«Կասկադ»-ի վերակառուցման՝ ՔՊ-ամերձ գործարարի ծրագիրը խախտումներ ունի. այն պահպանվող օբյեկտ է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի «Կասկադ» համալիրի վերակառուցման ծրագիրը մտահոգում է մասնագիտական հանրությանը: Դրա թիկունքում դարձյալ կանգնած է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է` Գրիգոր Տեր-Ղազարյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Հայաստանի Ճարտարապետների պալատի խորհուրդը այս տարվա մարտի 1-ին բաց նամակ է հրապարակել` հայտնելով մի շարք մտահոգություններ, որոնք վերաբերում են անցկացված կասկածահարուց մրցույթին, դրա հաղթողին և վերակառուցման ընդհանուր ծրագրին։

Ճարտարապետների պալատը հայտարարել է, որ ««Կասկադ» համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը։ Այն Երևանի քաղաքաստեղծ հանգույցներից է և, որպես քաղաքային դոմինանտ կառույց, ամբողջ քաղաքի ծավալատարածական հորինվածքի համար ունի թելադրող դիրք և մեծ նշանակություն։ Այն նաև ակադեմիկոս Ալ․ Թամանյանի կողմից մշակված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հորինվածքային առանցքի կարևոր մասն է կազմում ու տեսողական և տրամաբանական կապ է հաստատում նշված առանցքի շարունակության հետ…

Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրը մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է /2018 թվ.-ից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ/ և պահպանվում է օրենսդրությամբ սահմանված կարգով»։
Մասնագետները նաև արձանագրել են, որ ««Կասկադ» համալիրի առաջարկվող վերակառուցման ծրագիրը ենթադրում է ճարտարապետական նախագծի էական փոփոխություն, որը չի ստացել հեղինակային իրավունքը տիրապետողների համաձայնությունը։ Բնականաբար այդ համաձայնեցումը պետք է տեղի ունենար մինչև «Ակտիվ քաղաքացի» հարթակում Երևանի քաղաքապետարանի կողմից այն հրապարակելը։

Հայաստանի Ճարտարապետների պալատն իր մտահոգությունն է հայտնում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ակնկալում է հնչեցված խնդրի կապակցությամբ քաղաքային իշխանությունների համարժեք արձագանքը: Բանն այն է, որ տեղի է ունեցել հեղինակային իրավունքի խախտում, որը ոչ միայն վնաս կարող է հասցնել համալիրի՝ գերակշիռ մասով կառուցված ծավալատարածական հորինվածքին և իր ուրույն կերպարով արդեն իսկ կայացած քաղաքային միջավայրին, այլև վտանգավոր նախադեպ կարող է դառնալ հետագայում քաղաքաշինական և մշակութային բարձրարժեք օբյեկտների նկատմամբ անհարկի միջամտությունների համար»:

Հիշեցնենք, որ «Կասկադ» համալիրի վերակառուցման մրցույթում վերջերս հաղթեց «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որը 4 ընկերությունից բաղկացած կոնսորցիում է։ Այն հիմնադրվել է 2024 թ․ հոկտեմբերի 24-ին, և իրական շահառուն աղմկահարուց գործարարի համբավ ունեցող Գրիգոր Տեր-Ղազարյանն է 97.5 % մասնակցությամբ, 1,5 % մասնակցություն ունի ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը, և 1 % մասնակցություն՝ Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը։

Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ «Հանրապետություն»-ը Երևանի ավագանու ընտրություններից հետո իշխող ՔՊ-ի հետ համագործակցության հուշագիր ստորագրեց, Երևանի փոխքաղաքապետի և երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոնները վերցրեց` կիսելով քաղաքային կառավարման ոչ միայն պատասխանատվությունը. Երեւանի ամենախոշոր ծրագրերից մեկում «բարեկամաբար» հաղթել է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Ի՞նչ է սա, կոռուպցիոն մեխանիզմի գործադրմամբ իրականացված գործա՞րք իշխանության «սրտի» գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանի հետ, որը նախկինում խարդախության համար դատապարտված է եղել»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս