաբոտաժ համարել:
Իրականությունն այն է, որ ՀԿԵ միջին աշխատավարձի հիմնական մասը ձևավորվում է ընկերության ռուսաստանցի աշխատակիցների բարձր աշխատավարձերի հաշվին, իսկ տեղական մասնագետներն ու շարքային աշխատակիցները շատ ժլատ են վարձատրվում: Սակայն երկաթուղու գլխ. տնօրենի էկոնոմիկայի և ֆինանսների գծով տեղակալ Իլյա Կելպերիսի նախաձեռնությամբ արդեն տևական ժամանակ է, ինչ աշխատակիցներին ստիպում են շաբաթական երկու օր չվճարվող արձակուրդ վերցնել:
ԳԼԽ. տնօրեն Վ. Ռեբեցն անձամբ հայտարարել է երկաթուղու վարչության աշխատակիցներին թե. «Ուրբաթ օրերին դուք ինձ պետք չեք»:
Բնականաբար երկաթուղին հինգշաբթի, ուրբաթ, նույնիսկ շաբաթ և կիրակի օրերին աշխատում է ՝ արհեստավարժ ու նախանձախնդիր մասնագետներն ու վարչական աշխատակիցներն էլ չեն կարող ինքնահոսի թողնել բեռնա և ուղևորափոխադրումները: Ստացվում է ՝ աշխատավարձերի արհեստական կրճատում, որն էլ առաջացնում է աշխատակիցների համատարած դժգոհությունը:
Սակայն գյումրեցիների ու վանաձորցիների բողոքի պատճառը միայն դա չէ: Տասնամյակներ շարունակ երկաթուղում ընդունված էր աշխատակիցների աշխատավարձի հաշվարկում ներառել նաև աշխատանքային ստաժի տարիների հաշվարկով հավելավճարը՝ «выслуга»-ն, որը կազմում էր աշխատավարձի մինչև 25-30%-ը և քիչ օժանդակություն չէր սոցիալապես դժվարին իրավիճակում անձնվեր աշխատող երկաթուղայինների համար:
Մի քանի ամիս առաջ նույն Կելպերիսի առաջարկով այս հավելավճարը փոխարինվեց համեստ պարգևավճարով:
Ի. Կելպերիսը այս տարիների ընթացքում հայտնի է հայ աշխատակիցների նկատմամբ ընդգծված քամահրական վերաբերմունքով, որը հաճախ առաջացնում է համարժեք պատասխան ՝ համարժեք «առոգանությամբ»:
«Մեծն» Կելպերիսին հակաճառելու կամ հավուր պատշաճին պատասխանելու համար արդեն բազմաթիվ աշխատակիցներ զրկվել են պարգևավճարներից և ոչ մի երաշխիք չկար, որ պարգևավճարի վերածված հավելավճարները անհիմն պատճառաբանությամբ չէին «կտրվի»: Բայց դե նույն Կելպերիսը, Անտոնովը, «պրոֆեսիոնալ լուսանկարիչ» Լյոխկինը, Գարշինինը, Լադոշան, Շատալովը, Լավրենչուկը (սրանք Վ. Ռեբեցի մերձավորագույն խորհրդատուներն ու կամակատարներն են) ու մյուսները հիմնականում աշխատակիցների մի փոքր խմբի հետ են շփվում, իսկ պարգևավճարներ ստանում են բոլորը:
Այս ռուսաստանցի «քաջնազարները» թե ինչո՞վ են մտածել, հայտնի չէ, սակայն առաջարկել են, իսկ Վ. Ռեբեցն էլ հաստատել է, ու այսուհետև երկաթուղայինները պարգևավճարներ չեն ստանալու:
Ինչպես կասեր հայտնի ֆիլմի հերոսը ՝ «հասան սերվիսին»:
Արդեն ձեռագիր է դարձել երկաթուղու դժվարությունները բարդել ֆինանսական ծանր կացության վրա: Հայտնի է սակայն, որ այդ ֆինանսական կոլապսը հիմնականում երկաթուղու կառավարիչների անձնական ագահության, ապաշնորհ սակագնային քաղաքականության, ծայրահեղ կոռումպացվածության ու երկաթուղում տիրող հովանավորչության արդյունք է:
Այդ մասին ամենաչնչին ակնարկն անգամ խստագույնս պատժվում է: Երկաթուղու ներքին անվտանգության ծառայության աշխատակիցները բոլոր օղակներում ահաբեկում ու հաշվեհարդար են տեսնում ըմբոստ աշխատակիցների նկատմամբ:
Այս օրերին երկաթուղում որակավորման ատեստացիա է ընթանում, որի արդյունքում արդեն տասնյակ բարձրորակ աշխատակիցներ հեռացվել են զբաղեցրած պաշտոններից:
Հայաստանի երկաթուղայինները բարձրաձայնում են, որ այլևս չեն հանդուրժելու երկաթուղու կառավարիչների կամայականությունները և պատրաստվում են գործադուլների:
Օրերս Մասիս կայարանի աշխատակիցներն ընտանիքների ու երեխաների հետ փակել են ուղեգծերը և սա միակ դեպքը չէ:
Չի բացառվում, որ գործադուլավորների ցուցապաստառներում նաև հակակառավարական կոչեր լինեն, որովհետև երկաթուղայինները հավատացած են, որ Հայաստանի կառավարությունն անզոր է ՀԿԵ ղեկավարություն դեմ, իսկ ռուսաստանցի կառավարիչներն արդեն տևական ժամանակ ուղղակի հաշվի չեն նստում կառավարության հետ:
Միաժամանակ վստահ ենք, որ այս աղաղակող փաստերը կքննարկվեն նաև Ռուսական երկաթուղու ղեկավարությունում, որովհետև մի քանի անպատասխանատու չինովնիկի արարքը չպետք է բացասական հետք թողնի հայ – ռուսական դարավոր գործարար համագործակցության համբավի վրա:
Թամարա Միքայելյան
armlur.am-ը պատրաստ է տպագրել նաև ՀԿԵ ղեկավարության արձագանքը