
Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նիստի սկզբում Ռուբեն Վարդանյանի պաշտպան Ավրահամ Բերմանը միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով պայմաններ ստեղծել ծանոթանալու նիստի արձանագրությանը և դրան կից ձայնագրությունը։ Զեյնալ Աղաևը բավարարել է միջնորդությունը և հայտարարել, որ հնարավորություն կտրվի ևս մեկ անգամ ծանոթանալ դատական նիստի արձանագրությանը։
Ավելի ուշ տուժողներն են հարցաքննվել։ Իբրև տուժող ներկայացված Ռահիբ Ֆաթալիևը, Սահավաթ Ռաջաբովը, Ֆարիդ Մամեդովը, Սանան Միրզալիևը, Սամիր Մալիկովը, Ջեյհուն Խանկիշիևը, Ալեսքեր Ջաֆարովը, Սաֆա Մամեդովը, Ալիշ Շամիևը, Էլդար Հուսեյնովը, Էլվին Թագիևը և այլք հայտարարել են, թե Ռուբեն Վարդանյանին ճանաչում են ԶԼՄ-ներից ու սոցցանցերից։ Նրանք նաև ասել են, թե տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել տարբեր տեսակի զինատեսակներից, այդ թվում՝ ձեռքի նռնակներից «հայկական ռազմական սադրանքի արդյունքում՝ ծառայելով ժամանակին Հայաստանի կողմից օկուպացված Ադրբեջանի տարածքներում»։ Տուժողներից յուրաքանչյուրը դատարանին խնդրել է խստագույն պատիժ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։ Հրապարակվել են նաև մարտի 11-ին տեղի ունեցած դատաքննության ընթացքում «տուժողների» դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 1-ին։