ԿԱՐՄԻՐ ԺԱՊԱՎԵՆ ԿՏՐԵՑ ԽԱՐԴԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾԻ ՀԵՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը Արարատի մարզում մասնակցեց մետաղաձուլարանի բացման արարողությանը, որը Իլհամ Ալիեւի պահանջով Երասխից տեղափոխվեց Արարատ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ գործարանի տնօրենը, որը Փաշինյանին դիմավորեց արարողակարգի խախտումով, նախկինում դատապարտված է եղել:

Խոսքը Գրիգոր Տեր-Ղազարյանի մասին է, որը կոստյում հագնելու, փողկապ կրելու փոխարեն ներկայացել էր ջինսե տաբատով: Նա «Ջի Թի Բի» ընկերության սեփականատերն է, որն այդ անվան տարբեր վերջավորություններով զանազան ընկերություններ է հիմնել վերջին տարիներին: 2022-ի հուլիսին հիմնադրվել է «Ջի Թի Բի Սթիլ» ՍՊԸ-ն, որի միակ մասնակիցը՝ համաձայն ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների, «Ջի Թի Բի Հոլդինգս» ՍՊԸ-ն է։ Սա էլ առաջինից մի քանի ամիս ավելի վաղ է ստեղծվել՝ 2022 թ. մարտին։ Այստեղ 50 տոկոս մասնակցություն ունի Նոնո Արմենի Սարգսյանը՝ Գրիգոր Տեր-Ղազարյանի կինը, նույնքան էլ՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։ 2024 թ. հոկտեմբերի 24-ին հիմնադրվել է «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ն, որի իրական շահառուն նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է՝ 97.5 % բաժնեմասով, 1 % մասնակցություն ունի Հնդկաստանի քաղաքացի Սուլախան Սինղը, 1,5 %՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգը։

Հավելենք, որ նա «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է, որը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, նախկինում՝ 2009 թվականին, դատապարտվել է ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով խարդախություն):

Դատավոր Ժորա Վարդանյանը նրան մեղավոր է ճանաչել այն բանի համար, որ նա 05.02.2009 թ. ՀՀ քաղաքացի Գրիգոր Իգիթյանի եւ ԱՄՆ քաղաքացի Ջորջ Նաջարյանի միջեւ գույքային վեճերի մասին իմանալով, Արսեն Բալասանյանի հետ հանդիպելով Գրիգոր Իգիթյանին, ներկայացել է՝ իբրեւ  իրենք Ջ. Նաջարյանի վստահված անձինք են, Գ. Իգիթյանի պարտավորությունների կատարման ապահովության համար նրանից ստացել են 30.000 ԱՄՆ դոլար: Գրիգոր Տեր-Ղազարյանի եւ Արսեն Բալասանյանի՝ խարդախության հիմքով հարուցված գործը քննվել է արագացված դատաքննության կարգով: Ամբաստանյալներն իրենց լիովին մեղավոր են ճանաչել, զղջացել են, նրանց հարազատները ամբողջությամբ վերականգնել են տուժող Իգիթյանին պատճառված նյութական վնասը: Արդյունքում, Գրիգոր Տեր-Ղազարյանը դատապարտվել է ազատազրկման 3 տարի 10 ամիս ժամկետվ պայմանական պատժի: 3 տարվա պայմանական պատժի է արժանացել նաեւ Արսեն Բալասանյանը:

 

 

 

 

Փաստաբան Հարություն Հարությունյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտարարեց, որ ամեն անգամ, երբ Նիկոլ Փաշինյանն իր սոցէջում գրում է «հատիկ-հատիկ թալանի վերադարձ»-ի մասին, դատարաններում սկսում են արագացված կարգով գործերը քննել: «Կարծում եմ, որ հայտարարությունը, ուղերձը կաշկանդող են», – փոխանցեց փաստաբանը՝ նշելով, որ թալանի վերադարձի գործընթացը ուղեկցված է իրավական անորոշությամբ, եւ վերաքննիչ վարչական դատարանը արդեն կայացրել է բեկանման ակտ: Հիշեցնենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 486 հոդվածը նախատեսում է պատիժ Նիկոլ Փաշինյանի այդ արարքի համար. արդարադատության իրականացմանը կամ գործի քննությանը միջամտելը, որը Փաշինյանի դեպքում ակնհայտորեն 2-րդ մասով է համընկնում` «իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով»: Հավելենք, որ քրեական օրենսգրքի այս հոդվածը նախատեսում է պատիժ՝ տուգանք տասնապատիկից երեսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ` հարյուրից երկու հարյուր ժամ տեւողությամբ, կամ ազատության սահմանափակում` մեկից երեք տարի ժամկետով, ինչպես նաեւ կարճաժամկետ ազատազրկում` 1-2 ամիս ժամկետով, կամ ազատազրկում` 1-3 տարի ժամկետով: Այսինքն, Նիկոլ Փաշինյանի խոսույթին ու վարքագծին եթե մի օր իրավական գնահատական տրվի, Փաշինյանը անխուսափելիորեն կպարտվի:

 

 

 

 

 

Պաշտոնական աղբյուրներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Երեւանի քաղաքապետարանի որոշմամբ ՀՀ Կադաստրի կոմիտեի կողմից 06.05.2021 թվականին պետական գրանցում է ստացել «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի՝ «Սիզնս» այգու նկատմամբ օգտագործման իրավունքը։

Այսպիսով, Երեւանի քաղաքապետարանը կապերն ամրացրել է «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ: Համաձայն տրված իրավունքի՝ «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊ ընկերությունը ստանձնել է այգու պահպանման եւ անվտանգության ապահովման պարտականությունը։ Ավելին՝ նաեւ հենց այգում են ցուցանակ փակցրել, համաձայն որի՝ «Ելնելով ընկերության նկատմամբ սահմանված պարտավորություններից, ինչպես նաեւ այգու այցելուների անվտանգության պահպանման նկատառումներից՝ այգում արգելվում է այգու եւ դրա հարակից տարածքում վարել էլեկտրոնային ինքնագլոր կամ ցանկացած այլ անվային շարժական միջոց»: Սակայն «Երեմյաններ» ընկերությունը այգու նկատմամբ վերահսկողություն պարզապես չի իրականացնում,  ողջ տարածքում անվավոր շարժական միջոցներ են վարում քաղաքացիները, նաեւ երեխաները, եւ որեւէ արգելք չկա: Այսինքն` անվտանգության սահմանված նորմերը չեն պահպանվում «Երեմյանների» կողմից:  Փոխարենը «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ սեփականատերն օգտագործում է ընկերոջ կողմից իրեն տրված այգու օգտագործման իրավունքը` սեփական գովազդի, բիզնեսը զարգացնելու համար. պաղպաղակ են վաճառում, պոպկորն, տարբեր  «բուտիկներ» են հայտնվել այգում, իսկ ողջ տարածքում «Երեմյանների» գովազդն է:

Հիշեցնենք, որ այս այգին նորոգվել է «Տաշիր» ընկերության կողմից, սակայն «Տաշիրի» որեւէ գովազդ չկա այգու որեւէ հատվածում:

Տեղեկացնենք, որ Դավիթ Երեմյանը Տիգրան Ավինյանի մտերիմ ընկերն է, նրա հրավերով մշտապես մասնակցում է ՔՊ դրամահավաքներին, մեծ նվիրատվություններ անում իշխող կուսակցությանը: Ինչպես նաեւ հենց դրամահավաքները կամ Փաշինյանի համար կարեւոր միջոցառումները անցկացվում են Երեմյանի հիմնած գերթանկարժեք «Լիվինգսթոն» ռեստորանում, որը, ի դեպ, կառուցվեց աղմուկով, պատմամշակութային մարզահամերգային համալիրի տարածքից կտրելով:

Այսպիսով՝ իշխանության «սրտի» գործարար Դավիթ Երեմյանը ծառայություն է մատուցում ՔՊ-ին եւ ստանում արտոնություններ տարբեր ձեւաչափերով:

Հիմա էլ, փաստորեն, Երեւանի սրտում գտնվող հանրային զբոսայգին են տվել գործարարին` անձնական, բիզնես նկրտումներին հագուրդ տալու համար: Ոչինչ, որ այն, ինչ գրված է թղթի վրա, Երեմյանը չի կատարում, անվտանգության իր իսկ սահմանած նորմերը չի պահպանում:

Ինչ է սա, եթե ոչ կոռուպցիոն սխեմա. Տիգրան Ավինյանի ընկերը ՔՊ-ին է ֆինանսավորում, ՔՊ-ն նրա համար բիզնես նոր հնարավորություններ է բացում:

 

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը երեկ մասնակցել են Փաշինյանի հոր անունը կրող ֆուտբոլային մրցաշարին, որը նվիրված էր Վովա Փաշինյանի 85 ամյակին։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մրցաշարի հեղինակը Տավուշի «ՆԻԿԱՐՄ» Ֆուտբոլային ակումբի տնօրեն Արմեն Խաչատրյանն է։ Հիշեցնենք, որ ե՛ւ «ՆԻԿԱՐՄ»-ի տնօրեն, Իջեւանի մարզադաշտի նախկին ղեկավար Արմեն Խաչատրյանը, ե՛ւ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը իջեւանցիներ են եւ Փաշինյանի հետ սերտ հարաբերությունների մեջ են։ Նրանք, թերեւս, Փաշինյանին հաճոյանալու համար են կազմակերպել ֆուտբոլային մրցաշար՝ վարչապետի հոր 85 ամյակին նվիրված։ Եվ Փաշինյանն էլ ընդունել է առաջարկը: Մինչդեռ Փաշինյանի երջանկահիշատակ հայրը երբեւէ կապ չի ունեցել ֆուտբոլի հետ։ «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ (1998-2002) Սուրեն Աբրահամյանի հետ հասկանալու համար՝ եղել է նախկինում այսպիսի բան, որ երկրի ղեկավարի ծնողի անունով մրցաշար կազմակերպվի Հայաստանում։ «Ես Նիկոլ Փաշինյանի հորը ճանաչում եմ, մի քանի անգամ հանդիպել եմ իր հետ, այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը պաշտոն չուներ, պարկեշտ, համեստ մարդ էր: Ինձ թվում է՝ այս ամենը իր սրտով չէր լինի, դրանից ինքը չէր ուրախանա: Դժվար թե նա դրվատանքի խոսք ասեր այդ միջոցառմանը»,- ասաց Սուրեն Աբրահամյանը։

Հիշենք Նիկոլ Փաշինյանի հոր խոսքերը հեղափոխության օրերին՝ 2018 թվականին. «Հայաստանում շատ կան խելոք մարդիկ, հիմա ժողովուրդն ում կընտրի, թող նա էլ լինի, ինչո՞ւ միայն Նիկոլը, Հայաստանում մի Նիկո՞լ է ընդամենը, շատ նիկոլներ կան, հիմա ում ցանկանա, թող նրա թեկնածությունն էլ առաջադրի»: Մեկ այլ հարցազրույցում Վովա Փաշինյանն ասել էր. «Հնարավոր է ավելի խելացի եւ իմաստուն թեկնածուներ կան, թող նրանք առաջադրվեն»:

Այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հայրը բացահայտ անվստահություն էր հայտնել որդու ապագա ղեկավարման մասով` հավանաբար կանխատեսելով որդու ձախողումները։




Լրահոս