Կառավարության այսօրվա նիստի ժամանակ կառավարության շենքի մոտ էին հավաքվել դժգոհող քաղաքացիները, որոնց շարքում էր նաև ռեժիսոր Արշակ Զաքարյանը:
Armlur.am լրատվականի հետ զրույցում նա ասաց, որ որոշել էր այլևս քաղաքականությամբ չզբաղվել, սակայն տեսնելով ժողովրդի վիճակը, մեր երկրից արտագաղթողներին՝ հասկացավ, որ չպետք է թույլ տալ սպիտակ եղեռն:
Արշակ Զաքարյանը մասնակցում էր «Ներազգային ազատագրական շարժման» կազմակերպած բողոքի ակցիային: Ակցիայի մասնակիցները պահանջում են գազի գնի հարցը լուծել:
«Մեզնից գողացած փողերը պետք է մեզ վերադարձնել»,- ասաց ռեժիսորը:
-Այսօր պետք է նոր վարչապետ նշանակվի, ի՞նչ սպասելիքներ ունեք նոր վարչապետից:
-Շատ կփոխվի: Կսկսենք ֆեյսբուքում տեղադրել նորանշանակ վարչապետի ծաղրանկարները: Այս համակարգն է նշանակում նոր վարչապետին:
-Կուզենայի՞ք Հովիկ Աբրահամյանին տեսնել վարչապետի պաշտոնում:
-Ո՛չ:
-Ինչո՞ւ:
-Որովհետև Հովիկ Աբրահամյանին ես իր պաշտոնում չեմ ուզում տեսնել, էլ ուր մնաց վարչապետ: Ի՞նչ է արել Հովիկ Աբրահամյանը՝ որպես ԱԺ նախագահ, ժողովրդի համար:
-Այդ դեպքում ո՞ւմ եք ուզում տեսնել:
-Գեներով հայ եմ ուզում տեսնել:
-Եթե երկրում ստեղծված իրավիճակը չփոխվի անգամ նոր վարչապետի նշանակումից հետո, գուցե հաջորդը Սերժ Սարգսյա՞նը հրաժարական տա:
-Սերժ Սարգսյանը պետք է հրաժարական տար երեկ: Բայց հրաժարականներով արդեն հարց չի լուծվում: Սերժ կլինի, Կարապետ կլինի, թե ով կլինի, մեր քաղաքացիներին չի հետաքրքրում, քանի որ ոչինչ չի փոխվելու: Եթե Սերժ Սարգսյանը վաղը որ սկսի ազգանվեր գործ անել, ասենք գա ասի` դե հերիք է, ինչքան կերել, կերել եմ, ես էստեղի թագավորն եմ, և սկսի երկրի գործերով զբաղվել, էս բողոքող մարդիկ ձեռքերի վրա կպահեն, ոչ թե նզովյալի նման կապրի, ոնց որ հիմա ապրում է:
Սոնա Դավթյան