
Կառավարությունը հերթական անգամ առհամարհեց և չլսեց շենքի դիմաց ակցիա անող քաղաքացիներին։ Բանն այն է,որ երեկ ՀՀ կառավարության շենքի դիմաց մեծ բողոքի ակցիա տեղի ունեցավ․ քաղաքացիները բողոքի ակցիան էին անում ընդդեմ իրենց անունով կեղծ վարկեր վերցնելու գործընթացին։ Խնդիրն այն էր, որ անձանց անունով վարկեր էին վերցվել, իսկ նրանք տեղեկացել էին միայն այն ժամանակ, երբ բանկից ստացել էին ծանուցում հերթական վճարման մասին։ Նրանցից շատերի անունով վերցվել էին 1-2 մլն դրամ և ավելի վարկ։
ArmLur.am-ը զրուցել է տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ՝ պարզելու, թե արդյոք կդադարեն կիբերհանցագործությունները, թե՝ կշարունակվեն քաղաքացիների անունով վարկեր վերցվելու գործընթացները։
«Հանցագործությունները չեն դադարեցվի, դրանք միայն շատանալու են: Հարցը նրանում է, որ առաջինը քաղաքացիները կրթվեն ու այս դեպքում պետության դերը, իհարկե մեծ է։ Երկրորդը, որպեսզի ինստիտուտները, օրինակ մեր բանկային համակարգը նույնպես փորձի հնարավորինս ներդնի մեթոդներ, որոնք թույլ կտան նվազեցնել հանցագործների արդյունավետ աշխատանքը»:
Փորձեցինք պարզել, արդյոք հանցագործությունը կարող է կապված լինել քաղաքացիների համացանցի սխալ օգտագործման հետ.
«Սովորաբար դեպքերի մեծ մասը մենք չենք էլ իմանում, այսինքն մարդիկ ոչ մի տեղ չեն դիմում, չեն խոսում դրա մասին, դա է պատճառը, որ դեպքերի շատ փոքր հատվածը մենք կարող ենք վերլուծել»,- ասում է Մարտիրոսյանը։
Ըստ նրա՝ եղած դեպքերի 90%-ի պատճառն այն է, որ մարդիկ ինչ-որ գործողություններ են իրականացնում, որի հետևանքով տուժում են: Բայց դեպքերի մի հատվածը կապված են այն բանի հետ, որ «կայծակնային» վարկ վերցնելու համակարգեր են ձևավորում բանկերը, էլեկտրոնային դրամապանակները ու մաքսիմսալ հեշտացնում են վարկ ստանալը, ինչից էլ օգտվում են հանցագործները ու փաստացի շատ մարդիկ հայտվում են իրավիճակում, երբ տեսնում են վարկ են ստացել:
«Օրինակ Ռուսաստանի Դաշնությունում պետությունը ստեղծել է համակարգ ըստ որի՝ կամայական մարդ կարող է արգելել տրամադրել վարկ, այսինքն դա հանդիսանում է կանխարգելիչ միջոց: Կան ձևեր, որ պետությունը կարող է համագործակցել և մեխանիզմներ ստեղծել: Ցավոք սրտի մեզ մոտ այդպիսի բաններ չկան «ամեն մեկը իրա գլխի ճարն է տեսնում»: Շատ դեպքերում խնդիրը մարդկանց մեջ է, այսինքն մարդիկ համացանցից օգտվում են չխորանալով և այդպես շատ հեշտ է խաբնվելը, երբ գլուխ չես հանում: Սա միայն համակարգչային կրթության հարց չէ, ֆինանսական կրթության հարցի պակաս կա: Մեր երկրում մարդիկ չեն պատկերացնում, թե ոնց է աշխատում ներդրումը, կրիպտոարժույթը, շատ հեշտ ինչ-որ անհետետ ծրագրերի հետ են կապվում, որտեղ էլ խաբություններն են»,-եզրափակեց Մարտիրոսյանը:
Կառավարության բակում հավաքված քաղաքացների հետ այդպես էլ որևէ ներկայացուցիչ չհանդիպեց և չհետաքրքրվեց, թե ակցիայի մասնակիցներն ինչ են պահանջում։ Փաստն այն է, որ այս խնդրի դեպքում ամեն մեկն ունի մեղավորության իր բաժինը․ բանկերում հակերային հարձակումները կամ խարդախության դեմ պայքարը ճնշող գործողություններ չեն ձեռնարկվում, քաղաքացիներն անտեղյակ են համացանցի հետ աշխատելու տարրական կանոններից, իսկ պետությունը պարզապես լռում և քայլեր չի ձեռնարկում։
Շուշաննա Ղազարյան