ՈՍՏԻԿԱՆ ՄԱՐԶՊԵՏԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԱՆԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռ չէինք հասցրել մի լավ զվարճանալ խոտանված կառավարության շարիկ գլորող նախարարների գործունեությամբ, երբ իր պաշտոնական հաղորդագրությամբ մեր տեսադաշտում հայտնվեց  մարզային իշխանիկներից մեկը` Գեղարքունիքի ԲՀԿ-ական մարզպետ Նվեր Պողոսյանը: Նրա ենթակաները երեկ հայտարարել են, թե «Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական կայքում տպագրել է մարզպետարանի պատասխան հերքումը: Ինչը նշանակում է, որ իրականում մարզպետը, օրաթերթի դեմ հայց ներկայացնելով, ոչ թե հերքում է ցանկանում «Ժողովուրդ»-ից, այլ 2,5 մլն դրամ:
Հիմա բացատրենք, թե ինչից է սկսվել այս ամենը: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը  հայտարարություն տարածեց, որ հակընդդեմ հայցով դատի է տվել մարզպետ Նվեր Պողոսյանին: «Խմբագրությունը, ընդամենը մեկ անգամ մասնակցելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանի ներկայացրած հայցի քննությանը` ընդդեմ «Ժողովուրդ» օրաթերթի, արձանագրեց, որ անգամ մարզպետի փաստաբանները չգիտեն` Պողոսյանը կաշառք վերցրե՞լ է, թե՞ ոչ: Նրանք փոխարենը հայտարարեցին, որ «Մարզպետը կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածն օրաթերթն իրավունք չուներ գրելու, քանի որ «մարզպետը հանրային անձ է»:
Այսպիսով` «Ժողովուրդ»-ը եկել է այն եզրակացության, որ ԲՀԿ-ական մարզպետը չարաշահել է իր իրավունքները: Նա դատարանում վիճարկվող հոդվածը տպագրելուց հետո մեկամսյա ժամկետում «Ժողովուրդ»-ին հերքման պահանջ չի ներկայացրել (որը ներկայացնելու դեպքում կտպագրվեր): Սա նշանակում է, որ մարզպետն իրականում խնդիր է դրել օրաթերթից ստանալ 2 մլն դրամի փոխհատուցում (եւ 500 հազար դրամ` փաստաբանական ծախսեր)` «Ժողովուրդ»-ին ֆինանսական վնաս պատճառելու համար: Հայցվորն իր գործողություններով ցանկանում է նաեւ սահմանափակել օրաթերթի` տեղեկատվություն տարածելու իրավունքն ու ազատությունը, «Ժողովուրդ»-ին հարկադրել հրաժարվելու իր եւ իր գործունեության վերաբերյալ բացասական ինֆորմացիա տպագրելու եւ կարծիք արտահայտելու իրավունքներից:
Այս գործողություններով, ինչպես նաեւ իր հրապարակային արտահայտություններով Նվեր Պողոսյանը վիրավորել եւ զրպարտել է «Ժողովուրդ» օրաթերթի աշխատակազմին, քանի որ օրաթերթն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվել եւ ղեկավարվում է ՀՀ Սահմանադրության 27 եւ 42.1 հոդվածների, «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4 հոդվածի 1-ին կետի եւ 9 հոդվածի 2-րդ կետի պահանջներով: Այսպիսով` հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 7-րդ կետի 3-րդ ենթակետի, 8-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջները` «Ժողովուրդ»-ը դատարանի միջոցով Նվեր Պողոսյանից պահանջում է ընդամենը 1 (մեկ) լումա: Իսկ դատական ծախսերը չի պահանջում, քանի որ դատարան դիմելով` ոչ թե ցանկանում է Նվեր Պողոսյանից գումար ստանալ, այլ պաշտպանել «Ժողովուրդ»-ի (խմբագրի եւ աշխատակազմի) պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավը»:
Այս հաղորդագրությունից հետո Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հայտարարեց. ««Ժողովուրդ» օրաթերթում, ինչպես նաեւ թերթի էլեկտրոնային էջում տպագրված «ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել» եւ «Մարզպետը կաշառք է վերցրել» հրապարակումներին ի պատասխան` մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հերքում պարունակող պատասխաններով հանդես է եկել հոկտեմբերի 7-ին եւ 8-ին: Հերքման տեքստից օգտվել է նաեւ «Ժողովուրդ» օրաթերթը` այն տեղադրելով հոկտեմբերի 7-ին` ժամը 20:20-ին, թերթի էլեկտրոնային էջում տեղադրված ««Ժողովուրդ» թերթին դատի են տվել. ներկայացնում ենք պատճառ հանդիսացած հրապարակումը» հոդվածում` մեջբերելով հետեւյալ տողերը. «Այսօր «Ժողովուրդ» օրաթերթի էլեկտրոնային փոստին ուղարկվել է հաղորդագրություն Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի կողմից, որով հայտարարվում է, թե «ԲՀԿ-ական մարզպետը 3000 դոլար կաշառք է վերցրել» վերնագրով հոդվածը բացառապես զրպարտանք է եւ չի համապատասխանում իրականությանը»: Բացի այդ, Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը հոկտեմբերի 8-ին մարզպետարանի ինտերնետային էջում (gegharkunik.gov.am) տեղադրել է հերքման եւ պարզաբանման տեքստ պարունակող երկու հրապարակում. ««Ժողովուրդ» թերթը զրպարտում է» եւ «Տարօրինակ ոչինչ չկա» վերնագրերով: Ավելին, սույն թեմայի շուրջ Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը հերքման բովանդակություն պարունակող հարցազրույց է տվել «Հետք» էլեկտրոնային էջին (10 հոկտեմբերի) եւ «Առավոտ» օրաթերթին (11 հոկտեմբերի): Հարցազրույցում մարզպետը նշել է, որ ինքը կբավարարվի, եթե «Ժողովուրդ» թերթը ներողություն խնդրի իրեն զրպարտելու համար:  
Տարօրինակ է, որ «Ժողովուրդ» թերթն այս ամենը չի համարում հերքում եւ իր` նոյեմբերի 28-ի էլեկտրոնային էջում տպագրված հոդվածում համառորեն պնդում է, թե «Նա դատարանում վիճարկվող հոդվածը տպագրելուց հետո մեկամսյա ժամկետում» «Ժողովուրդ»-ին հերքման պահանջ չի ներկայացրել (որը ներկայացնելու դեպքում կտպագրվեր): Արդյոք այս ամենը հերքման պահանջներից չի բխում»:
ԲՀԿ-ական մարզպետի աշխատակիցների պատասխանը ոչ այլ ինչ է, քան իրավական անգրագիտություն: Ինչո՞ւ, որովհետեւ ԶԼՄ օրենքի 8-րդ հոդվածում բառացի գրված է. «Հերքման պահանջը կարող է ներկայացվել մեկամսյա ժամկետում` հաշված այն տեղեկատվության տարածման օրվանից, որին վերաբերում է հերքումը», «Հերքումն իրականացվում է «Հերքում» խորագրի ներքո: Տեղակայման, ձեւավորման, տառատեսակի չափի ու տեսակի, հաղորդման ժամի առումով հերքումը չպետք է զիջի այն տեղեկատվությանը, որին վերաբերում է»:  
Այսպիսով` նախկին ոստիկան Նվեր Պողոսյանը պաշտոնապես արձանագրեց, որ իր խնդիրն օրաթերթի գործունեությանը վնասելն է, ինչի համար էլ «Ժողովուրդ»-ը դատական հայց է ներկայացրել նրա դեմ: Դատարանը պետք է քննի եւ պարտադրի ԲՀԿ-ական մարզպետին` տպագրելու հետեւյալ տեքստը. «Ես` Նվեր Պողոսյանս, ներողություն եմ խնդրում «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Թագուհի Թովմասյանից եւ աշխատակազմից` նրանց պատիվը, արժանապատվությունը եւ գործարար համբավն արատավորելու (վիրավորելու եւ զրպարտելու) համար»: Քանի որ մարզպետի փաստաբանները դատարանում չեն կարողանում ապացուցել, որ Պողոսյանը կաշառք չի վերցրել, ուստի «Ժողովուրդ»-ը սպասում է մարզպետի ներողությանը:

«ԺՈՂՈՎՈՒՐԴ»




Լրահոս