«Ազատություն» ռադիոկայանը դատական հայց է ներկայացրել Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM), ինչպես նաև գործակալության պաշտոնյաներ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ՝ կանխելու Կոնգրեսի կողմից «Ազատության»-ը տրամադրված դրամաշնորհը դադարեցնելու նրանց փորձերը։ Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Ռադիոկայանը հիմնավորման մեջ նշել է, որ դրամաշնորհի դադարեցումով դաշնային օրենք է խախտվել, այդ թվում՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ:
Գործը քննվելու է Միացյալ Նահանգների Կոլումբիայի շրջանային դատարանում:
Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամը յոթ դաշնային գործակալությունները կրճատելու հրամանագիր ստորագրեց։ Կրճատման ենթակա գործակալությունների թվում նաև ԱՄՆ գլոբալ մեդիա գործակալությունն է։ Հրամանի հրապարակումից ժամեր անց լրատվամիջոցները տարածեցին USAGM-ի նամակը, համաձայն որի՝ Կոնգրեսի հաստատմամբ հատկացվող դրամաշնորհը, որով ֆինանսավորվում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, դադարեցվել է:

























































































