
Եզրափակելով Բրազիլի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հետ քննարկումները՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է.
«Հայաստանը վարում է հավասարակշռված և ապագային միտված արտաքին քաղաքականություն, որը նպատակ ունի պահպանել կայունությունը, ընդլայնել տնտեսական հնարավորությունները և ամրապնդել մեր հանձնառությունը ժողովրդավարական արժեքներին։ Բրազիլի հետ մեր գործընկերությունը ցույց է տալիս միջազգային համագործակցության ներուժը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և ընդհանուր շահերի վրա:
Մեր ճանապարհին մենք հավատարիմ ենք մնում Բրազիլի և այլ գլոբալ գործընկերների հետ մեր երկկողմ կապերի խորացմանը, մեր տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը և ավելի արդար և անկողմանակալ միջազգային կարգի հաստատմանը:
Ես ևս մեկ անգամ իմ անկեղծ շնորհակալությունն եմ հայտնում նախարար Վիեյրային և Բրազիլի կառավարությանն աջակցության և ներգրավվածության համար։ Մենք անհամբեր սպասում ենք բեղմնավոր համագործակցության և բարեկամության բազմաթիվ տարիների»։