Հմտություն ունեցող վարպետներին, որոնք չունեն որեւէ կոչում, պետք է ներգրավել քոլեջներում. Փաշինյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քոլեջներում դասավանդողների նկատմամբ մեր պահանջներում մենք պետք է շատ ճկուն լինենք. մարդիկ կան, որ իսկապես շատ լուրջ հմտություններ ունեն և հմտությունները փոխանցելու հմտություններ ունեն, բայց օրինակ չգիտեմ, կոչումներ չունեն: Այս մասին այսօր՝ մարտի 20-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք պետք է հնարավորություն տանք, որ նրանք որպես վարպետ ներգրավվեն, որովհետև նրանք մարդիկ են, որոնք գիտեն ամեն ինչ և կարող են փոխանցել: Եթե չեմ սխալվում, մենք որոշակի լուծումներ կամ տվել ենք, կամ պատրաստվում ենք տալ, որպես վարպետները հնարավորություն ունենան նաև քոլեջներում ներգրավվել և աշխատել»,-ասաց նա:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն արձագանքեց. «Այո, մենք այդ ճկունությունը տվել ենք, բացի դրանից մասնագիտական կրթության և ուսուցման օրենքում լրացուցիչ ճկունություն ենք տվել այն մարդկանց ուսուցման գործընթացում ներգրավելու համար, որոնք աշխատում են մասնավորի մոտ և նրանց գիտելիքն ու հմտությունը ուսանողներին փոխանցելը խիստ կարևոր է:

Մենք օրենքում առանձին կատեգորիա ենք սահմանել՝ հրահանգիչ, որը վերաբերում է հենց մասնավոր գործատուի մոտ աշխատող մարդուն, ով որ կներգրավի ուսումնական գործընթացում կոնկրետ գործնական հմտությունները փոխանցելու: Այսինքն լրացուցիչ ճկունություն ենք նաև տվել այն մարդկանց ներգրավելու, որոնք քոլեջի հիմնական աշխատակազմ չեն, բայց քոլեջ մասնավոր ոլորտ համագործակցության շրջանակներում այս գիտելիքն ու հմտությունը նույնպես ներգրավելու հնարավորություն են ստեղծում գործատուի մոտ աշխատող մարդկանց շրջանակում»,-ասաց նա:




Լրահոս