Երևանը ՄԱԿ-ում ՀՀ ներկայացուցչությանը կից պաշտպանության հարցերով կցորդ կունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանը Միավորված ազգերի կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությանը կից Հայաստանի Հանրապետության պաշտպանության հարցերով կցորդ կունենա։ Որոշման նախագիծը ՀՀ կառավարությանը ներկայացրել է Պաշտպանության նախարարությունը։

Նախագծում նշված է, որ ՄԱԿ-ը կոչված է նպաստելու միջազգային խաղաղության և անվտանգության ամրապնդմանը, հետևաբար՝ Հայաստանը հետևողականորեն սատարում է սովորական սպառազինությունների վերահսկման, գլոբալ զինաթափման և չտարածման,  վստահության և անվտանգության ամրապնդման միջոցառումների ոլորտներին վերաբերող պայմանագրերի և ռեժիմների լիարժեք ու համապարփակ իրականացմանը:

«Մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին կարևոր ներդրում է միջազգային խաղաղության և անվտանգության պահպանությանը, որի համատեքստում հայ խաղաղապահները տարբեր ժամանակներում տեղակայված են եղել Լիբանանում ՄԱԿ ժամանակավոր ուժերի և Մալիում Բազմազգ միացյալ կայունացման առաքելության կազմերում:

Տարբեր տարիների Հայաստանի մասնակցությունը ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին դրական ազդեցություն է ունեցել երկրի վարկանիշի աճին և բարձր է գնահատվել միջազգային գործընկերների կողմից: ՄԱԿ-ու ՀՀ պաշտպանության հարցերով կցորդը կոչված է իրականացնել ՄԱԿ Քարտուղարության խաղաղության գործողությունների վարչության (DPO) հետ համագործակցության խորացումը, որը կարող է նպաստել ՀՀ խաղաղապահ զինված ուժերի կարողությունների բարձրացմանը և ՄԱԿ խաղաղապահ առաքելություններին ՀՀ մասնակցության խորացմանը:

ԱԳ նախարարությունը ևս կարևորում է ՄԱԿ Քարտուղարության բոլոր համապատասխան ստորաբաժանումներում ակտիվ ներգրավվածությունը՝ ապահովելով պատշաճ մակարդակի մասնակցություն և շոշափելի արդյունքներ:

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությանը կից գործելը և կազմակերպության բազմաթիվ կառույցների և օղակների հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաև բաց քննարկումներին մասնակցության միջոցով պաշտպանության հարցերով կցորդը հնարավորություն է ունենում ներկայացնել Հայաստանի ռազմական, ռազմաքաղաքական առաջնահերթությունները և միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համատեքստում մոտեցումները»,- նշվում է նախագծում։

Ըստ ՊՆ-ի՝ Հայաստանի և ՄԱԿ-ի միջև փոխգործակցությանը և շարունակական համագործակցությանը շրջանակներում մեծ կարևորություն է տրվում միջազգային լավագույն փորձի, ռեսուսների օգտագործմանը և տեղայնացմանը այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքների պաշտպանությունը, կառավարման և օրենքի գերակայության, ինչպես նաև խաղաղապահության, կին զինծառայողների իրավունքների պաշտպանության, զինված ուժերում քաղացիական վերահսկողության ոլորտները:

«ՀՀ պաշտպանության նախարարությունն իր լիազորությունների սահմաններում կազմակերպում է Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների միջև համագործակցությունը ռազմական և  ռազմաքաղաքական բնագավառներում: Միջազգային կազմակերպություններում պաշտպանության հարցերով կցորդը, գործելով  օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում, համակարգում է միջազգային կազմակերպությունների հետ ռազմական և պաշտպանական ոլորտի համագործակցությունը, ներկայացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերը, ինչպես նաև իրականացնում է ներկայացուցչական աշխատանք, որը ներառում է ՄԱԿ-ի տարբեր գերատեսչությունների և կառույցների հետ պաշտոնական կապերի հաստատում և խորացում, ռազմական ոլորտում հարաբերությունների զարգացում, համագործակցության ծրագրերի իրականացման մշտադիտարկում, օժանդակության ցուցաբերում  նախարարության և զինված ուժերի պատվիրակությունների այցերի կազմակերպման ժամանակ: ՀՀ պաշտպանության նախարարության հանձնարարությամբ և արտաքին գործերի նախարարության ղեկավարության միջնորդությամբ՝ ռազմական կցորդը միջազգային իրավունքի նորմերով սահմանված կարգի համաձայն  կարող է իրականացնել դիտորդական գործառույթներ:

Սույն նախագծի ընդունումը հնարավորություն կստեղծի ՀՀ պաշտպանության նախարարության համար  ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդի միջոցով արդյունավետ աշխատանքի համար, կնպաստի ինստիտուցիոնալ կապերի հետագա ամրապնդմանը և զարգացմանը, ինչպես նաև ռազմական և ռազմաքաղաքական փոխգործակցության հնարավորությունների ընդլայնմանը»,- ասվում է նախագծում։

ՄԱԿ-ում պաշտպանության հարցերով կցորդը կիրականացնի միջազգային կազմակերպության հետ ռազմական և ռազմաքաղաքական համագործակցության համադրման և կորդինացման աշխատանքները, կամրապնդի երկկողմ փոխգործակցության մակարդակը, ինչպես նաև կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:




Լրահոս