
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Թատերական շաբաթ» ծրագրի մեկնարկի մասին, որը կանցկացվի մարտի 22-30-ը:
Ծրագրին կմասնակցեն ԿԳՄՍ նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։
Թատրոնի միջազգային օրվան՝ մարտի 27-ին ընդառաջ և հետո թատրոններում դպրոցականների և ուսանողների համար կիրականացվեն տարաբնույթ կրթամշակութային ծրագրեր, ինտերակտիվ ներկայացումներ, խաղեր, հանդիպումներ, շրջայցեր թատրոններում:
Յուրաքանչյուր թատրոն առաջարկում է իր ծրագիրը, որին մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել։
«Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում դպրոցականներն ու ուսանողները վարպետության դասերի, թատրոնի տեխնիկական և ստեղծագործական կազմերի հետ հանդիպումների, զրույցների, շրջայցերի միջոցով կբացահայտեն թատրոնի չերևացող կողմերը՝ հետնաբեմը, դիմահարդարման սենյակները, լուսաձայնային տեխնիկայի սենյակները, արտադրամասերը, որոնցում պատրաստվում են դեկորացիաներ, կարվում են բեմական հագուստներ: Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան ներկա լինելու դերասանների փորձերին, մասնակցելու թատերական ընթերցումներին։ Նշված հանդիպումների ընթացքում այցելուները կզրուցեն դերասանների, ռեժիսորների հետ, կծանոթանան թատերական ներկայացման կազմակերպման գործընթացին:
«Թատերական շաբաթ» ծրագրի անցկացումը համընկնում է դպրոցականների գարնանային արձակուրդի հետ և միջոցառումներին երեխաները կարող են մասնակցել ինչպես դպրոցական խմբերով, այնպես էլ ընտանիքների հետ՝ նախապես պայմանավորվելով տվյալ թատրոնի հետ:
Տեղեկացնենք, որ «Թատերական շաբաթ» ծրագրի շրջանակում շրջայցերն ու հանդիպումները թատրոնների անձնակազմերի հետ անվճար է:
Նշենք, որ «Թատերական շաբաթ» ծրագիրն առաջին անգամ իրականացվել է 2024 թվականին: Անցյալ տարի նախարարության ենթակայությամբ թատրոններ է այցելել շուրջ 5000 մասնակից՝ աշակերտներ, ուսուցիչներ, ուսանողներ, ծնողներ: