Այսօր պոեզիայի միջազգային օրն է․ տոնը նշվում է նաև Հայաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պոեզիան հոգու լեզուներից մեկն է, որը երբեմն արտահայտում է այն, ինչը բառերով դժվար է արտահայտել։

Ասում են, որ լավ բանաստեղծությունը կարող է կյանքում ինչ-որ բան փոխել։

Այսօր պոեզիայի համաշխարհային օրն է։ Տոնը ամենամյա է։ Այս տոնը հռչակվել Է 1999 թվականի նոյեմբերի 15-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Գլխավոր կոնֆերանսի 30-րդ նստաշրջանի բանաձևում։

Ինչպես նշվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշման մեջ, տոնի ստեղծման նպատակն է «նոր լիցք և ճանաչում հաղորդել ազգային, տարածաշրջանային և միջազգային բանաստեղծական շարժումներին»։

Պոեզիայի համաշխարհային օրը նպատակ ունի աջակցել բանավոր պոեզիայի ավանդույթի վերադարձին, պոեզիայի հանրայնացմանը, պոեզիայի և արվեստի այլ ճյուղերի՝ ինչպես, օրինակ, թատրոն, պար, երաժշտություն, նկարչություն, երկխոսության կայացմանը: Տոնը ձգտում է աջակցել փոքր հրատարակիչներին՝ ստեղծելով գրականության և պոեզիայի գրավիչ կերպար հանրային տեղեկատվական դաշտում, որպեսզի այն այլս չդիտարկվի որպես արվեստի հնացող ճյուղ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հայաստանում պոեզիայի համաշխարհային օրը սկսել է նշվել 2010 թվականից, որին տարեցտարի միանում են նոր մշակութային օջախներ՝ իրականացնելով տարաբնույթ միջացառումներ։ Դպրոցներում, թանգարաններում, գրադարաններում, մշակույթի կենտրոններում և այլուր կազմակերպվում են հանդիպումներ պոետների հետ, գրքերի շնորհանդեսներ, ընթերցումներ, հանրային քննարկումներ և այլ միջոցառումներ։

Տոնի առթիվ Գրողների միության հրատարակչության տնօրեն, բանաստեղծ Շանթ Մկրտչյանը ասել է․

«Ամեն անգամ այս դահլիճում մենք նորից բարձրացնում ենք պոեզիան ի տես բոլորին։ Պոեզիան, միևնույն է, հաղթանակելու է»։

Հետաքրքիրն այն է, որ տոնն առաջին անգամ նշվել է Փարիզում, որտեղ գտնվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր գրասենյակը, ապա այն տարածվել է ողջ աշխարհում:

Լավ բանաստեղծությունը ստիպում է կանգ առնել, զգալ, խորհել և/կամ նույնիսկ վերապրել ինչ-որ բան նոր ձևով։

Պոեզիան տալիս է այն ազատությունը, որը հնարավոր է, որ մարդ չունենա կյանքում։ Պոեզիան չի ենթարկվում խիստ կանոնների․ անգամ, եթե չկան չափ ու ռիթմ, բանաստեղծն ազատ է իր երրակայությամբ։

Երբեմն մի քանի բառ ավելի ուժեղ կարող են հարվածել, քան երկար ու բարակ նախադասությունները։

Պոեզիան ժամանակ չի ճանաչում։ Դեռ դարեր առաջ գրված տողերը մեզ կարող են հուզել այնքան, ինչքան ժամանակակից գրերը։ Շեքսպիրի սոնետները, Սայաթ-Նովայի քնարերգությունը կամ Չարլզ Բոդլերի ստեղծագործությունները դրա վառ օրինակն են։

Աննա Սրապիոնյան




Լրահոս