Վերջին տասնամյակն ամենաշոգն է եղել դիտարկումների պատմությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երկրագնդի ջերմաստիճանը վերջին տասնամյակում հասել է դիտարկումների պատմական առավելագույնին, իսկ մթնոլորտում ածխաթթու գազի մակարդակն ամենաբարձրն է եղել վերջին 800 հազար տարվա ընթացքում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության՝ մարտի 19-ին հրապարակված զեկույցում:

Զեկույցում ներկայացված են մոլորակի աստիճանական տաքացման բոլոր նշանները՝ օվկիանոսների ռեկորդային բարձր ջերմաստիճանը, ծովի մակարդակի բարձրացումը, սառցադաշտերի արագ նահանջը:

«Մեր մոլորակն ավելի հաճախ է տալիս աղետի ազդանշաններ»,- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի խոսքերը մեջբերում է Associated Press գործակալությունը:

ՄԱԿ-ի Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության տարեկան զեկույցն ամբողջությամբ նվիրված է գլոբալ տաքացմանը։ Նշվում է, որ կլիմայական փոփոխությունները գերազանցապես պայմանավորված են մարդու գործունեությամբ՝ ածխի, նավթի և գազի վերամշակմամբ։ Գիտնականները նշում են, որ 2024 թվականը ամենատաքն է եղել դիտարկումների ողջ 175-ամյա պատմության մեջ։

Զեկույցում նշվում է, որ գլոբալ տաքացումը հանգեցրել է եղանակային արտակարգ երևույթների ավելացմանը, որն էլ բերել է վերջին 16 տարվա ընթացքում բնակչության տեղափոխության ամենաբարձր մակարդակին: Դա նաև նպաստել է պարենային ճգնաժամի և տնտեսական այլ խնդիրների սրմանը։

ՄԱԿ-ն հայտնում է, որ միջազգային նպատակը դեռևս մնում է տաքացման սահմանափակումը նախաարդյունաբերական ժամանակաշրջանի (1850-1900 թթ.) ցուցանիշից 1.5 աստիճանով (ըստ Ցելսիուսի) մակարդակին: 2024 թվականին այս ցուցանիշը գերազանցվել է 1.55 աստիճանով: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ սահմանված նշաձողից չանցնելը դեռևս իրատեսական է: Դա ապահովելու համար երկրների ղեկավարները պետք է միասին ձգտեն իրենց տարածքներում վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործմանը։




Լրահոս