
Մարտի 19-ին վաղ առավոտյան Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետ, գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) անդամ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալումից հետո Ստամբուլում սկսվել են բողոքի ցույցեր։ Այս մասին հայտնում է Էրմենիհաբերը:
ԺՀԿ-ի կոչից հետո հազարավոր մարդիկ հավաքվել են Ստամբուլի քաղաքապետարանի շենքի մոտ։ Ցույցն ընթացել է պաստառներով և վանկարկել են «Միայնակ փրկություն չկա՝ կա՛մ բոլորս միասին, կա՛մ մեզանից ոչ մեկը»։ Ցույցերին մասնակցել է կուսակցության նախագահ Օզգյուր Օզելը և Իմամօղլուի կինը՝ Դիլեք Իմամօղլուն։
Օզելը հայտարարել է, որ դատական հեղաշրջմամբ փորձ է արվում խլել ազգի կամքը։
Ստամբուլի համալսարանի ուսանողները ևս հավաքվել են համալսարանի դիմաց, երթ կազմակերպել և իրենց բողոքը հայտնել Էքրեմ Իմամօղլուի դիպլոմի չեղարկման և կալանավորման դեմ։ Երթից հետո ուսանողների և ոստիկանական ուժերի միջև բախումներ և ծեծկռտուք է տեղի ունեցել։ Լուսանկարներից երևում է, որ ոստիկաները կիրառել են արցունքաբեր գազ։
Անկարայում ևս անցկացվել են բողոքի ցույցեր, ժողովուրդը հավաքվել է «CHP» կուսակցության շտաբի դիմաց և շարժվել դեպի Արդարադատության նախարարության շենքի ուղղությամբ։ Բացի Ստամբուլից և Անկարայից բողոքի ցույցեր են անցկացվում նաև Իզմիրում, Ադանայում, Մուղլայում, Էսքիշեհիրում, Ռիզեում, Թունջելիում։