ՖՈՏՈ․ Չներկայացնելով հիմնավորումներ՝ Կենտրոնի ծառերը համատարած հատվում են. ահազանգ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գարնան գալուն պես սկսել է Երևանի կենտրոնի ծառահատումը: Իհարկե, քաղաքապետարանը պնդում է, որ ծառահատում չէ, այլ ծառերի փոխարինում, սակայն օրենսդրությամբ և իրավական նորմերով ծառերի փոխարինում եզրույթ չկա՝ առանց անհատական մոտեցման:

ArmLur.am-ը ուսումնասիրեց օրենսդրությունը, որ կարգավորում է այս ոլորտը և արձանագրում է, որ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ քաղաքապետարանը կազմակերպում է ոչ քաղաքային նշանակության փողոցների, հրապարակների, բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը: Իսկ ցանկացած ծառահատման իրականացման թույլտվությունները հիմնված են օրենսդրությամբ սահմանված պահանջների վրա: Ըստ այդմ, «Երևան քաղաքի ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում ծառահատումներն իրականացվում են լիազոր պաշտոնատար անձի թույլտվության հիման վրա:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կողմից իրականացված հատման (հեռացման) ենթակա ծառերի գույքագրման արդյունքներով կազմվում է ծառերի հատման (հեռացման) աշխատանքների իրականացման ծրագիր: Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հատման ենթակա ծառի համար լրացվում է ծառահատման տոմս (Ծառահատման տոմսում պարտադիր կցվում են լուսանկարներ, որոնցում պետք է արտացոլվեն այն հատվածները, որոնք ցույց են տալիս ծառի հատման կամ հեռացման ենթակա լինելը)»:

ArmLur.am-ը հատուկ ընդգծում է, որ ծառահատման տոմսում պարտադիր կցվում են լուսանկարներ, որոնցում պետք է արտացոլվեն փաստեր, որ ծառը հիվանդ է: Բացի այդ, Հանրային իրազեկումն իրականացվում է հատման (հեռացման) ենթակա ծառի վրա հավելված 3-ով սահմանված ձևաչափով` ծանուցման թերթիկի առնվազն տասնհինգ օր առաջ փակցման միջոցով:
Սակայն մենք տեղւմ պարզեցինք, որ որեւէ ծառի վրա որեւէ թերթիկ չի փակցվել ոչ այսօր, ոչ երեկ ոչ՝ երբեք:

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի կողմից պարբերաբար իրականացվում է հատման (հեռացման) ենթակա ծառերի գույքագրում, որի հիման վրա կազմվում է ծառերի հատման (հեռացման) աշխատանքների իրականացման ծրագիր: Սակայ որեւէիրազեկում չի արվել: Միայն այսօր առավոտյան տեղեկացրեց քաղաքապետարանը, որ ծառերի փոխարինման աշխատանքներով պայմանավորված 10:00-ից մինչև 13:00-ն փակ կլինի Թումանյանից Աբովյան և Թումանյանից Նալբանդյան ճանապարհահատվածը:

Բացի այդ, Ծրագրում ընդգրկված յուրաքանչյուր հատման ենթակա ծառի համար պետք է լրացվի ծառահատման տոմս, որին պարտադիր կցվում են լուսանկարներ, որոնցում պետք է արտացոլվեն այն հատվածները, որոնք ցույց են տալիս ծառի հատման կամ հեռացման ենթակա լինելը։ Սակայն դրանք որեւէ մեկը տեղում չուներ:

Երևան քաղաքում ծառերի հատման կարգը և ծառահատման տոմսի ձևը սահմանվել է Երևանի քաղաքապետի 26.04.2021 թվականի թիվ 1236-Ա որոշմամբ, որից ուղղակիորեն բխում է ծառահատման թույլատրելիությունը՝ բացառապես ծառի հատման կամ հեռացման ենթակա լինելու դեպքում։ Այսինքն, որևէ այլ պատճառաբանությամբ ծառահատման թույլտվություն տալու իրավական հնարավորություն նախատեսված չէ օրենսդրությամբ։

Նկատենք նաև, որ ծրագրի հաստատման և դրա հիման վրա ծառահատման թույլտվությունների տրամադրման իրավասություն Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությանը վերապահված չէ՝ հաշվի առնելով նաև նման լայնամասշտաբ ծրագրի ազդեցության աստիճանը շրջակա միջավայրի վրա։

ArmLur.am-ը փորձեց տեղում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանից ստանալ ծառահատման հիմքերը, բայց նա չկար, հեռախոսազանգերին չէր պատասխանում: Ավելի ուշպարզեցինք, որ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկի սրճարանից է հետևում ծառահատման ընթացին:

Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը մեզ տրամադրեց կենսունակության ավարտին մոտ գտնվող ծառերի փոխարինման ծրագիր անունով փաստաթուղթը, որը, սակայն, բավարար չէ օրենքով սահմանված ծառահատում իրականացնելու համար:Մեզ այդպես էլ չտրամադրվեց հիմնավորում, թե ամեն ծառի համար ինչ ծառահատման տոմս է պատրաստվել, որն են հիմքերը, ինչ լուսանկարներ են կցվել ամեն ծառը էտելու տոմսի մեջ, և վերջապես երբ և որտեղ են իրականացվել իրազեկման աշխատանքներ:
Կարճ ասած, երևանի կենտրոնի ծառերը հատվում են ենթադրաբար ապօրինության շրջանակներում, կամայական որոշման արդյունքում, որի համար անխուսափելի կլինի պատասխանատվությունը:
Ապօրինի ծառահատումը քրեական հանցագործություն է:

Աննա Սրապիոնյան




Լրահոս