«Ադրբեջանը նոր ակնկալիքներ ունի․ խաղաղության պայմանագիրն ուզում են փոփոխել»․ Ադրբեջանի հարցերով փորձագետը՝ կրակոցների մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 9-րդ անգամ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմը կրակ է բացել իրենց դիրքերի ուղղությամբ։

Մասնագետների խոսքով՝ այս ամենը տեղեկատվական տեռոր է, որը խուճապ է առաջացնում ժողովրդի շրջանում։

Հասկանալու համար, թե ինչ խնդիրների, վտանգների կարող է հանգեցնել այս ամենը, ArmLur.am-ը զրուցել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի հետ։

-Պարո՛ն Դավթյան, արդեն 9-րդ անգամ է, ինչ Ադրբեջանը ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական կողմը իրենց ուղղությամբ կրակ է բացել, ի՞նչ վտանգներ կարող է այս ամենն իրենից ներկայացնել, բացի տեղեկատվական տեռորից։

-Առհասարակ Ադրբեջանը, եթե ուշադրություն դարձնենք «Խաղաղության պայմանագրի» պրոցեսին, ապա ակնհայտ է, որ ամեն անգամ փորձել է պայմանագիրը իրեն հարմար ձևով մատուցել, իրենց ընդունելի ձևով դա ստորագրվի։ Եվ չնայած այն հանգմանքին, որ արդեն 17 կետի մասին խոսում են, ակնհայտ երևում է Ադրբեջանի հռետորաբանությունից, որ իրենք նոր ակնկալիքներ ունեն պայմանագրում փոփոխությունների կամ նախքան պայմանագիրը ստորագրելն ինչ-որ գործողություններ Հայաստանի Հանրապետության օկուպացիոն ռեժիմի կողմից կատարվելիք։ Մասնավորապես՝ զինված, ինչպես Ադրբեջանն է նշում «զինված հանցագործների» Ադրբեջանին հանձնելու մասով կամ թեկուզ ադրբեջանցիների վերադարձի մասով։ Իմ համոզմամբ ադրբեջանական կողմը փորձում է խաղաղության պայմանագրի չկնքելը պայմանավորի սահմանային լարվածությամբ։ Ես չեմ զարմանա, որ մոտ օրերս ինչ-որ ադրբեջանցի զոհվի կամ վիրավորվի, դա ավելի կլարի իրավիճակը այսօրվա սահմանային հատվածներում, և ընդհանուր առմամբ Ադրբեջանը նպատակ ունի խաղաղության համաձայնագիրը չստորագրելու, քանի որ ակնհայտ տեսնում է, որ չնայած այն հանգամանքին, որ բացեիբաց խոսում է Հայաստանը օկուպացնելու մասին, անվանում ֆաշիստական հանրապետություն ՀՀ-ն և այլ վիրավորական խոսքեր է հնչեցնում Հայաստանի քաղաքացիների հասցեին, ինքը նկատում է, որ Հայաստանի իշխանության զավթիչի կողմից իր պահանջները կատարվում են։ Հետևաբար ինչո՞ւ ոչ, եթե նոր պահանջներ չներգրավվեն կամ թեկուզ նախքան պայմանագիրը ստորագրելը Ադրբեջանն իր համար ցանկալի պահանջները ստանա այս իշխանության կողմից արդեն պայմանագրից դուրս կարգավիճակում։ Ես կարծում եմ, որ սահմանային կեղծ տեղեկատվությունը կրակոցների մասին, այն մասին են վկայում, որ իրենք նպատակ ունեն համաձայնագիրը կամ պայմանագիրը (արդեն շատ հաճախ խեղաթյուրում են այդ բառի ձևակերպումը) չստորագրել, քանի որ Ադրբեջանը հասկանում է՝ իր գերնպատակը Հայաստանն առհասարակ անդամալույծ դարձնելու ուղղությունները մի քանիսն են։ Մասնավորապես՝ ադրբեջանցիների վերադարձը, ինչպես Ադրբեջանն է խոսում, ՀՀ, երկրորդը՝ ռազմական հանցագործների մասով գործողությունները, այսինքն այն մարդիկ, որոնք Ադրբեջանի դեմ երբևէ թթու խոսք են ասել, կարող են ռազմական հանցագործ դառնալ։ Սա է պատճառը։ Իրենք փորձում են պայմանագրից դուրս իրենց պահանջները կատարված կամ թեկուզ պրոցեսի մեջ քայլեր տեսնեն, և սահմանային լարվածությամբ փորձում են ստիպել այս իշխանությանը այդ քայլերին գնալ։

-Այսինքն սպասենք նաև ինչ-որ ռազմակա՞ն գործողությունների։

-Ես ակնկալում եմ, որ այո, քանի որ Ադրբեջանը հաշվել է սրանց ատամները։ Ամեն անգամ ռազմական գործողությունից հետո այսպես մեծ սկուտեղով մատուցված տարածքներ, քաղաքական պայմանավորվածություններ է հանձնվում Ադրբեջանին։

-Այս անգամ ի՞նչը կզիջեն, եթե ռազմական գործողություններ լինեն։

-«Զանգեզուրի միջանցք» ասվածի մասին կարծես թե հաճախ ենք սկսում մոռանալ, բայց իրենց քարոզչական դաշտը, պետական հայտարարությունը, անգամ Թուրքիան դրա մասին ամեն օր խոսում են, եթե ոչ օրվա մեջ մի քանի անգամ։ Շատ լուրջ քարոզչական դաշտ է ստեղծված Ադրբեջանում և Թուրքիայում՝ փորձելով դա որպես պրիորիտետ ներկայացնել։ Այդ ուղղությամբ նաև տեսնում ենք Ադրբեջանի կողմից հայտարություն, որ եթե չտաք, մենք կբացենք, Ալիևի հայտարարության մասին է խոսքը գնում։ Ինձ համար թերևս զարմանալի չէ, որ հայկական կողմը առհասարակ ամեն բան կանի Ադրբեջանի քմահաճույքները բավարարելու համար։ Զարմանալի էլ չի լինի անգամ, որ համաձայնի ադրբեջանցիների վերադարձը Հայաստան, դա ներկայացնելով որպես համակեցության սկզբունք։ Դե գիտե՞ք չէ, մենք էլ ժողովրդավարության բաստիոն ենք ու հետևաբար համակեցությունը շատ կարևոր դրույթ է ժողովրդավարության մեջ։ Առհասարակ ակնհայտ է, որ այսօր Հայաստանի Հանրապետության հասարակ քաղաքացին պաշտպանված չէ, ամենևին կարևոր չէ, որ մենք բանակ ունենք, որը տարբեր կողմերից բզկտված կարգավիճակում է գտնվում։

-Խոսեցիք նաև խաղաղության պայմանագրից։ Ձեր կարծիքով՝ հնարավո՞ր է, որ խաղաղության պայմանագիրն իրոք խաղաղություն բերի։

-Ադրբեջանը խաղաղություն տեսնում է միայն մեկ պարագայում, երբ հայերը հողի տակ թաղված կլինեն, ես դա այսպես եմ տեսնում՝ ելնելով մասնագիտական դաշտի ուսումնասիրությունից։ Ադրբեջանի համար միակ խաղաղությունը սպանված հայն է, բայց եթե փորձենք մի փոքր հասկանալ, որ Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա մենք այդ խաղաղությունը պետք է կիրառենք մեր վրա, այսինքն դա լինելու է միակողմանի խաղաղություն։ Ոչինչ չի փոխվել, պատմությունը մեզ շատ հաճախ ցույց է տվել և հիմա էլ նման օրինակներ շատ ունենք, որ թուլացած, խեղճացած, խնդրով կողմը երբեք էլ պաշտպանված չի։ Դա անհերքելի և վաղուց ապացուցված ու կիրառված հանգամանք է, որ թույլին միշտ էլ ճնշում են, իշխում են։ Հարցն այստեղ այն է, թե մենք ինչ ենք անում և ինչ նպատակ ունենք մեր ուժը վերգտնելու, մեր արժանապատվությունը վերականգնելու համար։ Բնականաբար այս հարցը, այս օկուպացիոն ռեժիմը բացի հեզիկ-նազիկ ման գալուց Ալիևի դիմաց և տարբեր զիջումներ կատարելուց այլ բան չի անում։ Ինչո՞ւ եմ այսպիսի բառապաշար կիրառում․ քանի որ իրապես դա է։ Այսինքն այստեղ ոչ թե գեղագիտական ինչ-որ ձևակերպումներ են, այլ իրոք դա է՝ հնազանդ, հեզիկ-նազիկ ամեն խոսքը «հա» ասելով, հանկարծ մի բան չասենք՝ Ադրբեջանը ջղայինանա, գերիների մասով ոչ մի գործողություն չանելով։ Ոչ մի ուղղությամբ հակաադրբեջանական ոչինչ չի անում։

Աննա Սրապիոնյան




Լրահոս