Armlur.am լրատվականն այսօրվա մամլո ասուլիսում գրականագետ Դավիթ Գասպարյանից հետաքրքրվեց` ինչո՞ւ նախկինում չէր քննադատում արդեն նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանից:
«Նախկինում էլ եմ ասել, շուտով «Գարուն» ամսագրի առաջին համարը լույս կտեսնի, որտեղ գրել եմ իմ կարծիքը: Դրանից առաջ էլ եմ ասել ՝ վերցրեք կարդացեք»,- պատասխանեց գրականագետը:
Մեր հաջորդ հարցին` համաձայն չէ՞ արդյոք գրականագետը Վազգեն Մանուկյանի այն տեսակետին, որ Տիգրան Սարգսյանի ձեռքերը կապված են և դա է պատճառը, որ նա չի կարող լիարժեք աշխատել, Դավիթ Գասպարյանի խոսքով` գործի պետք է նշանակել այնպիսի վարչապետի, որը կապահովի տնտեսական աճ:
-Այսինքն` Սերժ Սարգսյանի հետ չպե՞տք է կապել մեր տնտեսության վատ վիճակը:
-Դա համընդհանուր խնդիր է: Իհարկե ղեկավարից է գալիս, ո՞վ ասաց, որ այդպես չէ: Ամեն ինչ չպետք է կոտրենք վարչապետի գլխին: Այո, վարչապետը վատ է աշխատել, ոտքերն էին կապված, թե ձեռքերը, եթե չէր կարող աշխատել, թող հրաժարական տար:
Ասուլիսի մյուս բանախոս, Երևանի գրողների միության ղեկավար Աբգար Ափինյանից armlur.am լրատվականը հետաքրքրվեց` եթե վարչապետ նշանակվի Հովիկ Աբրահամյանը, ինչ սպասելիքներ կարելի է ունենալ նրանից:
«Կարծում եմ` լավ փոփոխություններ կլինեն: Եթե Հովիկ Աբրահամյանին համեմատենք նախորդ վարչապետի հետ, ես դրական տեղաշարժ տեսնում եմ»,- ասաց գրականագետը:
–Ինչո՞վ է առավել Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանից:
-Հովիկ Աբրահամյանն ավելի ժողովրդի մարդ է, մի ականջով լսում է ժողովրդի, գյուղացու, մտավորականի ձայնը: Մեր նախկին վարչապետը մեզ համար ո՛չ ականջ ուներ, ո՛չ բերան ուներ: Դավիթ Գասպարյանն էլ ասաց` միգուցե Տիգրան Սարգսյանի բերանն ու ականջներն էլ փակ եղել:
Սոնա Դավթյան