Կոտայքի մարզի Արամուս գյուղի «Վլադիկ Առաքելյանի» անվան միջնակարգ դպրոցի ֆիզիկական կուլտուրայի ուսուցիչ Նորայր Ստեփանյանի քայլերը հանդիսացել են աշակերտուհիներից մեկի մահվան պատճառը:
Armlur.am-ին հայտնի տեղեկությունների համաձայն` Ստեփանյանը 30.000 դրամ կաշառք է վերցրել 12 Բ դասարանի աշակերտուհի Մարիամ Արշակյանից՝ վերջինիս ֆիզիկական կուլտուրայի դասընթացներից ազատելու համար: Այս հանգամանքը հետագայում հանգեցրել է նրան, որ վազք 30 մետր բարձր մեկնարկից վարժությունն ավարտելիս օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների կտրուկ անկման պատճառով առաջացած հավասարակշռության կորստի հետևանքով Մարիամ Արշակյանը վայր է ընկել, և վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:
Ստեփանյանի մասով դատական գործն այս պահին գտնվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում` դատավոր Յուրի Բաղդասարյանի վարույթում:
Գործի մեղադրական եզրակացությունում, մասնավորապես, ասվում է, որ Նորայր Ստեփանյանն, աշխատելով Կոտայքի մարզի Արամուս գյուղի Վլադիկ Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց ՊՈԱ կազմակերպությունում` որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ, նույն դպրոցի տնօրենի 2012 թվականի մայիսի 14-ի թիվ 100 հրամանով 2012 թվականին ևս ի պաշտոնե ընգրկվելով «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ընդունման հանձնաժողովի կազմում, 2011-2012 թ. ուսումնական տարվա ընթացքում դպրոցի 12 Բ դասարանի աշակերտուհի Մարիամ Մելիքի Արշակյանին «ֆիզկուլտուրա» առարկայի դասաժամերից ազատելու և նույն առարկայի ավարտական և պետական ավարտական քննության ժամանակ վերջինիս դրական գնահատական արձանագրելուն նպաստելու համար Մարիամ Արշակյանի հայր Մելիք Շուրայի Արշակյանից 2011 թվականի հոկտեմբեր ամսին, Արամուսի գյուղապետարանի վարչական շենքի դիմաց որպես կաշառք առձեռն ստացել է զգալի չափի` 30.000 ՀՀ դրամ գումար:
Այս գումարի դիմաց Մարիամ Արշակյանի բացակայության պայմաններում, կեղծելով իրավունք վերապահող, «Վլադիկ Առաքելյանի անվան» միջնակարգ դպրոցի 12 Բ դասարանի դասամատյանը, դրանում չի հաշվառել վերջինիս բացակայությունների մեծ մասը, ավելին` նշանակել է բարձր գնահատականներ, իսկ «ֆիզկուլտուրա» առարկայի ավարտական և պետական ավարտական քննությունների ժամանակ նպաստել է վերջինիս դրական գնահատական ստանալուն:
Այսինքն՝ Նորայր Ստեփանյանը կատարել է հանցավոր արարքներ՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով:
Այս ամենից բացի՝ մինչև ավարտական քննությունը հանձնելը չի հրահանգել աշակերտների մոտ ֆիզիկական գերբեռնվածություն չառաջացնելու համար նախատեսված նախավարժանքը կատարել, ինչի հետևանքով վազք 30 մետր բարձր մեկնարկից վարժությունն ավարտելիս օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակների կտրուկ անկման պատճառով առաջացած հավասարակշռության կորստի հետևանքով Մարիամ Արշակյանը վայր է ընկել և վերջինիս առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր վնաս:
Այսինքն՝ Նորայր Մտեփանյանը կատարել է հանցավոր արարք՝ նախատեսված ՀՀ քրեական օրենսգրքի 120-րդ հոդվածի 1-ին մասով:
Այնուհետև 2012 թվականի մայիսի 21-ին՝ Մարիամ Արշակյանի հոգեհանգստի օրը, տեղեկանալով, որ վերջինիս համադասարանցիները հրավիրվել են որպես վկա հարցաքննության, դպրոցի տնօրենի աշխատասենյակում, տնօրեն Սամվել Զոհրաբյանի, դասղեկ Լաուրա Պետրոսյանի ներկայությամբ, օգտվելով այն հանգամանքից, որ 12 Բ դասարանի աշակերտները դեռևս հանդիսանում են իրենց դպրոցի սաները, գտնվում են ավարտական պետական քննությունների հանձնման փուլում, համոզելու եղանակով Մարիամ Արշակյանի դասընկերներ Քնարիկ Թադևոսյանին, Նունուֆար Պողոսյանին, Շողինե Նիկողոսյանին, Արմինե Նիկողոսյանին, Շուշանիկ Վարդանյանին և Բելլա Խաչատրյանին դրդել է տալ սուտ ցուցմունք, իբրև Մարիամ Արշակյանի կողմից ֆիզկուլտուրա առարկայի ավարտական քննության «վազք 30 մետր բարձր մեկնարկից» վարժությունը կատարելիս վայր ընկնելուց հետո քննությունը դադարեցվել է, չեն թույլատրել նրան մինչև շտապ օգնության գալը տեղաշարժել, տնօրենը զանգահարել է շտապ օգնություն, հետաքրքրվել է Մարիամ Արշակյանի որպիսությամբ:
Այդ ամենը լսելուց հետո Շողինե Նիկողոսյանը, Արմինե Նիկողոսյանը, Շուշանիկ Վարդանյանը և Բելլա Խաչատրյանը վրդովվելով Նորայր Ստեփանյանի վարքագծից և չենթարկվելով վերջինիս դրդչությանը, դուրս են եկել տնօրենի աշխատասենյակից, իսկ Քնարիկ Թադևոսյանը և Նունուֆար Պողոսյանը նույն օրը, ոստիկանության Կոտայքի մարզի քննչական բաժնի Կոտայքի քննչական բաժանմունքում որպես վկա հարցաքննության ընթացքում, ենթարկվելով Նորայր Ստեփանյանի դրդչությանը, թաքցնելով իրականությունը, տվել են սուտ ցուցմունքներ:
Նշենք նաև, որ գործով պաշտպանը Հովիկ Արսենյանն է, իսկ տուժողի իրավահաջորդը` Մելիք Արշակյանն է: