«Վերջին զանգ»-ի լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունն ակնկալում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ: Այդ նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն:

«2024-2025 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է մշակութային կրթության տարի, և այդ համատեքստում ակնկալվում է, որ դպրոցներում «Վերջին դաս» միջոցառումները կկազմակերպվեն կրթամշակութային բովանդակությամբ:

«Մշակութային վերջին զանգ» միջոցառումների կազմակերպումը խրախուսելու նպատակով կանցկացվի մրցույթ, կձևավորվի ժյուրի, որի կողմից ընտրված լավագույն միջոցառումները կազմակերպած դպրոցները կպարգևատրվեն: Մրցույթին մասնակցությունը կամավորության սկզբունքով է. մասնակցության համար դպրոցը պետք է ներկայացնի հայտ»,- նշված է ԿԳՄՍ նախարարության տարածած հայտարարության մեջ:

Հաստատվել է «Մշակութային վերջին զանգ» միջոցառումների մրցույթի անցկացման ուղեցույցը:  Ըստ ուղեցույցի՝ միջոցառումները կարող են ներառել.

Ազգային և hամամարդկային մշակույթը շեշտող տարրեր

  • Ազգային և այլ  պարերի կատարում
  • Հայկական և համաշխարհային երգերի կատարում աշակերտների կողմից (մարզերում՝ տվյալ տարածաշրջանը կամ համայնքը ներկայացնող երգեր, խաղիկներ և այլն):

Գրականություն

Հայ և համաշխարհային գրողների ստեղծագործությունների կատարում (կարելի է անդրադառնալ նաև տարվա հոբելյաններին,  օրինակ՝ այս տարի լրանում է Ավետիք Իսահակյանի 150-ամյակը):

Բեմականացումներ

Աշակերտները կարող են բեմադրել փոքրիկ պատմական կամ հումորային ներկայացում, որը կապ կունենա դպրոցական կյանքի և ազգային մշակութային ժառանգության հետ:

Վերջին զանգի մշակութային խաղեր և արարողություններ

Շրջանավարտները և առաջին դասարանցիները կարող են ունենալ երկխոսություն, փոխադարձ ուղերձներ, իրար փոխանցել խորհրդանշական իր, որը կարևոր նշանակություն ունի համայնքի ավանդույթների շարունակության համար:

Թեմաները կարող են ընտրվել նաև դպրոցների հայեցողությամբ՝ ներառելով մշակույթի այլ ոլորտներ, որոնք ներկայացված չեն ուղեցույցում:

Մրցույթին մասնակցելու համար հանրակրթական ուսումնական հաստատությունները (հիմնական, միջնակարգ և ավագ դպրոցներ) վերջին զանգից հետո՝ մինչև 2025 թվականի մայիսի 29-ը ներառյալ,  պետք է ներկայացնեն հետևյալ նյութերը.

  • միջոցառման ծրագիրը (սցենար)
  • 10 լուսանկար միջոցառումից
  • միջոցառման մինչև 10 րոպեանոց տեսագրություն (կարող են ներկայացվել սիրողական տեսագրություններ):

Նյութերն անհրաժեշտ է ուղարկել համապատասխան էլփոստի հասցեներին՝ ըստ մարզերի։

Ժյուրին մինչև 2025 թվականի հունիսի 8-ը կուսումնասիրի ներկայացված նյութը և կգնահատի այն՝ նախարարության կողմից մշակված հինգ միավորանոց սանդղակով ​​հետևյալ չափանիշներով՝

  • ծրագրի բովանդակություն
  • լեզվական բաղադրիչ
  • երաժշտական ​​ բաղադրիչ
  • միջոցառման ստեղծագործականություն և նորարարություն:

Ժյուրիի գնահատման հիման վրա յուրաքանչյուր մարզում հաղթող կճանաչվի երկու դպրոց՝ հիմնական, միջնակարգ կամ ավագ: ԿԳՄՍ նախարարությունը մինչև հունիսի 11-ը հաղթող ուսումնական հաստատություններին կտեղեկացնի արդյունքների մասին:




Լրահոս