
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկու հետ «շատ լավ» հեռախոսազրույց ունենալու մասին: Այս մասին ամերիկացի առաջնորդը հայտնել է X սոցիալական ցանցում կատարած գրառմամբ:
Նա նշել է, որ զրույցը տևել է մոտ մեկ ժամ և նվիրված է եղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Թրամփի նախօրեի հեռախոսազրույցի մանրամասներին: Դոնալդ Թրամփն արդյունավետ էր համարել նաև ռուս գործընկերոջ հետ բանակցությունները:
Այդ կապակցությամբ Թրամփը նշել է. «Պայմանավորվեցինք անհապաղ դադարեցնել գրոհները էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ՝ գիտակցելով, որ պետք է աշխատենք արագ՝ հասնելու ամբողջական զինադադարի և վերջ տալու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև այս սարսափելի պատերազմին»: